Կարծիք

19.10.2019 08:10


Համեմատական էլեկտրաէներգիա

Համեմատական էլեկտրաէներգիա

Մեր տարածաշրջանի ուշադրության ամենաշատ արժանի լուրն այս շաբաթ սա էր. «2019թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանը 39.6 տոկոսով ավելացրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Վրաստան»:

Վրաստանի էներգետիկ համակարգը բավական բազմազան է: Այս երկիրը էլեկտրաէներգիա և՛ արտահանում է, և՛ ներմուծում: Դրան գումարած նաև տրանզիտ ուղի է՝ Ադրբեջանից Թուրքիա արտահանվող հոսանքի համար: Ուստի ներմուծումների ավելացման մասին լուրը բացատրության կարիք ունի:

Պարզվում է՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին մեր հարևան երկրում էլ․ էներգիայի արտադրությունը նվազել է: Վրաստանում էլ․ էներգիայի 80 տոկոսն արտադրվում է հիդրոէլեկտրակայաններում: Այս տարվա շոգի ու երաշտի պարագային հիդրոկայանների արտադրած էներգիայի ծավալը նվազել է 9.8 տոկոսով: Արտադրության կրճատման հետևանքով լրջորեն պակասել է արտահանումների ծավալը` 2.4 անգամ: Թուրքիա արտահանումը նվազել է 3.4: Ռուսաստանի Դաշնություն` 38.9 տոկոսով, Ադրբեջան` 2.5 անգամ: Իսկ Հայաստան արտահանումը կրճատվել է 27.7 տոկոսով (կամ 593 մլն կՎտ.ժ-ով):

Այս տեղեկատվության հետ զուգահեռ նշվում է, որ Ադրբեջանից Թուրքիա տրանզիտ փոխանցումն աճել է 7.1 անգամ: Վրաստանը ՌԴ-ից միշտ էլ չափազանց փոքր քանակությամբ է հոսանք ներմուծել` ընդհանուր օգտագործվող քանակի 0.5 տոկոսի չափով: Ուստի այս տարվա նվազումը էական ազդեցություն չունի էներգահամակարգում: Արտադրության և արտահանումների նվազմանը զուգահեռ վերջին տարիների տնտեսական աճը պահանջում է էլեկտրաէներգիայի նոր աղբյուր գտնել: Որովհետև 2018թ․ 2017-ի համեմատ էլեկտրաէներգիայի ներքին սպառումը Վրաստանում աճել է 6.1 տոկոսով:

Նախորդ տարվա համեմատ արտադրվել է 1 մլն 509 մլն կՎտ.ժ-ով ավելի և ներմուծվել է մոտ 589 մլն կՎտ.ժ-ից ավելի հոսանք: Այս տարի ևս ներքին սպառման աճ է արձանագրվել՝ երեք եռամսյակի համար 2.2 տոկոս: Ինչից կարելի է ենթադրել, որ ընդհանուր տնտեսության աճը շարունակվում է: Իսկ մեր երկրում տարին սկսվեց էլեկտրաէներգիայի արտադրության կտրուկ նվազումով: Վերջին պաշտոնական հաղորդագրությունն ութ ամիսների արդյունքն է ամփոփում: Այս տարի Հայաստանում արտադրվել է 5 մլրդ-ը մի փոքր գերազանցող կՎտ.ժ հոսանք։ Այն զիջում է 2018թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշին 3.5 տոկոսի չափով (Վրաստանում ինն ամսվա ընթացքում արտադրվել է մոտ 9.6 մլրդ կՎտ.ժամ էլեկտրաէներգիա): Փաստորեն առաջին եռամսյակից հետո հաջողվում է կրճատել անկման երկնիշ ցուցանիշը: Սակայն առայժմ հրապարակված չէ թե այդ արտադրանքից որքանն է օգտագործվել ներքին շուկայում, որքանն՝ արտահանվել (արտահանվում է Իրան` «գազ հոսանքի դիմաց» հայտնի բանաձևով): Միակ պաշտոնական տվյալը, որը կա հրապարակում, հետևյալն է՝ 2018թ․-ին 2017թ․ համեմատ էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է ընդամենը 0.2 տոկոսի չափով: Սրանից կարելի է եզրակացնել, որ Վրաստանում էլ սպառման մեջ մեծ բաժին ունի ջեռուցման նպատակով օգտագործվող էլեկտրաէներգիան:

Ի տարբերություն վրացական էներգաարտադրության համակարգի (ուր արտադրության հիմնական բաժինը հիդրոկայաններինն է)՝ մեր էներգահամակարգը ավելի բազմաշերտ է: Ընդունված է հաշվարկել, որ մեր արտադրությունը մոտավորապես հավասար չափաբաժիններով իրականացնում են ջերմակայանները, հիդրոկայանները և ատոմակայանը: Ալտերնատիվ կամ, որ ավելի ճիշտ է՝ վերականգնվող աղբյուրների արտադրանքն առայժմ լուրջ չափաբաժին չունի: Վրաստանում (մեզ նման) ընդհամենը մեկ հողմային էլեկտրակայան կա, որի ցուցանիշն այս տարի 64.2 մլն կՎտ.ժամ է: Ցուցանիշ, որ պակաս է ընդհանուրի մեկ տոկոսից:

Փաստորեն կարելի եզրակացնել, որ Վրաստանի տնտեսական աճի վիճակագրական բնութագիրն ավելի տրամաբանական է՝ այն ուղեկցվում է էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճով։ Իսկ մեր տնտեսության պարագային բոլորովին հակառակ գործընթաց է նկարագրվում՝ էլեկտրաէներգիայի արտադրության նվազում։ Գուցե այդ պատճառո՞վ է մեր դրացի երկիրը էլեկտրաէներգիա գնում մյուս հարևանից։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը