Մեկնաբանություն

19.10.2019 09:14


Արևմուտքի անտարբեր հայացքի ներքո

Արևմուտքի անտարբեր հայացքի ներքո

Հետեւելով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ իր ընտանիքի դեմ «ավազակային հարձակմանը»՝ դժվարանում ես հավատալ, որ այս ամենը տեղի է ունենում 21-րդ դարում։

Եվ ո՛չ թե հեռու մի տեղ` «վեցերորդ աշխարհի» կորած-մոլորած երկրներից մեկում, այլ Հայաստանում՝ նիկոլապետական «նոր» Հայաստանում, որտեղ անհնարինն իսկապես դառնում է իրականություն։ Որտեղ ամեն ինչ հնարավոր է։ Նույնիսկ այն, ինչ մղձավանջային երազում անգամ հնարավոր չէր պատկերացնել։

Միայն զարմանալ կարելի է, թե հոգեպես ակնհայտ անհավասարակշիռ, իրականության զգացումը կորցրած, օրենքի, բարոյականության, տարրական տրամաբանության, ողջամտության հետ կապերը վերջնականապես խզած, իրեն քաղաքական, քաղաքագիտական բոլոր օրինաչափություններից դուրս դրած մեկը, ինչպիսին «փողոցն» իր ամենաքստմնելի դրսեւորումներով խորհրդարան, կառավարություն, դատաիրավական համակարգ ներմուծած Փաշինյան Նիկոլն է, ինչպես է խրվում սեփական կույր վրեժխնդրության, մանրախնդրության, չբավարարված հավակնությունների, բարդույթների, մտասեւեռումների ճահիճը` իր հետ քաշելով երկիրը։

Ինչպես է օրըստօրե ահագնացող արտաքին մարտահրավերները նախախնամության կամքին թողած`ընկել Սահմանադրական դատարանի հետեւից, ԱԱԾ գլխավոր խնդիրը դարձրել Թովմասյանի ընտանիքի անդամներին եւ շրջապատին տեռորի ենթարկելը, 75-ամյա հոր տանիքը քչփորելը եւ դուստրերին «հարցաքննելը». «հանցանշաններ» է ման գալիս` փորում է, փորում, փորփրում, ու չի հոգնում։ Վանեցյանը չմտավ այդ պատասխանատվության տակ`սպայի պատվից ցածր համարեց այդ մակարդակին իջնելը, հրաժարական տվեց, բայց գտնվեցին մարդիկ, ենթադրաբար`նույնպես սպաներ, որ հաճույքով անում են դա իր փոխարեն։

Գործադիր եւ օրենսդիր իշխանությունը, իրավական ողջ համակարգը, դատական համակարգն էլ` վրադիր, «բուդկի պես» վերեւից ներքեւ սեփականաշնորհել, դարձրել է իր եւ «մաֆիայի» ճղճիմ շահերը «տառանի» պես առաջ «բրթող» բութ գործիք, եւ քաղաքակիրթ Արեւմուտքի անտարբեր հայացքի ներքո բացեիբաց քաղաքական ահաբեկչություն է իրականացնում ցանկացած մեկի նկատմամբ, ով կհանդգնի կանգնել իր ճանապարհին։

Եվ ի՞նչ։ Միացյալ Նահանգները, որ նախկինում առիթը բաց չէր թողնում` մատ թափ տալու Հայաստանի իշխանությունների վրա ընդդիմությանը, ընդդիմադիր լրատվամիջոցներին «խեթ» նայելու համար, ոչինչ չի՛ տեսնում, ոչինչ չի՛ լսում։ ԱՄՆ դեսպանն անգամ «չնկատեց» Yerevan today ներխուժելու, համակարգիչներն առգրավելու փաստը, կարծես այդպես էլ պիտի լիներ, դեմքի մկանը չշարժեց, երբ Նիկոլի գրոհայինները «ֆաս» հրահանգով հարձակվեցին «Հայելի» ակումբի վրա։

Եվրամիությունը, Եվրախորհուրդը, եվրոպական երկրները`իրենց դիվանագիտական ներկայացուցչություններով, որ առաջ կայծակի արագությամբ արձագանքում էին ճանճի ամեն տզզոցի, նմանապես լռության մատնեցին այդ միջադեպերը. միայն Ֆրանսիայի դեսպանը դատապարտեց մամուլի նկատմամբ հանդուգն ոտնձգությունը։ ՍԴ-ի, ՍԴ նախագահի եւ իր ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի հանդեպ անթաքույց իրականացվող քաղաքական հաշվեհարդարի դեպքում դա՛ էլ չեղավ։

Նիկոլապետությունը աշխարհին հայտնի ու անհայտ ամենաստոր, արգահատելի միջոցներով, ոչ մի բանից չխորշելով`ոտքի տակ է տալիս, տրորում Սահմանադրությունն ու օրենքները, վերաձեւում օրենսդրական դաշտը, հարմարեցնում իր «քաղաքական» հաշվարկներին ու նախասիրություններին, լկտիաբար սուր ճոճում սեփականության իրավունքի վրա, ջնջում բանկային գաղտնիք ասածը, սպիտակ թելերով քրեական գործեր կարում ընդդիմախոսների վրա`բացահայտ երկակի ստանդարտներ կիրառելով յուրայինների եւ «օտարների» նկատմամբ, եվրոպացի եւ ամերիկացի դիվանագետներն աչքն էլ չեն թարթում։

Տեսնելով այս ամենը`հասկանում ես, թե ինչու «անգլիական նավերը չէին կարող բարձրանալ Տավրոսի լեռները»` կանխելու հայերի կոտրածները, եւ ինչու արեւմտյան բոսերը լուռումունջ հետեւում էին թուրքերի Թուրքիայի «հակաքրդական» գործողությանը`սկսեցին խոսել միայն այն ժամանակ, երբ բանը բանից անցել էր։

Հասկանում ես, թե ինչու Ադրբեջանի սուլթանին ներվում էր եւ ներվում է ամեն ինչ` ռազմատենչ հետորաբանությունը, սահմանային սադրանքներն ու դիվերսիաները, ապրիլյան պատերազմն` իր ամենահոռի վանդալիստական դրսեւորումներով, կոռուպցիոն սկանդալները, մարդու իրավունքների, ժողովրդավարության նկատմամբ կոպիտ ոտնձգությունները։

Եվ ինչու «նախկին իշխանությանը» դիվադադար էին անում մեր ստանձնած միջազգային պարտավորություններին հլու-հնազանդ ենթարկվելու հորդորներով, բանաձեւեր ընդունում եւ խրոխտ հայտարարություններ տիրաժավորում մարդու իրավունքների, ժողովրդավարության չափանիշներին հավատարիմ մնալու պահանջներով, իսկ հիմա կույր ու խուլ են ձեւանում...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը