Քաղաքական

18.10.2019 15:54


ՀԾԿՀ-ի նախագծով փորձ է արվում ծածուկ վերահսկել ինտերնետ օգտատերերի տվյալները, ինչից պետության վարկանիշը կընկնի. IT փորձագետ

ՀԾԿՀ-ի նախագծով փորձ է արվում ծածուկ վերահսկել ինտերնետ օգտատերերի տվյալները, ինչից պետության վարկանիշը կընկնի. IT փորձագետ

Փորձ է արվում վերահսկել թրաֆիկը, և այդ ամենն արվում է ծածուկ: Այս մասին բարձրաձայնում է IT փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է որոշման նախագիծ, ըստ որի՝ բջջային կապի օպերատորներից՝ ինտերնետ պրովայդերներից կպահանջվի 2 տարով արխիվացնել օգտվողների ընթացիկ տվյալները. IP, IMEI, էլեկտրոնային փոստի տվյալները և այլն։

«Սա, հասկանալի է, արվում է, որպեսզի իրավապահ մարմինները որոշ դեպքերի համար ինչ-որ բան հայտնաբերեն, բայց փաստացի ստեղծվում է վերահսկողական համակարգ, որը արվում է ծածուկ: Նման բաները չպետք է արվեն պրովայդերներին նամակ ուղարկելով, սրա համար պետք է հանրային քննարկում անցկացվի: Մինչդեռ առաջարկվում է որոշումը 2020 թ.-ի հունվարի մեկից արդեն կիրառել, այսինքն՝ 2,5 ամսից այս ամենը իրականացնեն, որն աբսուրդ է»,-նշում է Մարտիրոսյանը:

Սամվել Մարտիրոսյանն անդրադառնում է նաև հետևանքներին և նշում, որ ամենապարզ հետևանքն այն կլինի, որ ինտերնետ կապը կարող է թանկանալ, որովհետև հատկապես փոքր պրովայդերները ստիպված կլինեն նոր սարքավորումներ գնել:

Մյուս հետևանքն, ըստ նրա, այն կլինի, որ Հայաստանի վարկանիշը կընկի, քանի որ սա փաստացի վերահսկողության համակարգի ներդրում է: «Խնդիրը նաև նրանում է, որ կընկնի հայաստանյան ծառայությունների հանդեպ վստահությունը, եթե արդեն իմանան, որ էլեկտրոնային փոստը, որից ինքը օգտվում է, տեղական պրովայդերի կողմից վերահսկվում է, կդիմի այլ ծառայությունների, որոնք ՀՀ տարածքում չեն, և դրանց տվյալները հասանելի չեն լինի ուժային կառույցներին»,-նշում է Մարտիրոսյանը:

Նա ընդգծում է, որ առավել ևս եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ում հետախուզական աշխատանքներն իրականացվում են օրենսդրությամբ, այս ամենը օրենսդրական կարգավորում չունի:

«Այսինքն` եթե խոսում ենք նրա մասին, որ գաղտնալսումները օրենքով կարգավորվող են, պետք է դատարանի որոշում, բայց եթե անդրադառնում ենք նման տվյալներին՝ թրաֆիկ, IP, IMEI, պորտ և այլն, այս ամենը օրենսդրական կարգավորում չունի, իսկ դա նշանակում է, որ առանց որևէ դատական որոշումների ուժային կառույցները կարող են անընդհատ ռեժիմով ստանալ այդ տվյալները և վերահսկեն մարդու, ով հետաքննության հետ որևէ խնդիր չունի, ոչ մի օրենք չի խախտվել, ուղղակի հետաքրքրում է ուժային կառույցներին»,-նշում է նա:

Ըստ այդմ` նա եզրափակում է, որ մի կողմից տնտեսական հարված կլինի պետությանը, մյուս կողմից՝ ՀՀ-ի վարկանիշը կընկնի, և պարզ չէ, թե արդյունքում ինչ ենք ստանալու սրա համար:

«Սրա հետևանքն այն կարող է լինի, որ ժողովուրդը նստելու է VPN-ների վրա, և հարցը փակվելու է, տվյալները հասանելի չեն լինի»,-նշում է նա:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀԾԿՀ-ի կողմից ծածուկ ոչինչ չի արվել, որոշման նախագիծը շատ նախնական է, որը ուղարկվել է բջջային կապի օպերատորների կարծիքին: «Դեռևս հանձնաժողովը բոլոր օպերատորների կողմից կարծիք չի ստացել, որպեսզի ամփոփի, ուստի սպասում ենք, մինչև կարծիքները կլինեն, այնուհետև կտեղադրվի e-draft.am կայքում հանրային ավելի լայն լսումների համար, այսինքն` այստեղ ոչ մի ծածուկ գործողություն չկա»,-ասաց նա:

Հարցին, թե նման նախաձեռնության անհրաժեշտության նպատակը որն էր, Լիանա Ազիզյանը պատասխանեց. «Հաշվի առնելով միջազգային փորձը, ԵՄ օրենսդրության հետ համահունչ քայլելը և մնացած այլ գործոնները՝ լրամշակվել է այդ կարգը, որն ուղարկվել է կարծիքի, եթե օպերատորներից կստանանք կարծիք, այդ ժամանակ կհասկանանք՝ իրենց մտահոգություններն ինչումն են, և, ըստ այդմ, էլ կշարադրվի որոշման նախագիծը»:

Իսկ թե 2,5 ամսում հնարավո՞ր է ապահովել լայն հանրային քննարկում, Ազիզյանը նշեց, որ ընդամենն իրավական ակտի ժամկետ է նշվել, բայց բոլոր անհրաժեշտ փուլերը որոշման նախագիծը կանցնի:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ռիսկերը հաշվի առնվել են, նա ասաց՝ երբ կլինեն օպերատորների կարծիքները, և կանցնի հաջորդ փուլ՝ ավելի լայն հանրային քննարկման առարկա կդառնա, դրանից հետո կհասկանան, թե որ տարբերակով կընդունվի:

ՀԾԿՀ մամուլի խոսնակն ավելացրեց, որ նախաձեռնությունը հանձնաժողովինն է: «Հանձնաժողովը միշտ էլ միջազգային փորձի վրա մշակում է կարգեր, սա ևս բացառություն չէ մեր գործունեության մեջ՝ հաշվի առնելով, որ պետք է համահունչ գնանք միջազգային փորձին»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը