Քաղաքական

17.10.2019 21:00


Հրայր Թովմասյանի նկատմամբ ագրեսիվ հոգեբանական ճնշում է կիրառվում, որ կատարի իշխանության պահանջները. հոգեբանը՝ Թովմասյանի հորն ու դուստրերին դատարան կանչելու մասին

Հրայր Թովմասյանի նկատմամբ ագրեսիվ հոգեբանական ճնշում է կիրառվում, որ կատարի իշխանության պահանջները. հոգեբանը՝ Թովմասյանի հորն ու դուստրերին դատարան կանչելու մասին

Սա հոգեբանական ճնշում է, որ Հրայր Թովմասյանը կատարի իշխանության պահանջները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը` անդրադառնալով վերջին շրջանում ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն ուղղված իշխանության քայլերին, և այսօր նրա ընտանիքի անդամներին՝ հորն ու դուստրերին, Ազգային անվտանգության ծառայություն հրավիրելուն:

«Սրանք ակնհայտ ագրեսիվ ճնշումներ են: Ընդունված կարգ է. բոլոր ահաբեկիչներն էլ փորձում են ընտանիքի անդամների միջոցով ճնշում գործադրել մարդու վրա. թույլ օղակն են գտնում ու այդպես փորձում ճնշել»,- ասաց նա և հավելեց, որ այդ դեպքում Հրայր Թովմասյանի ընտանիքի հանդեպ ճնշում գործադրողը ներկայիս կառավարությունն է:

«Չգիտեմ՝ Հրայր Թովմասյանը ինչքանով է պինդ, մինչև այսօր ցույց է տվել, որ պինդ և գաղափարային մարդ է: Իր հետապնդվող ազգականներն էլ իրենց վատ չեն դրսևորել: Բայց պետք է հասկանալ, որ սա ճիշտ գործողություն չէ, սա ազնիվ ավարտի չի բերի»,- նշեց նա:

Մադաթյանի խոսքով՝ իշխանությունը Հրայր Թովմասյանի հրաժարականին կամայական գնով է սպասում: Նա նշեց, որ սրա նպատակն այն է, որ ՍԴ-ն դառնա իշխանության կամակատարը: Մադաթյանի գնահատմամբ՝ իշխանության այս գործողությունները չի բացառվում, որ կկիրառվեն ցանկացած այլ դեպքերում ևս:

Հոգեբանը նշեց, որ ներկայումս Հայաստանում նպատակային, ընտրովի, կամակատարություն է տեղի ունենում: «Ես չեմ կարծում, որ այս համակարգով որևէ մեկն իրեն պաշտպանված կզգա այս երկրում, երբ տեղի է ունենում ձերբակալություն՝ ելնելով քաղաքական դիրքորոշումներից: Ոչ թե Քրեական օրենսգրքով են շարժվում, այլ ուղղակի որոշակի քաղաքական դրսևորում ունենալով՝ դու կարող ես ձերբակալվել»,- ասաց նա:

Մադաթյանի գնահատմամբ՝ Հայաստանում այդպիսի շրջան էր նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակ: Նա նշեց, որ իշխանության այս դրսևորումը դրա վառ շարունակությունն է: Հոգեբանի խոսքով՝ սա աշխատանքային սկզբունք է: «Նույնիսկ լրատվականների մասով, եթե ձեռնտու ես, մնում ես, եթե ոչ, չես մնում, ամեն կերպ ուզում են քեզ դուրս հանել այդ ոլորտից»,- ասաց Մադաթյանը:

«Հրայր Թովմասյանը եթե քաղաքական կերպար լիներ, բնականաբար իր աջակիցների թիմը կունենար: Այդ պատճառով էլ ներկայիս ընդդիմադիրներից ոչ մի քաղաքական խումբ չի ուզում Հրայր Թովմասյանի մասով պատասխանատվություն իր վրա: Հրայր Թովմասյանը, կարծես, մենակ է մնացել: Կարող եմ ասել, որ Հրայր Թովմասյանը հերոս է, որ կարողանում է միայնակ պայքարել հակաիրավական երկիր հաստատելու քայլերի դեմ»,- ամփոփեց նա:

Հիշեցնենք, որ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ ասելով, որ անհասկանալի պատճառով վաղը ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը։

Այս խորագրի վերջին նյութերը