Կարծիք

17.10.2019 20:06


Մեր երկրում տեղի ունեցող դատաիրավական համակարգի ոտնահարման գործընթացն արդեն շարունակվում է 17 ամիս

Մեր երկրում տեղի ունեցող դատաիրավական համակարգի ոտնահարման գործընթացն արդեն շարունակվում է 17 ամիս

Մեր երկրում տեղի ունեցող դատաիրավական համակարգի ոտնահարման գործընթացն արդեն շարունակվում է 17 ամիս, ու դեռևս որոշակիորեն հասկանալի չէ, թե, ի վերջո, ինչ հանգուցալուծում է տրվելու այս քաոսին։ Փաստն այն է, որ գործող իշխանություններն արդեն բացահայտ չեն թաքցնում, որ իրենց նպատակն է՝ դատական համակարգում սեփական քայլարաստներով հաստատել։

Նիկոլը ցանկանում է, որ դատարանների ողջ կոորդինացիան ուղղորդվի մի կետից, և նրա այդ ցանկության համար թիվ մեկ խոչընդոտը, բնականաբար, Սահմանադրական դատարանն է՝ ի դեմս Հրայր Թովմասյանի։ Եթե ուշադրությամբ հետևենք վերջին ամիսներին Թովմասյանի շուրջ ընթացող գործողություններին ու հնչեցված մտքերին, ապա տպավորություն է ստեղծվում, որ առկա է նրանից ազատվելու քաղաքական օրակարգ, և, որքան էլ տարօրինակ թվա, իշխանություններն այդ ամենն ընդհանրապես չեն ժխտում՝ դա համարելով նորմալ իրավիճակ։

Թովմասյանի նկատմամբ տոտալ գրոհը քայլարաստների կողմից մի քանի արշավներից էր կազմված։

Արշավ համար մեկ.
Պառլամենտում հատուկ օրենքի փոփոխություն կատարվեց և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը փոփոխության ենթարկվեց, որպեսզի դեռևս նախորդ գումարման խորհրդարանի կողմից մեկ անգամ արդեն մերժված տխրահռչակ Վահե Գրիգորյանի թեկնածության հարցը ևս մեկ անգամ քննարկեն:

Արշավ համար երկու.
Դրանից հետո ականատես եղանք, թե ինչպես խորհրդարանի իշխանական խմբակցությունն անհասկանալի մեղադրանքներով և նաիվ ձևակերպումներով հիմնավորված մի անմեղսունակ փաստաթուղթ էր դրել շրջանառության մեջ, որին կողմ քվեարկեց 98 պատգամավոր, իսկ հետո ՍԴ-ն աշխատանքային կարգով անցկացված նիստում մերժել էր։

Արշավ համար երեք. (կեղտոտ մեթոդիկա)
Հատուկ մարմինները սկսեցին ուղղորդվել Հրայր Թովմասյանի բարեկամների ու մերձավորների «սանիկներ» դեմ։ Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ ԱԱԾ են կանչվել Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը։

Արշավ համար չորս.
Ակտիվացավ մյուս իշխանական վեկտորը՝ հանձին Արման Բաբաջանյանի, ով, ինչպես շատերն են նկատում՝ դիմեց հին ու փորձված՝ 37 թվականի մեթոդներին:

Հիշեցում 1. (Արման Բաբաջանյանը դիմում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ, իր բնորոշմամբ, կոպտագույն իրավախախտումներին, որ թույլ են տրվել 2018 թվականի մարտին, երբ Հրայր Թովմասյանը նախ՝ դարձավ ՍԴ անդամ, ապա՝ նախագահ):

Այստեղ պետք է հավելել, որ Սահմանադրության դրույթների մանիպուլյատիվ մեկնաբանությունը և խեղաթյուրումը հարված է իրավական պետության հիմքերին, և նմանաբնույթ քայլերն արժանի են քննադատության:

Հիշեցում 2. Նիկոլի Իշխանությունը մոռացել է «թռիչքաձև աճի մասին հայտարարությունները», «տնտեսական հեղափոխություն», «ազգային անվտանգության հիմնահարցեր» գումարած՝ Արցախի անվտանգություն և այլն, հիմա նրանց ՔԱՅԼԵՐԻՑ այնպիսի տպավորություն ես ստանում, որ երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքի անունը Հրայր Թովմասյան է, որի լիկվիդացմանը լծվել են ողջ քայլարաստ թիմով։

Հ.Գ. Ուրիշ է, երբ հոշոտում է թշնամին, և ուրի՜շ... երբ դավում է բարեկամդ...

Հ.Գ.Գ. Ազգերը ամենից շատ տառապել են և կտառապեն իրենց տականքների երեսից.
Գարեգին Նժդեհ։

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը