Կարծիք

17.10.2019 16:18


Փաստորեն իշխանությունների մոտ ոչ մի սրբություն չի մնացել

Փաստորեն իշխանությունների մոտ ոչ մի սրբություն չի մնացել

Հարգարժան հայ ժողովո՛ւրդ,

Հարգարժան առիթ, անառիթ կարծիք արտահայտել սիրող տիկնայք և պարոնա՛յք,

Հարգարժան կուսակցությունների ղեկավարներ և ներկայացուցիչնե՛ր,

Հարգարժան քաղաքացիական հասարակության ինստիտուտների և լրատվամիջոցների ղեկավարներ և ներկայացուցիչնե՛ր,

Հարգարժան ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար տիկին Անդրեա Վիկտորի՛ն,

Հարգարժան ՀՀ-ում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսի՛,

Հարգարժան ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովա՛,

Հարգարժան ԵՄ և ԵԽ անդամ երկրների դեսպաննե՛ր,

Հարգարժան միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչնե՛ր,

Բոլորիդ աչքի առաջ և լռության ներքո իշխանությունները հատում են քաղաքակրթության, իրավունքի, օրենքի և բարոյականության բոլոր կարմիր գծերը:

ՍԴ և ՍԴ նախագահի վրա քաղաքական ճնշումների շարունակական և հետևողական ցինիզմի այս փուլում իրենք իրենց էլ գերազանցեցին՝ ԱԱԾ «հրավիրելով» ՍԴ նախագահի թոշակառու 75-ամյա հորը և դուստրերին:

Գիտակցո՞ւմ եք, որ ձեր լռությունը խրախուսել է նշանակում:

Գիտակցո՞ւմ եք, որ չեք կարող լռելով հիմա, խոսել հետո՝ երբ այս ամենը իրականացնողները պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Գիտակցո՞ւմ եք, որ ձեր անգործությամբ ուղղակի կամ անուղղակի ձևով հարված եք հասցնում մեր պետության կայունությանը, շահերին և զարգացման հեռանկարին:

Եթե չեք գիտակցում՝ սթափվե՛ք, եթե գիտակցաբար եք լռում՝ կիսում եք պատասխանատվությունը և հետագայում դրանից խուսափել չի՛ ստացվելու:

Նաև հորդոր վարչապետի թիմակիցներին, խորհրդատուներին, օգնականներին․

Միանգամից նշեմ, որ հորդորն ուղղված է այն մարդկանց, ովքեր իրապես ունեն գոնե նվազագույն սրտացավություն վարչապետի նկատմամբ (եթե, իհարկե, դեռ կան այդպիսիք) և առնվազն տարրական գիտելիքներ կամ պատկերացում՝ իրավական հարցերի վերաբերյալ: Նաև նրանց, ովքեր իրենց և իրենց երեխաների ապագան տեսնում են Հայաստանում, և վստահ չեն, որ վարչապետն ու նրա ընտանիքն ինչ-ինչ զարգացումների արդյունքում մեծ արագությամբ չեն լքելու Հայաստանը:

Բացատրե՛ք ձեր «ընտրյալին» (անգամ եթե մինչ այդ բազմիցս փորձել ու արդյունք չեք ունեցել՝ կրկին փորձեք, որ հետո ինքներդ Ձեզ չմեղադրեք հնարավորը չանելու համար), որ

1. գրված ու չգրված օրենքների ոտնահարումը,
2. պետությունն ու պետականությունը հնարավոր ու անհնար փորձությունների ենթարկելը,
3. մարդկային համակեցության նորմերի նկատմամբ արհամարհանքն ու հնարավոր բոլոր «կարմիր գծերի» տրորումը,
4. հանրության հետևողական պառակտումն ու թշնամանքի սերմանումը,
5. սեփական երկրի, հանրության, թիմակիցների հանդեպ պատասխանատվության զգացողության բացակայությունը,
6. ստի և կեղծիքի վրա հիմնված կործանարար PR-ը և դրա արդյունքում՝ հանության բարոյալքմանը նպաստելը,
7. սեփական թիմում քավության նոխազներ գտնելն ու նշանակելը՝ անգամ չմտածելով պետական և հանրային շահերի մասին,
8. հանրային վստահության ռեսուրսը սեփական եսին ծառայեցնելն ու մսխելը…
անհետևանք չեն մնալու:

Հետևանքների ցավը զգալու ենք բոլորս, բայց այս ամենի իրականացնողն ու նրա «զինվորները» պատժվելու են օրենքի ողջ խստությամբ, կրելով նաև՝ «արթնացած» հանրության հավաքական զայրույթն ու պարսավանքը…

Կարեն Բեքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը