Կարծիք

17.10.2019 15:50


Ոստիկանության իրավաբանական վարչության պետն ու նրա տեղակալը երկու տարբեր դիմումներին տարբեր պատասխաններ են տվել

Ոստիկանության իրավաբանական վարչության պետն ու նրա տեղակալը երկու տարբեր դիմումներին տարբեր պատասխաններ են տվել

17.06.2019 թվականին դիմել էինք ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ խնդրելով նրան դիմել ՀՀ վարչական դատարան՝ բարձրացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչական պատասխանատվության հարցը: Բանն այն է, որ 19.05.2019թ. վերջինս հանրային հավաք անցկացնելու կոչով էր հանդես եկել, հավաքն իրականացվել էր հաջորդ օրը՝ 20.05.2019թ.:

Քանի որ Փաշինյանը հավաքի մասին չէր ծանուցել լիազոր մարմնին, այն է՝ բոլոր այն համայնքների ղեկավարներին, որտեղ կային դատարանների նստավայրեր, ստացվում է, որ նրա արաքում առկա է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 180.1-ին հոդվածով նախատեսված զանցակազմը, ինչի համար նրան պատասխանատվության կանչելու միակ մեխանիզմը ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելն է: 03.07.2019թ. մեզ ուղղված պատասխան գրությամբ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Ա. Մարգարյանը հայտնել է, որ «քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը նշված օրենքի վկայակոչված հոդվածի («Հավաքների ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մաս՝ Գ.Պ.) իմաստով հավաքի կազմակերպիչ /ղեկավար/ չի հանդիսացել, ուստի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման սուբյեկտ լինել չէր կարող»:

Ոստիկանության նախկին պետի հրաժարականից հետո՝ 25.09.2019թ., նույն խնդրանքով դիմել էինք ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին: Այս անգամ մեր դիմումին պատասխանել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ Ն. Մանանդյանը՝ նշելով, որ նշված հավաքը եղել է շտապ հավաք, ուստի լիազոր մարմնին գրավոր իրազեկել անհրաժեշտ չէր:

Ստացվում է, որ միևնույն հարցի վերաբերյալ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետն ու տեղակալն ունեն տարբեր դիրքորոշումներ. առաջինի կարծիքով՝ Փաշինյանը չէ հավաքի կազմակերպիչը, երկրորդի կարծիքով՝ եղել է շտապ հավաք, ուստի իրազեկման կարիք չկար: Խնդրում եմ կողմնորոշվել, հարգելիներս…

Ահա թե ինչպիսի անհեթեթ իրավիճակ է առաջանում այն ժամանակ, երբ պետական մարմինն ու դրա պաշտոնատար անձինք իրենց լիազորության իրականացման փոխարեն փնտրում են դրանից խուսափելու՝ գլխացավանք չառաջացնող տարբերակ…

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը