Կարծիք

17.10.2019 08:30


Հայկական ուշացած նիհիլիզմը․ մաս 1-ին

Հայկական ուշացած նիհիլիզմը․ մաս 1-ին

«Նիհիլիզմ» բառն առաջացել է լատիներեն nihil՝ ոչինչ բառից։ Փիլիսոփայական բառարաններում նիհիլիզմը բացատրվում է որպես մերժման աշխարհայացք։ Նիհիլիզմ աշխարհայացքը հատկապես տարածված է եղել 19-րդ դարում և 20-րդ դարասկզբին, ու հատկապես ծաղկում է ապրել Ռուսաստանում։ Նիհիլիստները կասկածի տակ էին դնում ընդունված բարոյական նորմերը, համամարդկային իդեալները, եղած պետական կարգը, կրոնը, հայրենասիրությունը և այլն։ Դա մերժման աշխարհայացք է՝ քանդել հին աշխարհը, սակայն տեղը՝ ինչ պետք է կառուցվի, իրենց խնդիրների մեջ չէր մտնում։ Հայերենով նիհիլիզմը կարելի է բնութագրել շատ կարճ ու խոսուն կարգախոսով՝ «սաղ սութա»։ Կարճ ասած, նիհիլիզմը մերժում է այն ամենը, ինչը հնարավոր է մերժել։ Ռուսական նիհիլիզմը ծնեց ռուսական հեղափոխությունը։ Սկզբնական շրջանում այն մտավոր շրջանակների սեփականությունն էր ու ապրելակերպի նորմը, հետագայում դարձավ «խելագարված» ամբոխների սեփականությունը. չկա Աստված, չկան բարոյական նորմեր, կյանքը չունի որևէ հիմնավորված իմաստ:

«Ռուսական նիհիլիզմը ոչ թե սովորական անհավատություն է, այլ չհավատալու քամի է, մերժման հավատք է»։

Սեմյոն Ֆրան

Ռուսական նիհիլիզմը ծնեց ռուսական հեղափոխությունը։ Առաջին նիհիլիստները ռուսական մտավորականներն էին, որոնք հիասթափվել էին իրենց երկրից, տենչում էին ազատության և չէին ընդունում տիրող կարգերը, որոնց հիմքում տեսնում էին սուտը, կոռուպցիան և երեսպաշտությունը։

Տուրգենևի «Հայրեր և որդիներ» վեպը նկարագրում էր այդ երևույթը։ Դա «Հին Ռուսաստանի» ու «Նոր Ռուսաստանի» («Հին Հայաստան» ու «Նոր Հայաստան») դեստրուկտիվ, ինքնաոչնցացնող պայքարն էր։

Նիհիլիզմը տարածվեց երիտասարդության մեջ ու քաղաքական դիրքորոշում ստացավ՝ ի դեմս նարոդնիկների շարժման։ Նիհիլիզմի դեմ պայքարում էր Դոստոևսկին։ Դոստոևսկին նկարագրում էր այդ ժամանակաշրջանի նիհիլիզմի քայքայող էությունը: Նա իր ստեղծագործություններով պայքարում էր այդ երևույթի դեմ: Դոստոևսկին փորձում էր բարձր իդեալներով հակադրվել նիհիլիստներին։ Այն ժամանակվա նիհիլիստները չստեղծեցին համաշխարհային բարձր մշակույթի ստեղծագործություններ, սակայն նրանց հակադրվող Դոստոևսկին մտավ գրականության պատմության մեջ։

«Երտասարդներն ուրախացել են․ առաջ իրենք ընդամենը հիմարներ էին, իսկ հիմա՝ նիհիլիսներ»

Իվան Տուրգենև

Համատարած մերժումը առաջ է բերում որոշակի տրամաբանական հետևանքներ, օրինակ՝ «անիմաստ» կյանքում հաճույքների հետապնդում։ Պատահական չէր, որ այդ ժամանակաշրջանի ռուս գրողների, բանաստեղծների, նկարիչների և առհասարակ արվեստի գործիչների մեջ տարածված էր ազատ սիրո գաղափարը՝ բոլորը բոլորին «սիրում» էին, անգամ ստեղծվում էին սիրո խմբակներ՝ ապրում էին երեքով, չորսով և այլն։

Նիհիլիզմը ստանում է նաև ագրեսիվ դրսևորումներ, օրինակ՝ նիհիլիստ հեղափոխականները՝ նարոդնիկները, որոնք տոգորված էին ժողովրդի հանդեպ ինքնազոհ սիրով ու գնում էին հետամնաց գյուղերը գիտելիք տարածելու, սկսեցին տեռորիստական շարժում։ Նիհիլիզմը ագրեսիայի աղբյուր է։

Նիցշեն նիհիլիզմի պատճառը համարում էր քրիստոնեական Աստծո «ոչ այս աշխարհից լինելու» գաղափարի տապալումը, իսկ Շպենգլերը համարում էր, որ դա եվրոպական քաղաքակրթության անկման սկիզբն է։

Սակայն դա ռուսական և արևմտյան քաղաքակրթությունների անցած ուղին է, մեզ հետաքրքրում է առնվազն մեկ դար ուշացած հայկական նիհիլիզմը, որն, ի տարբերություն իր ավագ եղբայրների՝ արվեստի ու մշակութային գործեր չի երկնում, սակայն արտահայտվում է սոցցանցերում ու մամուլում դրսևորվող հիստերիաներով, հայհոյանքներով և ամենին ու ամեն ինչի մերժումով։

Հոդվածի 2-րդ մասն՝ այստեղ։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը