Քաղաքական

16.10.2019 13:34


Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) դատապարտում է «Հայելի» ակումբի դեմ հարձակումը

Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) դատապարտում է «Հայելի» ակումբի դեմ հարձակումը

Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) հայտարարություն է տարածել «Հայելի» ակումբի դեմ տեղի ունեցած հարձակման կապակցությամբ, որում ասվում է.

«Կառավարության աջակիցների մի խումբ հոկտեմբերի 5-ին հարձակում է գործել առցանց լրատվամիջոց «Հայելի» ակումբի վրա, որը բավականին քննադատական վերաբերմունք ունի հայաստանյան իշխանությունների նկատմամբ: Խումբը ձվեր է նետել մայրաքաղաք Երևանում գտնվող գրասենյակի ուղղությամբ և մուտքի մոտ փակցրել վիրավորական պաստառներ:

Չորս կասկածյալները հայտնի են՝ որպես ՀՀ վարչապետի աջակիցներ, և բողոքում էին ընդդեմ նախորդ շաբաթ կայքում հրապարակված նյութի վերնագրի, որը նրանք համարում են ադրբեջանամետ. «Ալիևի ուշացած, բայց «ուժգին» պատասխանը Փաշինյանին» վերնագրի մասին է խոսքը: Հոդվածը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրապարակային արձագանքն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությանը:

«Նրանց բախտը բերել է, որ դուռը փակ էր: Մենք պատրաստվում էինք նույնն անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ»,- ասաց հարձակում գործած երիտասարդներից մեկը, իսկ մյուսը պահանջեց, որ լրատվամիջոցը պետք է փակվի:

«Հայելի» ակումբը արարքը բնութագրեց՝ որպես քաղաքական հետապնդում, և իրավապահ մարմիններին կոչ արեց համապատասխան գործողություններ նախաձեռնել:

Ոստիկանությունը քննում է լրագրողների մասնագիտական և օրինական աշխատանքի խոչընդոտման փորձի վերաբերյալ նյութերը, ինչը Հայաստանում հանցագործություն է համարվում: Չորս երիտասարդները հարցաքննվել և ստորագրությամբ ազատ են արձակվել:

Հարձակումը դատապարտվել է ՀՀ օրենսդիր մարմնում ներկայացված կուսակցությունների և կառավարության մի շարք անդամների կողմից:

Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միանում է իր հայաստանյան գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով այս հարձակումը: Մեր գործընկերներն իշխանություններից պահանջում են ապահովել լրագրողների անվտանգությունը:

Այս հարձակումը Հայաստանում լրատվամիջոցների շուրջ լարված մթնոլորտի ընդամենը մի օրինակ է, որտեղ վերջին ամիսներին լրագրողների, մամուլի և խոսքի ազատության դեմ ուղղված հռետորաբանությունն ու ատելության խոսքն ավելանում են»:

Այս խորագրի վերջին նյութերը