Մեկնաբանություն

16.10.2019 12:10


Մի դիմելաձևի պատմություն. «Սահակյա՞ն», թե՞ «մարզպետ» (տեսանյութ)

Մի դիմելաձևի պատմություն. «Սահակյա՞ն», թե՞ «մարզպետ» (տեսանյութ)

Բակո Սահակյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումն առնվազն կիսասկանդալային ստացվեց։ Ինչպես որ «ժողովրդի» վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցող մյուս հանդիպումներն ու իրադարձությունները։

Համացանցում քննարկվում էր, թե արդյոք Փաշինյանը Սահակյանի հետ զրույցի ժամանակ օգտագործե՞լ է «Արցախի մարզպետ» դիմելաձևը, թե՞ ոչ։ Կան տեսանյութեր, որոնց մեջ լսվում է «մարզպետ»։ Կան տեսանյութեր, որոնց մեջ «Սահակյանն» է լսվում։ Բայց խնդիրը, մեծ հաշվով, դա չէ։

Խնդիրն այն է, որ Փաշինյանն այնպիսի ներքին ու արտաքին քաղաքականություն է վարում, որ իրենից սպասելի էր «Արցախի մարզպետ» դիմելաձևը։ Չէ՞ որ իր ներկայությամբ ու իր հավանությամբ մեկ անգամ արդեն նման վտանգավոր բան արվել է։

Փաշինյանից ամեն ինչ սպասելի է։ Նրա իշխանության օրոք հակաղարաբաղցիական դիվերսիոն քարոզը հասել է աններելի չափերի։ Նույնիսկ իր «հոգևոր» հոր՝ քիրվայականության ռահվիրա Լևոն Տեր–Պետրոսյանի իշխանության ժամանակ այսպես չի եղել։

Եթե նա հանդիպում և ներքին ու արտաքին քաղաքական հարցեր է քննարկում թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչների հետ, ապա սպասելի է, որ կարող է օգտագործել «պարոն մարզպետ» դիմելաձևը։

Իսկ ինչո՞վ է հակահայկական ու վտանգավոր «Արցախը Հայաստանի մարզ է» «ծռական» բանաձևը։ Այն առաջին հայացքից թունդ հայրենասիրական է թվում, սակայն իրականում սպասարկում է մեր թշնամիների շահերը։ Քանզի եթե Արցախը Հայաստանի մարզ է հռչակվում պաշտոնական Երևանի կողմից, ապա ստացվում է, որ հայկական կողմը փակուղի է մտցնում հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը և լեգիտիմ հնարավորություն տալիս Ադրբեջանին սկսել պատերազմ։ Բայց մեզ պատերազմ պետք չէ։ Մեզ պետք է պատերազմի արդյունքներին տեր կանգնել։ Պատերազմը նշանակում է նոր զոհեր և նոր ավերածություններ՝ անկախ դրա ելքից։ Նման սցենար ապահովելու մանդատ տվե՞լ է ՀՀ հպարտ քաղաքացին Նիկոլին։ Չի՛ տվել։ Հետևաբար նրա արածներն առնվազն քաղաքական անմեղսունակության դրսևորումներ են։ Կամ էլ՝ նա ամեն ինչ միտումնավոր է անում։

Եթե Փաշինյանը խնդիր է դրել պատերազմ հրահրել, ավերածությունների պատճառ դառնալ ու հետո այդ ամենի պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա (այդ տարբերակի ցրցամը նա վաղուց ու հետևողականորեն տվել է), ապա գործ ունենք պետական դավաճանության հետ։

Իսկ եթե ամեն ինչ արվում է չիմացության ու պոպուլիզմից ելնելով, ապա դա չի փոխում իրավիճակը, քանզի արդյունքը նույնն է։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Կից ներկայացնում ենք երկու տեսանյութ։ Առաջինում Նիկոլ Փաշինյանի կատարմամբ, կարծես, լսվում է «Պարոն Սահակյան», իսկ երկրորդում՝ «Պարոն մարզպետ»։ Նիկոլի վարքագիծն այնպիսին է, որ նրա կատարմամբ երկուսն էլ հնարավոր են։

Այս խորագրի վերջին նյութերը