Կարծիք

16.10.2019 10:55


Չստացված հովանավորչություն

Չստացված հովանավորչություն

Վերջին օրերին կրկին մոդայիկ է շինարարության թեման: Պատճառները տարբեր են: Ոլորտն ինքնին արժեքավոր է, թեկուզ ՀՆԱ-ում ունեցած մոտ 7 տոկոսանոց կշռով: Սակայն այս ոլորտը հետաքրքիր է նաև նրանով, թե ինչ արդյունքի հասավ մեր նոր իշխանությունը, որ այս տարվա սկզբից խոսում էր ներմուծվող ցեմենտի տուրքը 1 տոննայի համար 22 հազար դրամով բարձրացնելու մասին:

Մի քանի տարի առաջ Հայաստանը ցեմենտ արտահանող երկիր էր: 2016թ․ առաջին անգամ ցեմենտ չարտահանվեց: Փոխարենը թափով սկսեցին ավելանալ ներկրումների ծավալը: 2014թ․ ներմուծման ծավալն առաջին անգամ գերազանցեց 1 մլն դոլարի արժեքը: 2016-ին ներմուծվեց 2.8 մլն դոլարի, իսկ 2017-ին արդեն 5 մլն դոլարից ավելի արժեցող խմբաքանակ: Անսպասելիորեն ռեկորդային էր 2018թ․` ներմուծվեց 26.5 մլն դոլարի ցեմենտ: Այս թիվը ստիպեց իշխանություններին մտածել պետական տուրքի օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Ցեմենտի արտադրության ոլորտում, փորձագիտական տվյալներով, մոտ 400 աշխատատեղ կա: Հավանաբար իշխանությունների նպատակը նրանց շահերը պաշտպանելն էր: Շատ փորձագետների համար սա կարևոր էր պահ էր:

Նոր իշխանությունները պիտի «կողմնորոշվեին»՝ շարունակո՞ւմ են մնալ ազատ ու մրցակցային տնտեսության ջատագովներ, թե՞ փորձելու են պաշտպանել տեղական արտադրողի շահերը: Ի վերջո պարզվեց, որ մեր իշխանությունները պաշտպանելու են ներքին արտադրողին: Որոշումը, եթե չեմ սխալվում, ընդունվեց հունիս ամսին: Հիմա արդեն հնարավոր է դիտարկել, թե որքանով հաջողվեցին տեղական արտադրողին պաշտպանելու շահերը և ինչ արդյունք տվեց պետտուրքի դրույքաչափի փոփոխությունը:

Նախ դիտարկենք 2018թ․ պաշտոնական տվյալները: Այդ տարի մեր երկրում օգտագործվել է մոտ 730 հազար տոննա ցեմենտ, որի մոտ երեք քառորդը` 550 տոննան (75.4 տոկոս) տեղական արտադրության էր: Ներմուծումները ճշգրիտ թվով մոտ 182 հազար տոննա էին (24.6 տոկոս): Ենթադրվում է, որ այս համամասնությունը պիտի 2019-ին խախտվի` ի շնորհիվ տուրքի նոր դրույքաչափի: Այսինքն պիտի ավելանար ներքին արտադրանքի սպառումը: Բայց տեսնենք, թե ինչ է արձանագրել պաշտոնական վիճակագրությունը: Հենց հունվար ամսին տարօրինակ փաստ գրանցվեց: Այդ ամիս ներմուծվեց 1 մլն 206 հազար դոլար արժեքի ցեմենտ: Փետրվարին ավելի բարձր արժեք գրանցվեց` 2.75 մլն դոլար: Մարտին նույնպես` 3.9 մլն դոլարի: Այս ընթացքում մեր իշխանավորներն արդեն խորհրդարանում, մամուլում ու այլուր քննարկում էին ներմուծման տուրքը ավելացնելու անհրաժեշտությունը: Ապրիլին ներմուծվեց 5.2 մլն դոլարի ցեմենտ: Խորհրդարանական քննարկումները շարունակվում էին, երբ մայիս ամսվա ներմուծումները հասան 5.4 մլն ցուցանիշին: Հունիսին որոշումն ընդունվեց և ներմուծումները նվազեցին` նախ 4 մլն-ի, հետո՝ մոտ 970 հազար դոլարի, ապա հուլիսին կազմեցին մոտ 872 հազար դոլար:

2018թ․ պաշտոնական տվյալներով՝ Հայաստան ներմուծվել էր 26 մլն 414,5 հազար դոլարի ցեմենտ: Իսկ այս տարի առաջին վեց ամիսներին արդեն ներկրվել է 22.452 մլն դոլարի: Այն կազմում էր նախորդ տարվա ներկրումների 85 տոկոսը: Իսկ պաշտոնապես հրապարակված հունվար-օգոստոս քաշով արտահայտված ներմուծումները կազմել են մոտ 202.4 հազար տոննա: Անհավանական փաստ․ այն արդեն ավելին է, քան 2018-ի ցուցանիշը: Անցած տարի ներկրվել է 181.8 հազար տոննա ցեմենտ:

«Ի՞նչ տնտեսական հետևանքներ ունեցավ հովանավորչության փորձը»․ հարցն իր բնույթով դառնում է հռետորական: Որովհետև արտահանման գծով էլ նախորդ տարվա հետ համեմատ պատկերը նույն տրամաբանության (ու տրամադրության) ծիրի մեջ է: 2018թ․ արտահանվել էր 189 հազար դոլար արժեքի 4 հազար տոննա ցեմենտ: Այս տարվա առաջին ութ ամիսների ցուցանիշը սա է՝ 19 հազար դոլար արժեքով 88 տոննա ցեմենտ է արտահանվել: Տնտեսական հովանավորչություն-պրոտեկցիոնիզմի առաջին փորձը կարծես՝ ձախողվեց: Հուսանք, որ այն չի մոռացվի նոր ծրագրեր կազմելիս:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը