Քաղաքական

15.10.2019 14:45


Մանվել Գրիգորյանի փաստաբանը միջնորդում է նիստերն անցկացնել հիվանդանոցում

Մանվել Գրիգորյանի փաստաբանը միջնորդում է նիստերն անցկացնել հիվանդանոցում

Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ գործով այսօրվա դատական նիստին կրկին չէր մասնակցում ամբաստանյալ Մանվել Գրիգորյանը։ Փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ բժիշկներն են արգելել իր պաշտպանյալին տեղափոխել դատարան։

«Քանի որ դուք արդարադատություն եք իրականացնում, ես միջնորդում եմ, որպեսզի գնանք ու հենց հիվանդանոցում դատական նիստ անցկացնենք։ Անձը չի ներկայանում, որովհետև քայլելու, շնչառության հետ կապված խնդիրներ ունի։ Ես միջնորդում եմ, որ գնանք ու արդարադատություն իրականացնենք հիվանդանոցային պայմաններում։ Նա այսօր հիվանդասենյակում է գտնվում»,-ասաց փաստաբանը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ում նախագահությամբ ընթանում է դատավարությունը, հայտարարեց, որ նշանակված փորձաքննության եզրակացությունը դեռ չեն ստացել, հետեւապես չգիտեն, տվյալ անձն ի վիճակի՞ է մասնակցելու դատական պրոցեսին։

«Դա պարզ կդառնա եզրակացությունը ստանալուց հետո։ Դատարանը որոշում է հետաձգել միջնորդության քննությունը, մինչև գործով էական հանգամանքների պարզումը»,-ասաց դատավորը։

Հիշեցնենք, որ փաստաբանի մի քանի անգամ միջնորդություն է ներկայացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, ինչը մերժվել է։

Հիշեցնենք՝ Մ. Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ։ Նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև նրա կինը` Նազիկ Ամիրյանը, ում մեղադրանք է առաջադրվել «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ապօրինի կերպով ձեռք բերելու, փոխադրելու և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու համար։

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը