Կարծիք

05.05.2010 13:20


Մեր ողբերգությունների բուն պատճառներն առաջին հերթին ներքին են

Մեր ողբերգությունների բուն պատճառներն առաջին հերթին ներքին են

Ստորև ներկայացնում ենք Վաշինգտոնում տեղի ունեցած PFA-ի(Policy Forum Armenia) «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ. Անկախությունից 20 տարի անց» թեմայով երկրորդ տարեկան համաժողովում  Ժիրայր Սեֆիլյանի զեկույցը։

Յուրաքանչյուր ազգ, ժողովուրդ մարդկային հասարակության առաջընթացի և զարգացման մեջ ունի առաքելություն' ինքնուրույն նպատակ և առանձնահատուկ ներդրում:

Փորձեմ ներկայացնել հայ ազգի հարատևման համար անհրաժեշտ մեր մոտեցումները:

Հոգու և նյութի ներդաշնակ զուգակցումը պետք է դառնա  մարդկային համակեցության զարգացման հիմքը:

Ուստի, մեր երկրում նման համակարգի կայացման միջոցով կարելի կլինի ստեղծել բնույթով ազգային, էությամբ համամարդկային պետական կառավարման համակարգ, որն էլ կարող է օրինակ ծառայել մնացյալ ազգերի ու ժողովուրդների համար։

Ամենևին ժամանակավրեպ չեմ համարում խոսել այդքան հավակնոտ նպատակի, այն իրականացնելու ծրագրերի մասին, որքան էլ որ դժգույն է այսօր մեր ներկան:

Վերլուծելով հայության ներկա վիճակը, փնտրելով մեր ողբերգությունների բուն պատճառները կարող ենք արձանագրել, որ դրանք առաջին հերթին ներքին են և հետո, որպես մեր թույլ և խոցելի վիճակի հետևանք, արտաքին:

Ժողովրդավարություն, ազատականություն, արդարականություն, անկախություն, պետականություն, մարդու իրավունքներ, ահա հակիրճ թվարկումն այն արժեքների, որոնք միջոցից վերածվել են նպատակի։ Մինչդեռ անկախությունն ընդամենը անհրաժեշտ միջոց է, պետությունը՝ լոկ կազմակերպման ձև, ժողովրդավարությունը' սոսկ  կառավարման եղանակ է և ոչ նպատակ, ի տարբերություն իրական նպատակների և արժեքների՝ բարոյականության, մարդասիրության, ինքնատիպության պահպանման, կատարելագործման։

Մեր տարածաշրջանում տարատեսակ շահեր ունեցող կենտրոնները Հայաստանում գործող հասարակական, քաղաքական, կրոնական, բարեգործական և այլ կազմակերպությունների միջոցով քաղաքական զանազան ներարկումներ են իրականացնում: Կուսակցությունները, ուղղակի կամ միջնորդավորված, կառավարելի և վերահսկելի են հիշյալ կենտրոնների կամ նրանց կողմից կառավարվող ,Հայաստանի իշխանությունե կոչվող խամաճիկային վարչախմբի կողմից:

Ո՞րն է արտերկրի հայության ներդրումը Հայաստանի քաղաքական կյանքում, ինչպիսի՞ տեսք ունի այն։

1991 թվականից իշխանությունները որդեգրեցին նաև այն վնասակար մոտեցումը, թե Հայաստանով պիտի զբաղվեն հայաստանցիները, իսկ արտերկրով' այնտեղ բնակվող հայերը: Այս մոտեցումը ժամանակի ընթացքում դարձավ կարծրատիպ, ինչը դժբախտաբար մինչ օրս շարունակվում է: Օր առաջ անհրաժեշտ է փշրել այդ կարծրատիպը ու հռչակել, որ յուրաքանչյուր հայ, ուր էլ որ նա բնակվի, իրավունք ու պարտականություն ունի զբաղվելու իր հայրենիքի ներքին անցուդարձով, ազգային խնդիրներով, որոնք ուղղակի կապ ունեն մեր երկրի ու ժողովրդի լինելիության հետ:

Յուրաքանչյուր մտահոգ հայ մարդ թե՛ Հայաստանում և թե՛ արտերկրում պիտի ջանա գտնել այն առողջ ազգային միավորը հայրենիքում, որին օժանդակելով հնարավոր կլինի վերջ դնել այլոց կողմից, և Հայաստանի վարչախմբի ձեռքերով մեր երկրի  ղեկավարումը:

Ինչ վերաբերում է Հայաստան-արտերկիր տնտեսական կապերին, ապա կարծում եմ, որ ժամանակն է դադարեցնել արտերկրից Հայաստան մտնող այն բարեսիրական կամ տնտեսական ներդրումների հոսքը, որոնք սնուցում են օրվա ռեժիմին, երկարաձգելով նրանց կործանարար իշխանությունը:

Համոզված եմ, որ նոր զարթոնք ապրող հայ հասարակությունը, ի դեմս հայ երիտասարդության, թե' Հայաստանում և թե' արտերկրում փնտրում է նոր ազգային-քաղաքական գաղափարներ, ծրագրեր և առաջնորդներ:

Առկա քաղաքական ճգնաժամը կարող է հաղթահարել միայն այն քաղաքական ընտրանին, որն անկախ է օտարից, չի կառավարվում և ֆինանսավորվում նրա կողմից և ազգային շահը գերադասում է հատվածականից:

Այժմ մեր անելիքներն ըստ առաջնահերթության.

- հայ զինվորի կողմից այսօր հսկվող հայրենիքի մերօրյա սահմաններում հայոց պետականության կայացում,

- արտերկրի հայությանը կազմակերպելու և Արևմտյան Հայաստանի հայության իրավունքները վերականգնելու նպատակով Արևմտյան Հայաստանի աքսոր կառավարության դրոշի ներքո արտերկրի հայության համախմբում,

- վերոնշյալ երկու  կառույցները համակարգող  Համահայկական քաղաքական կառավարման համակարգի ձևավորում։

Կարծում եմ, որ այս ամենի իրականացման հիմքը պետք է դառնա պահի լրջության գիտակցումն ու սարդարապատյան անպարտելի ոգու վերահաստատումը յուրաքանչյուրիս մեջ։

Ժիրայր Սեֆիլյան

Այս խորագրի վերջին նյութերը