Մեկնաբանություն

15.10.2019 11:05


«Հարվածի ուղղությունը» շեղելու մաստեր-կլաս` Նիկոլից հատուկ անգրագետ Պողոսի և իր բազմանդամ ընտանիքի համար

«Հարվածի ուղղությունը» շեղելու մաստեր-կլաս` Նիկոլից հատուկ անգրագետ Պողոսի և իր բազմանդամ ընտանիքի համար

Առիթ ունեցել ենք ասելու` միակ բանը, որ «թավշյա իշխանությունը» կարողանում է անել, եւ բավական հաջող, անգրագետ Պողոսի (եւ ոչ միայն նրա) ուշադրությունը կարեւոր հարցերից շեղելը եւ երրորդական, չորրորդական խնդիրների վրա սեւեռելն է։

Ասվածի ամենաթարմ օրինակը Նժդեհին «ադրբեջանցի կիրթ գործընկերոջ» հարձակումից պաշտպանելու «բեմականացված ակցիան» էր, որի միջոցով Փաշինյանը միանգամից մի քանի նապաստակ խփեց։

Նախ, «վարպետորեն» շեղեց հասարակական կարծիքը «Հայելի» ակումբի վրա հարձակումից։

Երկրորդ`գոնե ժամանակավորապես մոռացության մատնեց ԵԱՏՄ երեւանյան գագաթաժողովի անդրկուլիսյան վայրիվերումները, երբ Պուտինը ռեստորանային 10 րոպեանոց «երկկողմ հանդիպումից» հետո շտապեց Ռուսաստանի դեսպանատուն`իր աջակցությունը հայտնելու Քոչարյաններին, բայց «ժողովրդի հպարտ եւ ինքնիշխան վարչապետը» մի հատ էլ օդանավակայանում հասցրեց հանդիպել եւ «փայլուն զրույց» ունենալ նրա հետ։ Այդքանը քիչ համարելով` մեկի տեղը երկու անգամ շնորհավորեց Պուտինի ծննդյան օրը, եւ անգամ այդ պարագայում դեղին քարտ ստացավ Ռուսաստանի արտգործնախարարից «Արցախը Հայաստան է, եւ վերջ» ասելով`բանակցությունները փակուղի մտցնելու համար։

Եվ այս ամենից հետո Ալիեւը Վալդայում (ո՛չ թե Ադրբեջանում)`Պուտինի ներկայությամբ, հայտարարեց`«Ղարաբաղը Ադրբեջան է, եւ բացականչական նշան», ու որեւէ առարկության չհանդիպեց ոչ Պուտինի, ոչ էլ անգամ մեր արտաքին գերատեսչության կողմից։ Սա այն դեպքում, երբ Նիկոլը նախ ԱԳՆ խոսնակի միջոցով, ապա անձամբ ՄԱԿ-ի ամբիոնից ջրեց Ստեփանակերտում պարզած «դուխով» կարգախոսը եւ «եւս մեկ անգամ» հավաստեց`«ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի համար»։ Իսկ Ադրբեջանում Ալիեւի «դուխով» հայտարարությունն ականջի հետեւ չգցեցին` արդեն իսկ փորձում են կյանքի կոչել «քաղաքացիական նախաձեռնությունների» ձեւաչափով։

Չհասցրինք մարսել այս անվերծանելի շիլան`Աշխաբադից հերթական «բարի լուրն» ստացանք. Նիկոլը Ալիեւին տված «աննախադեպ հուժկու հակահարվածից» գրեթե անմիջապես հետո, բթացնելով մեր զգոնությունը, «քեֆի սեղանի» շուրջ մեկուկես-երկու ժամ «թեթ ա թեթ» հանդիպել եւ զրուցել է նույն Ալիեւի հետ։ Այն, որ Նիկոլի «կոշտ» հակահարվածին ի պատասխան` Ադրբեջանի սուլթանը ոչ պակաս կոշտ հակահարված է տվել ապագա սեղանակից ընկերոջը` ասել է, որ մեզ մեղադրելով «ֆաշիզմի» գաղափարախոսներին հերոսացնելու մեջ, ոչ թե իր անձնական կարծիքն է ներկայացրել, այլ հղում է արել ռուս փորձագետների եւ ԱԳՆ-ի «սկզբունքային տեսակետներին», բնականաբար, դուրս մնաց պաշտոնական լրահոսից։

Եվ ահա, «թավիշների» համար «ոչ միանշանակ» այս իրավիճակում Նիկոլը մտքի հերթական փայլատակումն ունեցավ Արագածոտնի մարզում, եւ սոցիալական ցանցերը, բանուգործ թողած, ծաղրուծանակի առարկա դարձրին վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի անհեթեթ հայտարարությունը «Աբրահամի դրախտից քշվելու» մասին։

Բյուջեի հաշվին 49 միլիոն դրամանոց (ավելի քան 100 հազար դոլարանոց) պրոպագանդիստական պաստառներ պատվիրելու, թանկարժեք չարտերային ինքնաթիռ վարձելու, սեփական կեցավայրը երկու միլիոնանոց կապիտալ վերանորոգման ենթարկելու շուրջ թեժ քննարկումները, որոնց ֆոնի վրա նույնիսկ Վիտալի Բալասանյանից հակահերոս, Սեֆիլյան եւ կամպանիայից` «քարոզչական ահաբեկչության» եւ բռնության պոտենցիալ զոհ սարքելու «ազգանվեր ջանքերը» խամրեցին`ձեզ նվեր։

Տեղեկատվական այս ժխորի մեջ հարցերի հարցը`ամբողջ երկու ժամ ինչի՞ մասին են, ի վերջո, խոսել Ալիեւը եւ Փաշինյանը, ի՞նչ են պայմանավորվել, «ինքնաբուխ» այդ հանդիպումն ի՞նչ նոր փորձանք կբերի մեր գլխին, մղվեց հետին պլան։

Այդպես էլ չիմացանք` Ադրբեջանի միապետը Փաշինյանին ինչ նոր «փաստեր» կամ «փաստաթղթեր» է փոխանցել Արցախյան պատերազմի, կարգավորման գործընթացի, ապրիլյան քառօրյայի «մութ էջերից», որ կարող է օգտագործել Արցախի նախկին եւ գործող ղեկավարների, հերոսների, գեներալիտետի դեմ։ Կամ`պայմանավորվածություն ձեռք բերե՞լ են իրար «պադդերժկա» անելու վերաբերյալ, Նիկոլի դիրքերն ամրապնդելու նոր սցենարներ մշակե՞լ են, որ հարկ եղած դեպքում կարողանա «դուխով զիջումների» գնալ Արցախի հարցում։

Այս հարցերը մնացին անպատասխան, տարրալուծվեցին լրատվական հոսքերի առատության մեջ`ազատելով Նիկոլին Արցախի հարցում իրականացվող «աննախադեպ հայամետ, բաց եւ թափանցիկ» քաղաքականության մասին հաշվետու լինելու պատասխանատվությունից։

Մինչեւ ե՞րբ կարող է շարունակվել այս ամենը`սատանան գիտի...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը