Մեկնաբանություն

13.10.2019 23:26


Պետության «օջախացումը»

Պետության «օջախացումը»

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանն իր օջախն է և ժողովուրդն՝ իր ընտանիքը, մի փոքր համեստություն է անում ու ահագին բան թաքցնում, այսինքն՝ չի ասում այն, ինչն անում է հպարտ քաղաքացիների հաշվին ու հպարտ քաղաքացիների անունից։

Համեստությունն այն է, որ նա մինչև վերջ չի բացվում, քանզի բացվելու դեպքում պետք է միտքը շարունակեր ու հայտարարեր, որ ինքն էլ պետության «պապան» է։ Դե իսկ «պապան», ինչպես հայտնի է, անփոխարինելի է ու պետք է ցմահ իշխի՝ արժանանալով բալիկների, այսինքն՝ «հպարտ քաղաքացիների» հիացական գնահատականներին։

Պետության «օջախացումը» ավտորիտար հակումներով և լուրջ կոմպլեքսներ ունեցող մարդկանց կոդն է։ Օջախի անունից և, իբր, օջախի համար ամեն մի ապօրինություն արդարացնելը մեր արժեհամակարգում ուրույն տեղ ունի։ «Տուն ենք պահում» ձևակերպման տակ հիմնավորվում է «ձախ» եկամուտն ու թալանը։

«Ինչ անում ենք՝ երեխաների համար ենք անում» բանաձևը ևս գռեհկացվել է։ Այն դարձել է հակաքաղաքացիական ու հակապետական, քանզի այդ բանաձևի օգնությամբ արդարացվում է կոռուպցիան և թալանը։ «Տուն պահողին» նույնիսկ արդարացնում է հանրության այն հիվանդ հատվածը, որը ոչ թե դեմ է թալանին, այլ վատ է զգում, որ ի՛նքը չունի թալանի հնարավորություն։ Նիկոլը հենց այդ շերտի ներկայացուցիչն է, որն այժմ ստացել է ձեռքը պետության գրպանը մտցնելու անսահմանափակ ու անվերահսկելի հնարավորություն։ Ու մտցնում է։

Նիկոլի չասածները հենց դրան են վերաբերում։ Երբ պետությունն ու ժողովուրդը նա նույնացնում է օջախի ու ընտանիքի հետ, դրանով ուզում է ասել, որ պետական բյուջեն էլ ինքն իրավունք ունի օգտագործել այնպես, ինչպես ընտանիքի հայրն է օգտագործում տան փողերը, այսինքն ծախսում է այնպես, ինչպես ուզում է և ինչքան ուզում է։ Քանզի հպարտները դեռ հարց չեն տալիս և հույս ունեն, որ շուտով իրենց էլ է բաժին հասնելու։ Բայց չգիտեն, որ առավելագույնը ստանալու են ֆեյսբուքյան «լայվ»։

Վարչապետ դառնալուն պես Նիկոլը մտել է պետական բյուջեի գրպանն ու դուրս չի գալիս այնտեղից։ «Հպարտներին» նա կերակրում է կոպեկ առ կոպեկ գողացածը վերադարձնելու կոչերով, բայց իրականում՝ միլիոնավոր դոլարներով մսխում պետական բյուջեն։ Թանկարժեք չվերթներ, զրահապատ ավտոմեքենաներ, ընտանեկան շրջագայություններ, սեփական փիառի համար՝ 100 հազար դոլար, 2 միլիոն դոլար փաստացի նոր տուն կառուցելուն և այլն, և այլն, և այլն։

Որքան շատ է Նիկոլը խոսում թալանից, այնքան շատ է թալանվում պետբյուջեն՝ բնականաբար, օրենքի ֆորմալ կողմը պաշտպանելով։ Նրա «ատմազկան» այն է, որ ինքը ճամպրուկներով փող չի վերցնում սեփականատեր դարձած լֆիկներից, բայց դե փոխարենը նա մեշոկներով ծախսում է պետբյուջեի հաշվին՝ բացառապես անձնական կարիքների համար։ Համ էլ՝ դեռ պարզ չէ, թե արդյոք նախկին օլիգարխները կամ պաշտոնյաները բավարարվում են միայն հեղափոխականների գլխին հովանոց պահելո՞վ, թե՞ զուգահեռաբար նաև մուծվում են ուսապարկերով։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը