Մեկնաբանություն

09.10.2019 08:45


Մավրն արել է իր գործը, մավրը պե՛տք է հեռանա

Մավրն արել է իր գործը, մավրը պե՛տք է հեռանա

Փաշինյանը` ալպիական մանուշակի բույրից արբեցած բզեզի պես «ընկղմված» իր վարչապետական «կայֆերի» մեջ, ոնց որ թե դեռ տեղը չի բերում`ինչ փորձանք է բերել մեր եւ իր գլուխը՝ պատերազմ հայտարարելով Արցախյան պատերազմը կերտողներին`հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, գեներալիտետին, բոլոր նրանց, ում համար Արցախը դատարկ խոսք չէ, առավել եւս` ինքնահաստատվելու միջոց կամ քաղաքական առուծախի առարկա չէ։

Չի՛ հասկանում, որ կրակի հետ է խաղում` ձեռնոց նետելով այն ամենին, ինչը հային հայ է պահում, պետությունը` դարձնում պետություն, պետականությունը` պետականություն, երկիրը` երկիր, ժողովրդին`ազգ։

Չգիտի`գլխի չի ընկել, որ ցինիզմի, փարիսեցիության, ստի ոտը կարճ է. կարելի է որոշ ժամանակ մոլորեցնել ժողովրդին, տեւական ժամանակ խաբել ժողովրդի մի մասին, բայց ամբողջ ժողովրդին երկար ժամանակ խաբել եւ մոլորության մեջ պահել, սեւը սպիտակի, թացը` չորի, բացահայտ կեղծիքը` ճշմարտության, ապազգայինը` ազգայինի, ինքնիրավչությունն ու կամայականությունը`արդարության, այլասերվածությունը` առաքինության տեղ անցկացնել ուղղակի անհնար է։

Իրեն հաշիվ չի տալիս, որ հնարավոր չէ անթաքույց, առանց ձեւականությունների ոտնատակ տալ մարդկային, բարոյական եւ իրավական բոլոր նորմերը, կատաղորեն հարձակվել եւ ծվատել դատական իշխանության անկախությունը, հետապնդել անհաճո լրատվամիջոցներին, քանդել պետական, ժողովրդավարական, քաղաքացիական ինստիտուտները եւ ոչնչացնել քաղաքական համակարգը, որպես այդպիսին, կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ կազմալուծել բանակը, կաթվածահար անել տնտեսությունը, երկրում անձի պաշտամունքի, յուրայինների համար անպատժելիության եւ ամենաթողության մթնոլորտ ստեղծել, այդքանից հետո` ՄԱԿ-ի ամբիոնից աշխարհին «ժողովրդավարության» մաստեր-կլաս ցույց տալ, ու մնալ անպատիժ։

Արգելակներն անջատած`անցել է բոլոր կարմիր գծերը, եւ կարծում է, թե առաջվա պես ամեն ինչ մարսելու է։ Իրեն «սուպերմենի» տեղ դրած` ոչնչացնում է ամեն ինչ ու բոլորին, ինչ հանդիպում է դժոխք տանող «վարդերով սփռված» իր ճանապարհին։ Պետական մտածողության, մարդկային պարզ տրամաբանության եւ տարրական ողջամտության դեմ տարած պյուռոսյան հաղթանակներով ոգեշնչված`ինքն իրեն հավատացրել է, որ «ցարի բոգն» է. ինչ ուզի`կանի, ում վրայով եւ ինչի վրայով ոնց ուզի` կարող է անցնել։

Եվ մտքի ծայրով անգամ չի անցկացնում, որ այդպես չի՛ լինում. զանգվածային հոգեխանգարմունքի այս հաղթարշավը չի կարող անվերջ շարունակվել`վաղ թե ուշ գալու է հատուցման ժամը, եւ պատասխան է տալու իր կերած «ղալաթների» համար` իր ցանած թունավոր սերմերի պտուղներն իր դեմ են շուռ գալու։ Ու պատասխանն այդ «հուժկու» է լինելու` դո՞ւր է գալիս դա «Հայելի» ակումբի փակ դռների մոտ «նիկոլություն» արած թավշյախուլիգանական տարրերին, թե՞ ոչ։

Երկրում բա՛ն է փոխվել։ Քոչարյանի գործը վաղուց արդեն դադարել է միայն Քոչարյանի եւ աջակիցների գործը լինելուց, ճիշտ այնպես, ինչպես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման «թնջուկն» այլեւս միայն Հրայր Թովմասյանի խնդիրը չէ։ Խոսքի ազատության վրա «ձվեր շպրտող» ստահակներին կարգի հրավիրելու եւ պատժելու հարցն էլ վաղուց արդեն դուրս է եկել Անժելա Թովմասյանի անձնական կամ մասնագիտական հետաքրքրությունների տիրույթից եւ դարձել է ժողովրդավարական ինստիտուտների լինել-չլինելու հարց։

Լրջանալու ժամանակն է։ Նիկոլը պետք է հասկանա, որ ինքը եւ իր նազիր-վեզիրները Հայաստանում է՛լ անելիք չունեն`ինչքան շուտ «փասա-փուսեքը հավաքեն» ու գնան գրողի ծոցը՝ ազատելով մեզ իրենց «շինիչ գործունեության» աղետալի հետեւանքներից, այնքան լավ բոլորի, այդ թվում` նաեւ իրենց համար։

Հասկանում ենք, գիտենք` հանուն աթոռի ամեն ինչի ընդունակ է, պատրաստ է փուռը տալ թե՛ պետությունը, թե՛ յուրայիններին, թե՛ առավել եւս հակառակորդներին, բայց գոնե սեփական անվտանգության նկատառումներից ելնելով` լավ կանի, սուսուփուս հրաժարական տա, հեռանա եւ ասպարեզը թողնի բանական մարդկանց, տեսնենք` գլուխներս ինչ է գալիս...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը