Աշխարհ

03.05.2010 18:01


Թուրքագետ. «Թուրքիան փոխում է իր արտաքին քաղաքականությունը»

Թուրքագետ. «Թուրքիան փոխում է իր արտաքին քաղաքականությունը»

-Այսօր Թուրքիան փոխում է իր արտաքին քաղաքականությունը. նախկին միավեկտոր՝ դեպի Արևմուտք գնացող քաղաքականությունը փոխում է բազմավեկտորով,-հրավիրված մամուլի ասուլիսում այսօր հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանն ու նշել, թե Թուրքիան Հարավային Կովկասում առաջնորդ երկիր դառնալու քաղաքական նպատակ ունի։

-Այս երկու տարիներին տեսանք, որ Թուրքիան գնալով ավելի մեծ շեշտադրումներ է անում Հարավային Կովկասում, և մենք, ինչպես միշտ, այդքան էլ պատրաստված չէինք։

Ըստ թուրքագետի՝ 2011թ. Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները բավական կարևոր են լինելու.

-Ի՞նչ պատճառով էր Էրդողանի կառավարման վերջին տարին համարվում Թուրքիայի արտաքին քաղաքականությունում տարած հաղթանակների տարի, որովհետև իշխանությունը միահեծան էր, կոալիցիոն կառավարություն չկար, և կուսակցությունն ինչ որոշում կայացնում էր, կարողանում էր լիարժեք կերպով այն հասցնել վերջնակետին։

Արտակ Շաքարյանի հաղորդմամբ՝ 2011-ի ընտրություններում, ըստ մի շարք թուրքական և ամերիկյան վերլուծությունների, հաղթելու են  ազգայնական ուժերը, այսինքն՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողանալու միահեծան, ոչ կոալիցիոն կառավարություն կազմել։

Դա էլ, ըստ բանախոսի, ունի թե՛ դրական, թե՛ բացասական երանգ.

-Դրականն այն է, որ Թուրքիայում այլևս այդքան հեշտությամբ որոշումներ չեն կայացվի. միջկուսակցական գզվռտոցը կարգելակի Թուրքիայի արագ ընթացքը։ Բացասականն այն է, որ եթե ազգայնականներն են գալիս իշխանության, ապա Թուրքիայի՝ դեպի Հարավային Կովկաս ծավալվելու քաղաքականությունը նրանց մոտ կստանա աջակցություն, ինչպես նաև հակահայկական տարրերն այնտեղ ավելի կուժեղանան,-եզրակացրել է Արտակ Շաքարյանը։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը