Քաղաքական

07.10.2019 18:16


Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը ենթակա է վերացման․ պաշտպան

Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը ենթակա է վերացման․ պաշտպան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս պահին ելույթ է ունենում գործով մեղադրյալ, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Վերջինս միջնորդություն ներկայացրեց դատարանին Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու մասին՝ նշելով, որ այդ որոշումն ի սկզբանե եղել է ապօրինի․ «Ուսումնասիրելով Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք նորմեր՝ մենք նկատում ենք, որ գործի քննության ընթացքում պատշաճ վարքագիծ ապահովելու համար կարող է ընտրվել թվով յոթ խափանման միջոցներից մեկը, եւ խափանման միջոցի ընտրության որոշման հիմքերը պետք է արտացոլվեն պատճառաբանական մասում։ Սակայն քննիչի որոշման մեջ որեւէ հիմքի մասին խոսք չի գնում, այլ կերպ ասած՝ քննիչը չի նշել, թե Արմեն Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման համար ինչն է հիմք հանդիսացել»։

Ալեքսանյանի խոսքով՝ գործնականում լինում են դեպքեր, երբ այդ հիմքերը նշվում են ձեւականորեն, բայց այս դեպքում ընդհանրապես նշված չեն․ «Եվ միայն սա բավարար է՝ փաստելու, որ ի սկզբանե Արմեն Գեւորգյանի ազատ տեղաշարժման իրավունքը խախտվել է։ Սակայն սա մեր միջնորդության միակ հիմքը չէ»։

Երկրորդ հիմքը, ըստ պաշտպանի, հանդիսանում է այն, որ դեռ մինչդատական վարույթում միջնորդություն էր ներկայացվել Գեւորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյա, ինչը մերժվել էր․ «Երկու մեղադրանքներով, մասնավորապես՝ կաշառքի եւ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, դատարանն արձանագրել էր հիմնավոր կասկածի բացակայություն, իսկ փողերի լվացման դրվագում թեեւ արձանագրել էր հիմնավոր կասկածի առկայությունը, ինչի հետ մենք մինչ օրս համաձայն չենք, բայց անդրադառնալով խափանման միջոցին՝ դատարանն արձանագրել էր, որ բացակայում են խափանման միջոց կիրառելու հիմքերը»։

Ըստ պաշտպանի՝ հետագայում, երբ այդ դատական ակտը ենթարկվել է ստուգման բարձր ատյանների կողմից, դարձյալ հաստատված է համարվել․ «Այսպիսով, ունենք մի դատական ակտ, որով արձանագրվել է, որ իսպառ բացակայում են Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերը, հետեւաբար որեւէ տեսակի խափանման միջոց, այդ թվում՝ ստորագրությունը չհեռանալու մասին, ընտրվել չի կարող, իսկ ընտրված լինելու դեպքում ենթակա է վերացման»։

Մերժման դեպքում պաշտպանը խնդրեց քննարկել Արմեն Գեւորգյանի կողմից ժամանակավորապես՝ հոկտեմբերի 26-ից մինչ նոյեմբերի 4-ը, երկրից բացակայելու հարցը․ «Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս պետք է հերթական բուժզննում անցնի եվրոպական երկրներից մեկում՝ Ավստրիայի Հանրապետությունում, ինչի վերաբերյալ ներկայացվում են համապատասխան փաստաթղթեր»։

Դատավորի հարցին, թե կոնկրետ ինչ զննություն պետք է անցնի Արմեն Գեւորգյանը, պաշտպանը նշեց, որ խոսքը վերաբերում է սրտին։ Դատավոր Դանիբեկյանը ընթերցեց իրեն ներկայացված փաստաթղթերից մի հատված՝ նշելով, որ որպես երկրից բացակայման հիմք բերվում է գործնական հանդիպման հանգամանքը։ Պաշտպանը հավելեց, որ իրենց միջնորդությունը անհրաժեշտ է ինչպես բուժզննման, այնպես էլ գործնական հանդիպումների համար։

Մեղադրող կողմը առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ պաշտպանների խոսքերում առկա են հակասություններ․ «Պաշտպանական կողմը նշում է, որ դատարանը փաստել է, որ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերն իսպառ բացակայում են։ Սակայն դատարանը չէր կարող եւ չուներ լիազորություն՝ փաստելու այլ խափանման միջոցների կիրառման իսպառ բացակայությունը կալանավորումից բացի, քանի որ մինչդատական վարույթի շրջանակում քննվել է միայն կալանավորման հարցը»։

Դատախազն ընդգծեց նաեւ, որ կիրառված խափանման միջոցին սույն դատարանը իր՝ դատական քննության նշանակելու մասին որոշման մեջ անդրադարձել է․ «Ուստի կիրառված խափանման միջոցն օրինական է, այն վերացնելու հիմքեր չկան»,-նշեց դատախազ Պետրոս Պետրոսյանը։

Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանն էլ հավելեց, որ ժամանակավորապես ՀՀ-ն լքելու վերաբերյալ միջնորդությունը պատշաճ հղումներ չէր պարունակում, եւ հակասական էր․ «Դատարանին չներկայացվեց գեթ մեկ պատճառ, թե անձի առողջության պահպանության ինչպիսի միջոցառումներ պետք է ձեռնարկվեն, որոնք հնարավոր չէ իրականացնել ՀՀ տարածքում»։

Բաղդասարյանն ընդծեց նաեւ, որ Արմեն Գեւորգյան գործնական մեծ կապեր ունի ՀՀ-ից դուրս, ինչը մեծացնում է քննությունից խուսափելու ռիսկը․ «Սրանից բացի չի ներկայացվել հիմնավորում, որ երկրից բացակայելու հիմքը օրհասական է, եւ որ առհասարակ, երկրից բացակայելու վերաբերյալ առկա են բավարար հիմքեր»։

Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի վաղը՝ հոկտեմբերի 8-ին՝ ժ․ 13։00-ին։

Այս խորագրի վերջին նյութերը