Մեկնաբանություն

07.10.2019 17:55


Ալիևը շշկռվել է

Ալիևը շշկռվել է

Սոչիում հպարտ կանգնած Ալիևը հայտարարեց, որ Ղարաբաղը Ադրբեջան է: Դա ասելուց հետո նա բացականչական նշան դրեց:

Ալիևն այդպիսով արձագանքում էր Նիկոլ Փաշինյանին, ով Ստեփանակերտում հայտարարել էր, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»:

Մի կողմ թողնելով Փաշինյանի հայտարարության պոպուլիստական, հուզական ու վտանգավոր կողմերը՝ նկատենք, որ Ալիևի մոտ շշկռվածություն կա: Այդ շշկռվածությունը բերել է հաբռգածության:

Ալիևը, ըստ երևույթին, շշկռվել ու հաբռգել է Նիկոլ Փաշինյանի հետ շփումների, նրա հայտարարությունների հետևանքով: Բայց Ալիևը պետք է իմանա, որ Փաշինյանը հայ ժողովուրդը չէ, և եթե նա հանկարծ շշկռվի ու փորձի Էլչիբեյի և իր հոր՝ Հեյդար Ալիևի քայլերը կրկնել՝ ձգտելով «Ոտքերը լվանալ Սևանում», ապա ստիպված կլինի հանդիպել հայ ժողովրդի հակահարվածին: Ալիևը ստիպված կլինի բացականչական նշանը փոխարինել աղիողորմ ձայներով ու ոռնոցով:

Մենք հասկանում ենք, որ Փաշինյանի վարած քաղաքականությունը կարող է հանգեցնել պատերազմի, բայց դա ավելի շատ մեր ներքին խնդիրն է, իսկ ահա արտաքին թշնամու դեմ հայ ժողովուրդը միասնական կլինի, ու Ալիևը կամ նրա հաջորդը կրկին կսկսի լացել, բայց դա արդեն ադրբեջանցիների ներքին խնդիրը կլինի:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը