Կարծիք

07.10.2019 14:41


Սեփականատերերի զանգվածային ունեզրկման ռահվիրաները պայքարում են սեփականատերերի «զանգվածային ունեզրկման» դեմ

Սեփականատերերի զանգվածային ունեզրկման ռահվիրաները պայքարում են սեփականատերերի «զանգվածային ունեզրկման» դեմ

Քայլիշխանությունն, ինչպես հայտնի է, վերջնականապես սպառել է հրապարակներ լցնելու ռեսուրսը` գիտի, որ Երեւանում զոմբիների «կրիտիկական զանգված» հավաքելը զոռ գործ է (դրա համար կա հայկական Սփյուռք), եւ մարդկանց ականջներից «լապշա կախելու» այլընտրանքային հարթակներ է փնտրում։

ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովում հրավիրված «հանրահավաքը», որի անունը դրել է փաստահավաք խորհրդարանական լսումներ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով, այդ շարքից է։

Նպատակը մեկն է` Շենգավիթի շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական շոուին զուգահեռ` «ամբաստանյալ Քոչարյանին» դատելու եւ առանց դատ ու դատաստանի դատապարտելու մի հարթակ էլ խորհրդարանի հովանու ներքո ստեղծել։

Այս դեպքում` «քաղաքակիրթ աշխարհում ամենապաշտպանված սեփականության իրավունքի» ոտնահարման, քաղաքացիների «նպատակաուղղված զանգվածային ունեզրկման», դրա «կոռուպցիոն ռիսկերի» եւ մի քանի տասնյակ այլ «ծանր հանցագործությունների» հատկանիշներով։

Ի՞նչ կապ ունի Քոչարյանն այդ ամենի հետ, որպես պաշտոնատար անձ, ի՞նչ է արել, կոնկրետ ո՞ր գործողություններով է նպաստել «սեփականության իրավունքի զանգվածային խախտումներին»` նրանով, որ հավանությո՞ւն է տվել դեռեւս 1900-ականներին Ալեքսանդր Թամանյանի նախանշած «մեգապրոյեկտը» կյանքի կոչելու նախագծին, բնականաբար`բոլորովին կարեւոր չէ։

Կարեւորը «ամբաստանյալ Քոչարյանի» դեմ երկրորդ «ֆրոնտ» բացելն է։

Հետաքրքիր է, որ ԱԺ «բարձր ամբիոնից» երկրորդ նախագահի դեմ սուր ճոճողներից մեկն էլ հայտնի սորոսական ակտիվիստ Արսեն Խառատյանի մայրն է` Հրանուշ Խառատյանը, որ Քոչարյանի օրոք` 2004-2008թթ. «հանցավոր կառավարության» մաս էր կազմում`Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի վարչության պետն էր, եւ նույնիսկ հասցրեց պետական «արտոնագիր» շնորհել «Եհովայի վկաներին»։

Իսկ ամենից «հետաքրքիրն» այս պատմության մեջ այն է, որ «քաղաքակիրթ աշխարհում ամենապաշտպանված իրավունքի» ոտնահարման հարցն օրակարգ է բերել մի «քաղաքական ուժ», որ պատրաստվում է օրինականացնել կուլակաթափությունը, որպես սեփականատերերի զանգվածային ունեզրկման ուղիղ ճանապարհ` ընդունել օրենք առանց դատարանի վճռի անձի ունեցվածքը բռնագրավելու մասին...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը