Կարծիք

05.10.2019 16:24


Սավանարոլան, Սպիտակների (piagnoni) կուսակցությունը, նրա եղեռական վախճանը և ամբոխը

Սավանարոլան, Սպիտակների (piagnoni) կուսակցությունը, նրա եղեռական վախճանը և ամբոխը

Ջիրոլամո Սավանարոլան պատմության մեջ ամենահայտնի բռնակալաներից էր, որին, որպես այդպիսին, ընտրել էր ժղովուրդը։ Նա հանդես էր գալիս բարոյական մաքրության, Ավետարանի նորմերի սրբությամբ պահպանման համար և միապետների ու ազնվականների թշնամին էր։

Ջիրոլամո Սավանարոլան ծնվել է 1452 թվականին։ Նա կաթոլիկ միաբան, հռետոր և բանաստեղծ էր, 1494—1498 թթ․ հրաշալիագույն Ֆլորենցիայի լեգենդար բռնապետն էր։

Վերածննդի հայրենիք, շքեղությունների ու ստեղծագործական ազատությունների սիրահար Ֆլորենցիայի բարքերի անկումը Սավանարոլային հանգիստ չէին տալիս։ Եկեղեցու անբարոյական վիճակի մասին նրա բանաստեղծությունները տարածվում էին ողջ Իտալիայում։

Անպատասխան սիրո և մենաստանում անցկացրած տարիները նրան դարձրել էին անհաղորդ՝ մարդկային թուլությունների հանդեպ։ Սավանարոլան ֆանատիկոս էր և ատում էր անարդարությունը, ճոխությունը, զեխությունը։

Սավանարոլայի քաղաքական հակումները սկսվեցին բացահայտվել մենաստանում, որտեղ նա գրում է «Եկեղեցու անկումը» ստեղծագործությունը։ Գրքում ցույց է տալիս, որ մարդիկ կորցրել են երբեմնի մաքրությունը, կրթվածությունը, քրիստոնեական սերը, ինչպես նաև մերկացնում է Հռոմի պապերի արատները։

Սավանարոլան տաղանդավոր հռետոր էր, գրող էր, կազմակերպիչ էր, ինչը նրան դարձրել էր ամբոխի՝ հասարակ ժողովրդի սիրելին, ու նրան բազմությունն անվերապահ վստահում էր։

Ֆլորենցիայում Սավանարոլան եկեղեցում քարոզում էր բարքերի անկման, Աստվածաշնչի պահանջները չկատարելու դեմ, և շուտով նրա շուրջ ձևավորվում է Սպիտակների (piagnoni) կուսակցությունը։ Նա պնդում էր, որ ինքը Հին Կտակարանի քարոզիչների պես Աստծո խոսքն է փոխանցում և ով իրեն չի հավատում, Սև է ու պետք է նզովվի։ Պնդում էր, որ իր խոսքերը «իջնում» են երկնքից։

Վերջապես, Սավանարոլան Ֆլորենցիայի միապետ է հռչակում Հիսուս Քրիստոսին, իսկ իրեն՝ նրա ներկայացուցիչը։ Ողջ պետական կառույցները ու դատարանները միայն իրեն են սկսում ենթարկվել։ Նա խոստանում է թալանածը վերադարձնել ժողովրդին։

Իր քաղաքական կարիերան սկսելուց առաջ, երբ արդեն հայտնի քարոզիչ էր, Սավանարոլան Ֆլորենցիայի փառավոր արվեստի գլխավոր մեկենաս Լորենցո Հոյակապին մերժել էր մահվանից առաջ Ս․Հաղորդություն տալ։ Վերջինից պահանջել էր թալանածը վերադարձնել ժողովրդին և մարդկանց ազատություն տալ։ Ազատության մասին լսելուց հետո Լորենցոն նայում է Սավանարոլայի ֆանատիկոս աչքերին ու շրջում է դեմքը։ Սավանարոլան, սուրբ հոր պարտքը չկատարելով, դուրս է գալիս։

Սավանարոլան ստեղծում է ռեպրեսիվ ապարատ և իր հակառակորդներին վտարում է քաղաքից, տանջամահ է անում, ծակում է լեզուները, մահապատժի է ենթարկում։

Սկզբնական շրջանում Հռոմի պապը և հարևան միապետները, տեսնելով ամբոխի վրա նրա ունեցած հսկա ազդեցությունը, փորձում են իր հետ լեզու գտնել՝ առաջարկում էին կարդինալի աստիճան, տարբեր միջազգային հարցերում միջնորդի դեր, սակայն Սավանարոլան անդրդվելի էր։

Նրա դեմ պայքարում էին Սևերը՝ կատաղիները (arrabiati)- ազնվականության ներկայացուցիչները և Գորշերը- օրինական միապետների՝ Մեդիչիների կողմնակիցները։

Աշխարհիկ գաղափարների՝ Հումանիզմի կողմնակիցները՝ ի դեմս Սավանարոլայի, ձեռք էին բերել երդվյալ թշնամու, որը ոչ մի «իզմ» չէր ընդունում ու առհասարակ դեմ էր աշխարհիկ ուսմունքներին։

Սավանարոլայի թշնամիներն իր հետ պայքարեցին հենց իր իսկ զենքով՝ Աստվածաշնչի կանոններով։ Համաձայն Հին Կտակարանի՝ նրան առաջարկեցին անցնել Կրակի Փորձություն։ Նա պետք է անցներ խարույկների միջով, և եթե նրա գաղափարները ճշմարիտ են, ապա կրակը նրան կխնայեր։ Սավանարոլ հրաժարվում է Ճշմարտության Փորձությամբ անցնել։ Ամբոխը, տեսնելով նրա վախը, հիասթափվում է՝ նրան մեղադրելով վախկոտության մեջ։

Հաջորդ օրը կատաղած ամբոխը շրջապատում է Սան-Մարկո եկեղեցին, և նա իր հավատարիմ հետևորդների հետ վերցվում է կալանքի։

Հռոմի պապը Կատաղիների կուսակցության անդամների հետ դատ է կազմակերպում։ 14 օր հարցաքննությունների ընթացում նրան տանջում են։ 1498 թվականի մայիսի 22-ին մահվան են դատապարտում, իսկ հաջորդ օրը կախաղան են բարձրացնում՝ մարմինը հանձնելով կրակի։

Ամբոխը կատաղի ոգևորությամբ հրճվում է՝ տեսնելով իր նախկին կուռքի տառապանքները։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը