Կարծիք

05.10.2019 13:24


Բանակցային գործընթացի տապալումը կամ ո՞ւր է տանում Նիկոլը բանակցային գործընթացը

Բանակցային գործընթացի տապալումը կամ ո՞ւր է տանում Նիկոլը բանակցային գործընթացը

Նախօրեին Սոչիում` «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի շրջանակներում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, և հանդիպման ժամանակ արվել են որոշակի հայտարարություններ, որոնք հայ հասարակության համար պետք է լուրջ մտածելու առիթ դառնան:

Ոչ այնքան հարթ հայ-ռուսական հարաբերությունների և Հայաստանի համար ռուսական գազի սակագնի հարցի շուրջ աճող լարվածության ֆոնին Ադրբեջանի նախագահն առիթ չկորցրեց, այսպես ասած, խայթել Նիկոլին և նկատել ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարելավումը:

«Ինչպես դուք նշեցիք, մենք որոշ ժամանակ չէինք հանդիպել, ավելի ճիշտ` չորս ամիս: Սա բավականին երկար ժամանակ է, հաշվի առնելով մեր շփումների ինտենսիվությունն անցած տարվա ընթացքում»,-ասաց նա:

Բավականին թափանցիք ակնարկ է՝ հաշվի առնելով այն, որ Պուտինի և Նիկոլի միջև հանդիպման ժամանակահատվածը նույնպես կազմում է մոտ չորս ամիս:

Ավելին, Ալիևը մատնանշեց հենց Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի հետ ավելի սերտ տնտեսական հարաբերությունների գրավիչ լինելու փաստը:

Օբյեկտիվ հանգամանքների բերումով նման իրավիճակը եղել է նաև նախկինում, սակայն հայկական կողմի դիրքերն ավելի ամուր էին:

Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել և կարծել, որ Ադրբեջանը հետաքրքրված է միմիայն տնտեսությամբ:

Ակնհայտ է, որ աշխատելով տարբեր ուղղություններով, Ալիևը ձգտում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կշեռքի նժարը շրջել իր կողմը:

Եթե մեր «հարգարժան հարևանին» հաջողվի ստեղծել տպավորություն, որ Հայաստանն աստիճանաբար դուրս է գալիս Ռուսաստանի ազդեցությունից և սկսում փոխել իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը, ապա այս համատեքստում հայ-ռուսական հարաբերությունների սառեցումը կարող է տխրագույն կերպով ազդեցություն թողնել հակամարտության կարգավորման վրա:

Լարվածության առաջին ծիլերը

Ուշագրավ է, որ մինչդեռ Սոչիում ընդանում էին քննարկումներն ու բանավեճերը, Ադրբեջանը վերսկսեց գնդակոծությունը, ինչի արդյունքում Տավուշի մարզում վիրավորվել է տրակտորի վարորդը: Ավելին, նախօրեին մահացել է Տավուշում հրազենային վնասվածք ստացած պայմանագրային զինծառայող Մուշեղ Աբովյանը: Եվ չնայած, որ յուրաքանչյուր մահը ողբերգություն է, Մուշեղի մահը լուրջ ազդակ է ողջ հայ հասարակությանը:

Բանն այն է, որ նա հրազենային վնասվածք է ստացել հոկտեմբերի 1-ին, հենց այն օրը, երբ Հայաստանում էին ԵԱՏՄ անդամ-պետությունների, ինչպես նաև Իրանի, Սինգապուրի և Մոլդովային ղեկավարները: Հենց այդ օրն Ադրբեջանը համարձակվում է գնդակոծել Հայաստանի տարածքը, իսկ ընդամենը երկու օր անց Ալիևը ժպիտով սեղմում է Վլադիմիր Պուտինի ձեռքը:

Արդյոք սա ապացույց չէ՞ առ այն, որ գործող իշխանություններն օր օրի է՛լ ավելի են կորցնում իրավիճակի վերահսկողությունը և մոտենում մի շեմի, երբ համաշխարհային քաղաքականության սուբյեկտից կարող է վերածվել կամազուրկ օբյեկտի:

Կարող ենք հիշել «նախաձեռնություններն ու նորարարությունները», որոնք բանակցային գործընթաց մտցրեց Նիկոլի թիմը: Եկեք ստորև խոսենք դրանց մասին:

Արցախը Հայաստան է և...՞

«Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի աշխատանքի ժամանակ լուրջ հարված են ստացել Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի վարչապետի հայտարարությունները:

Սկզբից «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` նշելով, որ «նմանօրինակ հայտարարությունները չեն նպաստում քաղաքական գործընթացը վերսկսելու համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»:

Դրան հետևեց Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, համաձայն որի` «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան»: Այս կերպ նա ցույց տվեց, որ այդ հարցում պատրաստ չէ որևէ փոխզիջմանը, և, որոշ ժամանակ սպասելուց հետո, իր պատասխանը տվեց, որին դեռ պարզ չէ` ինչով է պատասխանելու Նիկոլը:

Որո՞նք են Նիկոլի հետագա քայլերը: Նա պատրաստվում է վերամիավորման ճանապարհո՞վ գնալ: Բայց այդ դեպքում նա ստիպված է լինելու կանգնել իր կողմից հնչեցրած այն թեզի կոկորդին, համաձայն որի` Արցախի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը:

Ի դեպ, Արցախի ժողովրդի մասին: Հիշո՞ւմ եք վարչապետի բանաձևը, համաձայն որի` հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի համար: Սոչիում Ալիևը պարզապես հայտարարեց, որ ««Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» հասկացությունը գոյություն չունի, կարելի է խոսել միայն այդ տարածաշրջանի բնակչության մասին, որը բաղկացած էր հայերից և ադրբեջանցիների,որոնք հավասար իրավունքներ ունեին»: Նա նաև հավելեց, որ հարցի լուծումը կայանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման մեջ:

Նիկոլի թիմը բողոքում էր և անընդհատ մատնանշում այն, որ չի ստացել այդ բանաձևի վերաբերյալ որևէ պատասխան:

Պատասխանը տրվեց, և այն կոշտ ու անփոխզիջական է: Հետո՞: Ինչպիսի՞ քայլեր է պատրաստվում անել նոր կառավարությունը, հաշվի առնելով, որ նրա «նախաձեռնությունները» փոխադարձ ընկալում չստացան: Արդյո՞ք Նիկոլը վերադառնալու է բանակցությունների «հին ֆորմատին», թե՞ հայ հանրությունը պետք է պատրաստվի նոր ամպագոռգոռ հայտարարութունների:

Ներկա պահին պարզ է միայն, որ ոչինչ պարզ չէ: Անգամ նման կարևոր խնդրի վերաբերյալ իշխանությունը չունի հստակ մարտավարություն, և ամեն ինչը սահմանափակվում է որոշումների կայացման իրավիճակային մոդելով:

Իհարկե, կարելի է ենթադրել, որ Նիկոլի թիմը կանխատեսել է նման արձագանք, և հատուկ է դիմել նման քայլերի: Այդ դեպքում յւորաքանչյուրս ինքներս մեզ պետք է հարց տանք. իսկ ի՞նչ նպատակներ են դրանք հետապնդում, եթե բանակցային գործընթացը տապալման են տանում:

Նիկո'լ,որտե՞ղ ես:

Արմեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը