Կարծիք

05.10.2019 10:02


Գնաճների համեմատություն՝ առանց աշխատավարձերի համեմատման

Գնաճների համեմատություն՝ առանց աշխատավարձերի համեմատման

Հրապարակվեց հունվար-սեպտեմբեր ամիսների սպառողական գների ինդեքսը։ Հրապարակվեց արտասովոր արագությամբ։ Բայց բոլորը չնկատելու են տալիս։

Թվում էր, թե մեր իշխանությունները սազը վայր չեն դնելու։ Սեփական աշխատանքը գովաբանելու առիթ է։ Գնաճը անցած տարվա նույն ժամանակի համեմատ կազմել է ընդամենը 1․6 տոկոս։ Ընդ որում այդ գնաճը «գտնել-հաշվարկելը» բավական դժվար է եղել։ Որովհետև ընդհանուր գնաճ հնարավոր է եղել արձանագրել առանձին ոլորտների հաշվին։

Պարզ մարդուն հետաքրքրող շատ ու շատ ապրանքների գծով գնանկում է արձանագրվել։ Սա, իհարկե, սպասելի ցուցանիշ էր։ ԿԲ-ն մի քանի օր առաջ էր նվազեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Ձողի գինն էժանացնելու պատճառը հարկավ տնտեսությունն ինչ-որ չափով աշխուժացնելու փորձ է։ Որովհետև հանրահայտ ճշմարտություն է համարվում այն, որ գնաճի թույլ տեմպը լուրջ խնդիր է տնտեսության համար։ Հատկապես արտահանմանը միտված հատվածին։ Երբ գնաճը տեմպը ցածր է պաշտոնապես հաշվարկված (բյուջեի մասին օրենքով հաստատված) տեմպից, արտահանող ընկերությունները ստիպված են ենթադրված եկամուտի մի մասը տրամադրել վճարային պարտավորությունների կատարմանը։ Իսկ դա կարող է անիմաստ դարձնել աշխատանք-արտահանման իմաստը։

Շատ տնտեսագետներ ցածր գնաճը, մեր պարագայի տնտեսությունների համար, համեմատում են կենդանի օրգանիզմում ընթացող կենսունակությունն ապահովող գործընթացների դանդաղեցմամբ։ Իսկ դա իսկապես վտանգավոր է։

Գնաճի թվերը ևս ապացուցում են, թե որքան տարբեր են մեր և Վրաստանի տնտեսության մեջ ընթացող գործընթացները։ Վրացիները հանդգնել էին տարվա համար գնաճի 6 տոկոսից բարձր ցուցանիշ ընդունել։ Ու հիմա արձանագրում են, որ բավական մոտ են նախատեսված առավելագույն թվին։ Նրանց համար խնդիր չէ, որ մսամթերքը թանկացել է 16․1 տոկոսով (մեր մոտ գնանկում է 2․9 տոկոսով)։ Վրաստանում շատ սննդամթերքներ՝ հաց-հացամթերք, շաքար, բանջարեղեն, կաթնամթերք, թանկացել են երկնիշ տոկոսային ցուցանիշով։ Հնարավոր է, որ սա ռիսկային, հնարավոր է՝ սա չափազանց է։ Բայց տրամագծորեն հակադարձ չափազանցություն կա մեր տնտեսության մեջ։ Նշված բոլոր սննդամթերքների գծով մեր մոտ գնանկում է արձանագրվել՝ 1․2–4 տոկոսի չափով։

Եթե այս իրավիճակը դրական գնահատվեր, մեր իշխանությունները հնարավոր բոլոր ամբիոններից ու լրատվամիջոցներից կթմբկահարեին աննախադեպ գնանկման մասին։ Մանավանդ, որ պարզ սպառողի համար գնանկման վտանգների մասին խոսակցությունը այնքան էլ «ընդունելի» չէ։ Վրաստանում սննդամթերքի գնաճի ցուցանիշը կազմել է 11․7 տոկոս։ Այս տարվա հունվար–սեպտեմբերը՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Մեր պարագային սննդամթերքի գնաճը նույն ժամանակահատվածում կազմել է 2․5 տոկոս։ Բայց վրացական այդ ցուցանիշն արձանագրվել է հիմնականում մեկ ապրանքատեսակի «հաշվին»։ Քանի որ այդ ապրանքատեսակի նկատմամբ մեր երկրում ևս նույնատիպ վերաբերմունք է ձևավորվում, իհարկե այն պետք է առանձին դիտարկել։

Այս տարի մեր հարևան երկրում ծխախոտը նախորդ տարվա համեմատ թանկացել է 29 տոկոսով։ Նման գնային «թռիչք» վաղ թե ուշ արձանագրվելու է մեր երկրում։ Չեմ կարծում, թե դա լուրջ անհանգստանալու առիթ է։ Մնացած հարցերում կարող ենք համեմատել ու անհրաժեշտության դեպքում «փիլիսոփայել»։ Օրինակ, որ առողջապահության ոլորտում գնաճը Վրաստանում 4 տոկոս է, Հայաստանում՝ 2։ Նույնիսկ այն պարագային, որ «Հանգիստ և մշակույթ» կոչված ոլորտում մեր հարևանների մոտ 6․9 տոկոսանոց գնաճ է, իսկ մեր մոտ՝ 2․2 տոկոսանոց գնանկում։ Բայց միևնույնն է զբոսաշրջիկներ Վրաստան ավելի շատ են այցելել։

Իսկ հիմա անցնենք վերնագրում խոստացած աշխատավարձերին։ Բնականաբար առանց համեմատելու՝ խոստման համաձայն։ Ոչ պետական «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» կազմակերպությունն ուսումնասիրել ու հրապարակել է իրենց երկրի որոշ նախարարությունների աշխատավարձերի չափը։ Ամենաբարձր աշխատավարձեր ստանում են Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունում՝ մոտ 5 729 լարի կամ 1 928 դոլար։ Հաջորդը Տարածքային կառավարման նախարարությունն է՝ 1 727 դոլար, ապա Արդարադատության նախարարությունը՝ 1 464 դոլար ու Գյուղնախարարությունը՝ 1 396 դոլար։ Հրապարակման մեջ նշվում է, որ ամենացածր աշխատավարձը Պաշտպանության նախարարությունում է՝ 760 դոլար։

Վրաստանը անկախության շրջանում 2-3 պատերազմում պարտվել է։ Ու դժվար է ասել՝ պարտվել է ցածր աշխատավարձերի պատճառով։ Թե՞ աշխատավարձերն են ցածր նշանակվել պարտությունների պատճառով։ Պատասխանը հնարավոր է, որ ճաշակի հարց է։ Հնարավոր է՝ մտածելու։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը