Մեկնաբանություն

04.10.2019 18:34


Հակասությունների միասնությունը. Նիկոլի հաճախորդները

Հակասությունների միասնությունը. Նիկոլի հաճախորդները

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշումն ԱԺ-ն ընդունեց 98 կողմ, 1 դեմ և 2 անվավեր քվեարթերթիկով: ԲՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը՝ դրանով իսկ չմասնակցելով խայտառակությանը:

Սահմանադրական դատարանը «բուդկայի» պես սեփականաշնորհելու Նիկոլ Փաշինյանի ցանկությանը, բնականաբար, աջակցել է «Իմ քյարը քայլը» խմբակցությունը և այս խորհրդարանի ՕԵԿ-ը՝ «Լուսավոր Հայաստան» կոչված հաճախորդաց խմբակը՝ «կլասիկ» Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ:

Նիկոլի ապօրինությանն աջակցել է նաև Էդմոն Մարուքյանի ցուցակով խորհրդարան սողոսկած, բայց հետո թռած ու «անկախ» դարձած պատգամավոր Արման Բաբաջանյանը: Սրանք, փաստորեն, իրար հետ հակասություն ունեն, բայց միասնական են օրվա իշխանությանը ծառայելու իրենց պատրաստակամությամբ: Ասել է թե՝ Էդմոն Մարուքյանի ու Արման Բաբաջանյանի մոտ, մեծ հաշվով, բան չի փոխվել: «Նախորդ» Հայաստանում նրանք նախկին իշխանությունների հաճախորդներն էին, իսկ «նոր» Հայաստանում՝ նորերի հաճախորդները:

Ինչպես նախկինում էին սրանք ընդդիմադիր հագուստով ծառայում իշխանություններին, այնպես էլ հիմա են նույն քստմնելի ֆունկցիան կատարում՝ սատարելով մեզանում ֆաշիստական ռեժիմի հաստատմանը:

Ինչ վերաբերում է ՍԴ-ին, ապա այն վերջին կետն է, որը գրավելուց հետո մենք այլասերված իշխանության փոխարեն կստանանք բացարձակ այլասերված իշխանություն, որի գործունեության բացասական հետևանքներն առաջին հերթին ազդելու են մեր անվտանգության համակարգի վրա:

ՍԴ-ն Նիկոլին առաջին հերթին պետք է Արցախի հարցով հնարավոր զարգացումների դեպքում:

Ինչպես հայտնի է, «ժողովրդի» վարչապետը փորձում է իր վրայից պատասխանատվությունը գցել և հակամարտության կարգավորման հարցում օգտագործել հանրաքվեի ինստիտուտը: ՍԴ-ն այն ինստիտուտն է, որն առնչվում է հանրաքվեի գործընթացին և կարող է կանխել Նիկոլի հակապետական քայլերը: Դա է պատճառը, որ նա ուզում է կամակատար մարմին ունենալ՝ դրա գլխին կարգելով ամբողջությամբ քիրվայական մտածողության կրող Վահե Գրիգորյանին:

ԱԺ-ում, ըստ այդմ, քվեարկել են ոչ թե ՍԴ-ի կազմի, այլ Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման դեմ: Թե ինչով է ավարտվելու այս դավաճանական քվեարկությունը, յուրաքանչյուր պատգամավորի խղճին է: Կոլեկտիվ հանցագործությունը նրանց չի ազատում անհատական պատասխանատվությունից:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը