Քաղաքական

04.10.2019 09:05


Շրիշակից ցածր մակարդակով, բայց կարևորը՝ «հպարտ»․ «Փաստ»

Շրիշակից ցածր մակարդակով, բայց կարևորը՝ «հպարտ»․ «Փաստ»

«Վերջին երկու օրերին հասարակությունը ակտիվորեն քննարկում է ԱԺ «իմքայլական», իսկ ավելի կոնկրետ՝ լևոնտերպետրոսյանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պահվածքը: Այս թեմայով ամեն ինչ պարզ է, չենք մանրամասնի: Սակայն հարցը Անդրանիկ Քոչարյանը չէ, նրա պահվածքը հասարակության համար նորություն չէ:

Հասկանալի էր նաև, որ նա ներողություն չի էլ խնդրելու, այլ մի բան էլ այլոց է մեղավոր համարելու: Սա սպասելի էր, ու անակնկալ ոչինչ չկար: Հարցը նաև Արփինե Հովհաննիսյանը չէ:

Ավելին՝ էականը այն չէ, կնոջ մասին է խոսքը, տղամարդու, քաղաքական գործչի, մտավորականի, թե պարզապես քաղաքացու:

Խնդիրն այն մթնոլորտն ու բառամթերքն է, որ գնալով ավելի ու ավելի է պարուրում բոլորիս: Ինչո՞ւ այսպես ստացվեց, ինչո՞ւ քաղաքական ու հասարակական դիսկուրսն իջավ շրիշակի մակարդակի: Ասել, որ նախկինում չի եղել նման մթնոլորտ, հայհոյանք, նշանակում է մեղանչել արդարության դեմ:

Անշուշտ, եղել է: Սակայն ոչ այս ուժգնությամբ, ոչ այս քանակով ու ոչ այս մակարդակով:

Անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սիրո ու հանդուրժողականության փոխարեն թշնամանքի և ատելության տարածման աշխարհագրությունը գնալով նոր հորիզոններ է նվաճում:

Ժամանակին շատերը ցնծությամբ ընդունեցին «նախկինների» անուններով սև պաստառները, նրանց տների վրա գրոհները, նրանց նկատմամբ հայհոյանքն ու վիրավորանքը:

Հետո իշխանությունները հանրությանը բաժանեցին սևերի և սպիտակների:

Արդյունքում նախկին իշխանության ներկայացուցիչները և այն մարդիկ, որոնք կհամարձակվեին քննադատել նոր իշխանություններին, հայտնվեցին իշխանական բազմահազար ֆեյքերի ու հենց իշխանության ներկայացուցիչների բացահայտ վիրավորանքների տարափի ներքո:

Հետո թիրախավորվեցին գործարարները, դատավորները, ընդդիմությունը, գերակա դարձավ ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, վնգստալու, ծնկի բերելու կարգի բառապաշարը:

Քանի որ իշխանությունները մտադիր չեն քննադատություններին փաստարկված պատասխան տալ, փորձում են ֆեյքերի միջոցով հանրային կարծիքի մանիպուլյացիա իրականացնել և մարդկանց ուշադրությունը շեղել իրական խնդիրներից, սակայն նրանց այդ գործելակերպը վարակիչ է դառնում իրական օգտատերերի համար, այդ թվում՝ կանանց, որոնք օգտագործում են կնոջը ոչ հարիր արտահայտություններ:

Խնդիրն այն է, որ հասարակ քաղաքացիները զոհ են դառնում իշխանության կողմից կիրառվող քարոզչական տեխնոլոգիային՝ մտածելով, թե հասարակության շրջանում տիրում են այդպիսի տրամադրություններ, ինչն առկա է սոցցանցերում:

Արդյունքում վիրավորելու և մրոտելու պրակտիկան հասարակական կյանքում գտնում է իր հունը և ավելի է ընդլայնվում՝ դուրս գալով ֆեյքերի տիրույթից դեպի քաղաքական ու հասարակական բանավեճերի հարթակ:

Նույնիսկ բարձր պաշտոն զբաղեցնող տարբեր անձինք իրենց ֆեյսբուքյան էջերում արված գրառումներում զերծ չեն մնում իշխանության քննադատների հասցեին վիրավորական արտահայտություններ գրելուց:

Քանի որ իշխանության կողմից խրախուսվում է մեղադրանքներ հնչեցնելու և վիրավորելու գործելակերպը, ապա իրավիճակի լրջությունը հասնում է այն մակարդակի, երբ նույն Անդրանիկ Քոչարյանի խայտառակ պահվածքը ոմանց կողմից նույնիսկ աջակցություն է ստանում: «Լավ է անում»-ի կարգի գրառումները ստեղծում են ամենաթողության մթնոլորտ, որը հետագայում ոչ մի լավ բանի չի հանգեցնելու:

Ընդ որում, ամենազարմանալին «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» դրսևորվողների պահվածքն է:

Ի դեպ, այն թեզը, թե՝ այս մեկն էլ այսպես է իրեն պահել, բա, լա՞վ է, անհեթեթություն է: Իհարկե, վատ է, շատ վատ է, անթույլատրելի է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը