Կարծիք

03.10.2019 19:56


Կարմայի օրենքը

Կարմայի օրենքը

Հայհոյանքները "հեղափոխության" ժամանակ վերածվել էին քաղաքական տեխնոլոգիայի, իսկ հետագայում "հեղափոխականների" ֆեյքերի ագարակների միջոցով փորձում էին խեղդել ցանկացած այլ տեսակետ։ Եթե համաձայն չեք "հեղափոխականներին", ապա ձեզ հայտարարում են հակահեղափոխական, ու բացարձակ կարևոր չէ, որ ոչ մի առընչություն չեք ունեցել նախկին իշխանությունների հետ, ի տարբերություն բազմաթիվ "հեղափոխականների"։

Ժամանակը կանցնի, հեղափոխական ոգևորությունն էլ, սակայն քֆուրը կմնա որպես հանրային կյանքի թույլատրելի արժեհամակարգ և քֆուրը, որն "հեղափոխականները" օգտագործում էին ճնշելու համար ցանկացած ազատ միտք, արդեն իրենց դեմ է ուղղվելու։

Ներքևում կցել եմ մեկ տարի առաջ իմ մի գրառումը։ Գրածի իմաստն այն էր, որ եթե "այսօր"՝ այսինքն մեկ տարի առաջ, դա դատապարտվեր այն ժամանակ մեծ ազդեցություն ունեցող "հեղափոխականների" կողմից, հիմա իրենք այս վիճակում չէին հայտնվի, երբ քֆուրն արդեն իրենց դեմ է ուղղված։

Կանխատեսելի էր, որ քֆուրի տաբուից ազատագրված զանգվածը, նախկինների հանդեպ հետաքրքրությունը կորցնելով, իր ուշադրությունը սևեռելու էր տվյալ պահին կառավարողների վրա։ Պարզ է, սպասելիքներն ու հիասթափությունները միշտ "ներկաներից" է լինում։

--------------------------------------------------------------------

Հոկտեմբերի 20, 2018թ․

"Քֆուրը և հանրային սպասելիքները
--------------------------

Հեղափոխությունը լեգիտիմացրեց հանրային քֆուրը և այն վերածվեց հանրային դաշտում քաղաքական հարաբերությունների պարզեցման կարևոր գործիքի:

Հանրային քֆուրը սահմանազատեց "մենք"-ին և "դուք"-ին: Քֆուր տվողը "ժողովուրդն" է, իսկ քֆուր "ուտողները" ժողովրդի թշնամիները: Այս պարագայում կյանքը հստակ է, կան սևեր և սպիտակներ, իսկ ընտրությունների արդյունքները` կանխատեսելի: Սակայն վերջերս նկատվում է քֆուրների կտրուկ նվազում, ինչը ցույց է տալիս, որ կյանքը կորցնում է իր հստակությունը, իսկ ժողովուրդը գնալով ավելի վատ է կողմնորոշվում ձևավորվող իրականության մեջ` չկա հստակ "ճիշտ" ու "սխալ":

Դա ահազանգ է քաղաքական կազմակերպությունների համար, նաև` մարտահրավեր: Կարճ ասած, քֆուրների ծավալի նվազումը հանրության շրջանում սկսված անորոշության ցուցիչն է: Փորձենք ավելի խորանալ երևույթի մեջ:

"Հայհոյանքը" արհեստական բառ է, որը չի արտահայտում մեր առօրյա կյանքի հույզերը, սպասելիքները, վախերը, մտավախությունները, հիասթափությունները՝ այսինքն նեյրոլինգվիստիկ բառապաշարի էությունը և այն զուրկ է աշխարհայացքից, համակարգված չէ, ինչի համար չի կարողանում մուտք գործել մեր կենցաղային բառապաշարի մեջ:

Արաբական "քֆուրն" ավելի խորքային եզր է:

“Քֆուր” բառը առաջացել է արաբական քուֆր ( كفر — անհավատություն, թաքցնել) բայից, որը իսլամում համարվում է ամենածանրագույն մեղքը: Քուֆրի, այսինքն անհավատության մեջ բացահայտված մարդուն անվանում են Քաֆիր, թուրքերենով` Գյաուր, այսինքն անհավատ՝ Հարամ:

Իսլամում կա Մեծ Քուֆր (Քուֆր Աքբար) և Փոքր Քուֆր (Քուֆր Ասղար): Մեծ Քուֆրի մեջ մեղադրվող անձի նախկինում արված ցանկացած լավ գործ զրոյացվում է և մեղադրվող անձը որևէ ներում և բեկում չունի:

Հեղափոխությունից հետո ՀՀԿ-ն մեղադրվում է Մեծ Քուֆ-ի մեջ: ՀՀԿ-ականները Քաֆիր էին, անհավատներ, իսկ ժողովուրդը` հեղափոխական արժեքների կրող: Սակայն կարծես թե իրավիճակ է փոխվում, քֆուրները նվազել են, իսկ որակական առումով` դարձել ավելի խոհական, անորոշ, հասցեյատերերը` ոչ այնքան հստակ: Համայնքը անորոշության մեջ է՝ քֆուրի ճգնաժամը գաղափարական ճգնաժամի հետևանք է:

Հանրային քֆուրը հանրային սպասելիքների արտահայտությունն է, քֆուրի բացակայությունը` արժեքային կողմնորոշումների լղոզվածություն: Հողափոխական արժեքները կարծես թե դառնում են անհասկանալի:

Չկա քֆուր - նշանակում է չկա հավատ, չկա վստահություն: Կասկածի որդը բուն է դնում մարդկանց հոգիներում:

Ժողովուրդը հստակություն է պահանջում և նոր թշնամիներ, իսկ առջևում ընտրություններ են:"

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը