Մեկնաբանություն

03.10.2019 09:05


Ամեն փայլուն բան ոսկի չէ

Ամեն փայլուն բան ոսկի չէ

Մեր Քաջ Նազարի քեֆին քեֆ չի հասնի։

Նախագահ Պուտինը, ինչպես վայել է կիրթ, քաղաքականապես գրագետ, քաղաքական եւ դիվանագիտական էթիկային «շատ թե քիչ տեղյակ» պետական գործչին, «երջանկացրեց» հյուրընկալող պետության` դաշնակից Հայաստանի դե ֆակտո ղեկավարին. հանդիպեց հետը եւ ինչ-որ հարցեր քննարկեց։

«Քաղաքավարությանը» զոհ գնալով`դա արեց մեկի փոխարեն երկու անգամ. առաջին անգամ` պաշտոնապես, Բաղրամյան 26-ում, երկրորդ անգամ` օդանավակայանում, «առանց փողկապների»` Մոսկվա վերադառնալուց անմիջապես առաջ։

Թե ի՜նչ անմարդկային` տիտանական ջանքեր է գործադրել «նոր» Հայաստանի դիվանագիտությունը, որ ԵԱՏՄ երեւանյան գագաթաժողովին Պուտինի մասնակցության վերջին ակորդը ՌԴ դեսպանատանը Բելլա Քոչարյանի հետ հանդիպումը չլինի, մի կողմ թողնենք։

Բնականաբար, որեւէ արտառոց բան չկա նրանում, որ Ռուսաստանի նախագահը, գտնվելով Երեւանում, առանձնազրույց է ունենում Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի հետ (մանավանդ` արդյունքների մասին խոսք չկա`հիմնական արդյունքն այս դեպքում երեւի թե բուն հանդիպման փաստն է)։ Արտառոց կլիներ, եթե ժամաներ Հայաստան եւ շառաչուն ապտակ հասցներ «տանտիրոջը»` մերժեր «դեմ առ դեմ» խոսելու թախանձագին խնդրանքները, ինչի հավանականությունն, ի դեպ, ՌԴ նախագահի խոսնակը չէր բացառել. ի վերջո, նույնիսկ պատերազմող երկրների ղեկավարները իրար տեսնելիս ձեռք են սեղմում, հանդիպում են, մտքեր փոխանակում...

Բայց երբ տնտեսական եւ անվտանգային նույն միջավայրում գտնվող դաշնակից երկրների հարաբերություններում բնական, ինքնըստինքյան հասկանալի այս դիվանագիտական շփումները ներկայացվում են որպես ֆանտաստիկ հաջողություն, սա մի՛ բան է նշանակում`հայ-ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, անամպ չեն։

Այլապես Հայաստանի փաստացի ղեկավարը, իրար խառնված, ինչո՞ւ պիտի հարահոսի ռեժիմով` ինքն իրենից, ինքն իրենով զարմացած, մեկի փոխարեն երեք «հաղթական» գրառում աներ ՖԲ իր էջում Պուտինի հետ հանդիպումների վերաբերյալ` չհաշված առատության եղջյուրից թափվող տեսա-լուսանկարչական «ռեպորտաժները»։

Առաջինը «ուրախությամբ ծանուցում» էր. «Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մեր ռազմավարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում»։

Երկրորդը օդանավակայանում տեղի ունեցած հանդիպման մասին էր. «Եվս մեկ-մեկուկես ժամանոց հանդիպում ունեցա ՌԴ նախագահի հետ։ Հանդիպումը կայացավ «Զվարթնոց» օդանավակայանում։ Հայ-ռուսական հարաբերությունները հուսալի եւ դրական հունի մեջ են:

ՌԴ նախագահը քիչ առաջ մեկնեց Հայաստանից»:

Եվ, վերջապես, երրորդ` «ամփոփիչ» գրառումը. «Օդանավակայանում ՌԴ նախագահի հետ մեր ունեցած մանրամասն զրույցը, կարծում եմ, նոր խթան կտա հայ-ռուսական հարաբերություններին:

Հ.Գ. ՌԴ նախագահի հետ երեկ կայացած մեր երկու հանդիպումները՝ պաշտոնական եւ ոչ պաշտոնական, մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն էին»։

Ուշադրություն դարձրեք` եթե առաջ Փաշինյանը խոսում էր հայ-ռուսական առավել քան երբեւէ «փայլուն հարաբերությունների» մասին, հիմա «փայլուն» է համարում ոչ թե հայ-ռուսական հարաբերությունները, այլ` նախագահ Պուտինի հետ զրույցը (զրույցի «փայլունս» ո՞րն է` դժվար է ասել. զրույցը կարող է լինել ջերմ, կարող է լինել արդյունավետ, կարող է լինել բարեկամական, բայց որ կարող է նաեւ «փայլուն» լինել` «ազնվորեն ասած», չգիտեինք)։

Դե, իսկ հայ-ռուսական բազմաչարչար հարաբերությունները լավագույն դեպքում «հուսալի եւ դինամիկ զարգացող» են, ինտենսիվ աշխատելու դեպքում` կարող են «նոր խթան» ստանալ, բայց «փայլունի» չեն ձգում։

Համ էլ`ամեն փայլուն բան ոսկի չէ։

«Ни все золото, что блестит», ինչպես կասեին ռուս գործընկերները, եւ մենք, վախենամ` շուտով կհամոզվենք դրանում...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը