Հարցազրույց

02.10.2019 18:40


Իմ լիազորությունների դադարեցման գործընթացը քաղաքական է և նպատակ ունի չեզոքացնել ՍԴ-ն. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

Իմ լիազորությունների դադարեցման գործընթացը քաղաքական է և նպատակ ունի չեզոքացնել ՍԴ-ն. Հրայր Թովմասյան (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի շուրջ գործընթացը քաղաքական է և մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն՝ որպես արգելապատնեշ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:

«Իմ կարծիքով՝ այս պրոցեսը քաղաքական է: Այն մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել Սահմանադրական դատարանը որպես արգելապատնեշ, խոչընդոտ, որպես մարմին, որը մի պահի կարող է քաղաքական որոշումներին ասել՝ «ստոպ», որովհետև դրանք հակասում են Սահմանադրությանը»,-ասաց ՍԴ նախագահը:

Ըստ Հրայր Թովմասյանի՝ Ազգային ժողովում դեռ կան ազնիվ մարդիկ, ինչպես Հովիկ Աղազարյանը, որոնք ընդունում են, որ գործընթացը քաղաքական է կամ Տիգրան Ուլիխանյանը, ըստ որի՝ եթե քաղաքական մեծամասնությունը որոշում է, ով ուզում է լինի, պետք է հրաժարական տա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծ:

Հրայր Թովմասյանն այս փուլում ձեռնպահ է մնում որևէ իրավական գնահատական տալուց այն ամենին, ինչն այսօր կատարվում է ԱԺ-ում: Նա վստահ է, որ դա իր կողմից ՍԴ-ի վրա ճնշում է դիտարկվելու:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք իրավական պրոցեսում ենք գտնվում, և դեռևս ՍԴ-ն այս բոլոր հարցերին անդրադառնալու է, ես չէի ցանկանա առաջ անցնել և իրավական գնահատականներ տալ իմ հասցեին հնչող «մեղադրանքներին»: Որոշակի ժամանակահատված լինելով և՛ քաղաքականության մեջ, և՛ լինելով իրավաբան՝ պետք է մեկ հարցի հստակ պատասխանեմ՝ իրավաբանությունը չի սիրում պաթոսային, հուզումնալից ելույթներ, և որքան էլ պաթոսային լինեն խորհրդարանում հնչած ելույթները ՍԴ-ի մասին, դրանք բավարար չեն իրավական հետևություններ անելու համար: Ինձ համար շատ ցանկալի կլիներ լսել շատ հստակ դիտարկումներ, փաստեր, թե որ դեպքում եմ կարգապահական խախտում թույլ տվել»,-նշեց նա:

ԱԺ նախագծում Հրայր Թովմասյանը մեղադրվում է կարգապահական խախտում անելու մեջ, և որոշման նախագծում բերվում են որոշ հիմնավորումներ, թե ՍԴ նախագահը «օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում ինքնաբացարկ չի հայտնել, ինչի հետևանքով դրսևորել է կողմնակալություն և դրանով իսկ վարկաբեկել է դատական իշխանությանը»:

Անդրադառնալով իրեն կաշկանդող հնարավոր քաղաքական կապերին՝ Հրայր Թովմասյանը հիշեցրեց, որ Սահմանադրությունը որևէ կերպ չի կարգավորում մինչև ՍԴ դատավոր դառնալը թեկնածուի քաղաքական գործունեության հարցը:

«Կան երկրներ, օրինակ՝ Ալբանիան, որ ասում է՝ ՍԴ անդամ դառնալու նախորդող 3 տարիներին չես կարող կուսակցական լինել, սակայն Վենետիկի հանձնաժողովն ասում է, որ դա վատ պրակտիկա է: Մեր Սահմանադրությունն ասում է, որ դու չես կարող կուսակցական լինել քո պաշտոնը ստանձնելու պահից: Հիմա ինձ մեղադրում են, որ մինչև այս պաշտոնը ստանձնելը քաղաքական գործունեությամբ եմ զբաղվել: Այդ դեպքում պետք է ազնիվ լինեինք և Սահմանադրության մեջ նշեինք՝ եթե անձը երբևէ քաղաքական գործունեությամբ զբաղվել է, ապա չի կարող լինել ՍԴ դատավոր, բայց նման պահանջ գոյություն չունի: Իմ պարագայում ժամանակագրությունը շատ հստակ է, եթե որևէ անձ երբևէ կբերի մեկ փաստարկ, որ ես մասնակցել եմ քաղաքական որոշումների կայացմանը, ես մեկ վայրկյան անգամ չեմ պաշտոնավարի»,-ասաց Հրայր Թովմասյանը:

ՍԴ նախագահը նշեց, որ անձնապես չի ճանաչում Ռոբերտ Քոչարյանին, ավելին՝ հեռակա բանավեճ է ունեցել նրա հետ 2015-ի սահմանադրական փոփոխությունների ժամանակ. «Քոչարյանի պաշտպան և իմ սանիկ Արամ Օրբելյանը, թեև ՍԴ-ում երբեք որպես կողմ հանդես չի եկել, կամ ով էլ լինի նրա փոխարեն, չի ստիպի ինձ որևէ այլ որոշում կայացնել, քան իմ ներքին համոզմունքն է»:

ՍԴ նախագահի պնդմամբ՝ նա, ով իրեն նշանակել է, այլևս չի պաշտոնավարում, հետևաբար՝ նախորդ իշխանություններից որևէ ակնկալիք չի էլ կարող ունենալ:

«Նախորդ իշխանություններից ի՞նչ եմ ակնկալում, որ գան, ինձ նոր պաշտոն տա՞ն, այդ պաշտոնն ունեմ: Ես որևէ գործիքակազմ չունեմ նրանց սատարելու, նրանց իշխանության բերելու և այլն: Առավել ևս, երբ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, ես նրա հետ ընդհանրապես առնչություն չեմ ունեցել: Իսկ թե իմ նախկին քաղաքական կուսակցությունն ում է պաշտպանում, դա իրենց գործն է, ում ուզում են, թող պաշտպանեն, ես այդ որոշումների կայացման վրա զրո ազդեցություն ունեմ»,-նշեց Հրայր Թովմասյանը:

Հրայր Թովմասյանը վստահեցնում է, որ ի հեճուկս մամուլում առկա շշուկների՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ից և Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը գրվել է ՍԴ-ի աշխատակազմի կողմից՝ իր մասնակցությամբ. «Իշխանությունը մտավախություն ունի, թե այնտեղից ի՞նչ կարծիք է գալու: Վախենում եք, որ ձեր քաղաքական որոշումների դեմ կարծի՞ք է գալու»:

ՍԴ նախագահի կարծիքով՝ իր դեմ սկսված գործընթացների պատճառը միայն Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումը չէ, որով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական: Ըստ նրա՝ խնդիրը շատ ավելի խորը, ընդարձակ է, որի նպատակն է ունենալ այնպիսի ՍԴ, որը «քաղաքական որոշումները կփաթեթավորի իրավական շղարշով»:

«Քոչարյանի գործն առիթ էր՝ ապագայում կանխատեսելի դարձնելու ՍԴ-ի բոլոր որոշումները: Նման կանխատեսելի ՍԴ ունենալը, որը պետք է կատարի կամ փաթեթավորի քաղաքական որոշումները, պետության վերջն է: ՍԴ-ն արգելակման վերջին համակարգն է: Սա ընդամենը Հրայր Թովմասյանի լինել-չլինելու խնդիր չէ, եթե սա լիներ իմ լինել-չլինելու խնդիրը, վստահեցնում եմ՝ շատ վաղուց այդ պաշտոնը թողած կլինեի: Ինձ համար սա սահմանագիծ է, մեր սահմանի՝ ինձ վստահված տարածքն է՝ ՍԴ-ն: Մեկ քայլ հետ գնալը, ընկճվելը, ճնշվելը դավաճանության են հավասար: Այսօր ՍԴ-ն է կանգնած այն սահմանին, թե հայ ժողովուրդը ապրելու է իր ինքնությանը բնորոշ տնտեսական, սոցիալական, մշակութային արժեքներո՞վ, թե՞ ապրելու է նենգափոխված արժեհամակարգերով»,-ասաց Հրայր Թովմասյանը:

ԱԺ նախագահը հայտարարել էր, թե ՍԴ-ն չունի հանրային վստահություն, ինչին ի պատասխան Հրայր Թովմասյանը նշեց. «Երբեմն այնպիսի դատողություններ են անում, որ դրանց մեկնաբանելու համար ուղեղի լուրջ վարժանք պետք է անես, որ հասկանաս: Չափման ի՞նչ մեխանիզմներով ենք որոշել՝ ՍԴ-ն ունի՞, թե՞ չունի հանրային վստահություն: Մեր քաղաքացիների քանի՞ տոկոսն է երբևէ ՍԴ որևէ որոշում կարդացել»:

Հրայր Թովմասյանի խոսքով՝ գործող իշխանությունը ոչ միայն նմանատիպ նախագծերով, այլ նաև ուղղակիորեն փորձել է ՍԴ նախագահի վրա ճնշումներ գործադրել. ««Մտերմական» հորդորներ, զրույցներ, վստահեցնում եմ, որ եղել են, բայց թույլ տվեք այսօր չհրապարակայնացնել: Ճնշում միշտ էլ կա, բայց ես չեմ պատրաստվում փողոցային արդարադատություն իրականացնել»:

Նա նաև հայտնեց, որ Վահե Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ աշխատակարգային նիստերին, ինչի իրավունքը չունի, քանի որ ՍԴ մասին օրենքը նախատեսում է, որ դատավորները պարտավոր են մասնակցել Սահմանադրական դատարանի նիստերին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը