Կարծիք

02.10.2019 13:10


Կաշառքն ու նվազագույնի ձգտող միջնորդափայը

Կաշառքն ու նվազագույնի ձգտող միջնորդափայը

Մեր բարձրագույն իշխանությունը չի թաքցնում, որ դժգոհ է իրավապահ (կամ ուժային անվանվող) համակարգի աշխատանքից: Ամեն տարի երկրի սոցիալական վիճակը բնութագրող տվյալները շարքում հրապարակվում է իրավախախտումների վիճակագրությունը: Դրանց հետևելը կարող է բացատրել, թե՛ հասարակական կյանքի ընթացքը, թե՛ սոցիալական դժգոհությունների մասշտաբը:

Դժվար է հավատալը, բայց նախկին իշխանությունների օրոք էլ իրավախախտումների վիճակագրությունն ամենևին էլ հովվերգական պատկեր չէր ներկայացնում: Տարեց տարի երկրում աճում էր գրանցված հանցագործությունների քանակը: Սա մի կողմից իրավապահներին հնարավորություն էր տալիս «արդարանալ», որ իրենք ամբողջապես գրանցում են հանցագործությունները: Իսկ իշխանությունների համար դա հանցագործությունների դեմ անզիջում պայքարի փաստարկ էր: Պարբերաբար այն կարող էր օգտագործվել նույն իրավապահ մարմինների ղեկավարության դեմ:

Օրինակ, վիճակագրությունն արձանագրել էր, որ 2016թ․ հանցագործությունների քանակը նախորդ տարվա համեմատ աճել էր ավելի քան 1․700-ով: Իսկ 2017-ի աճը նախորդ տարվա համեմատ ավելի համեստ էր` մոտ 1.5 հազար: 2018թ․ արձանագրվել է «ռեկորդային» քանակով հանցագործություն: Թե՛ բացարձակ թվի (22 հազար 551 դեպք), թե՛ աճի (նախորդ տարվա համեմատ 2 հազար 267 դեպքով ավելի) տեսանկյունից: Հանցագործությունների աճի ընդհանուր ֆոնին կարելի էր տեսնել, որ օրինակ, նվազում էին տնտեսական գործունեության դեմ հանցագործությունները: Սակայն անցած տարի նվազման միտումը կրկին փոխվել է աճով: Մեր իրավախախտումների վիճակագրությունը հանցագործությունների դասակարգման մեջ ունի «Պետական իշխանության ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ» անվամբ հաշվառում: Մի շտապեք ենթադրել, որ այստեղ խոսքը իշխանություններից դժգոհելն ու իշխանավորի նկատմամբ բռնություն (բռնի ուժ) կիրառելու մասին է: Իրավագիտության տեսանկյունից կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները բավական տարբեր են: Դրանցից ամենամոդայիկներից է կաշառքը: Ընդ որում այս երևույթը իրավական տեսանկյունից դիտարկվում է չորս աստիճանով: Առանձին դեպք է «առևտրային կաշառքը», որի ամենաբարձր քանակն արձանագրվել է 2016-ին` 21 դեպք (2017-ին և 2018-ին համապատասխանաբար՝ 20 և 11 դեպք):

Մի շտապեք ենթադրել, որ իշխանափոխությունից հետո թուլացել է պայքարը կաշառակերության դեմ կամ այդ երևույթը վերացել է մեր հասարակական ու պետական կյանքից: Հատկապես, որ 2016-ին արձանագրվել է «կաշառք ստանալու» 9 դեպք, 2017-ին` 77, իսկ 2018-ին` 131 դեպք: Եթե կա կաշառք ստացող, ուրեմն կա նաև կաշառք տվող: Այս 2 գործողությունների թվերը, բնականաբար, նույնական չեն (կաշառք տվողների մի մասը կարող է նախապես բողոքել իրավապահներին): 2016-ին «կաշառք տալու» իրավախախտման 24 դեպք է գրանցվել, 2017-ին` 65, իսկ 2018-ին 92: Այս լորտում էլ աճը նկատելի է (եթե, իհարկե, «աճ» բառն ընկալենք ոչ դրական իմաստով): Բայց բավականին հետաքրքիր ու ոչ միանշանակ է սույն ոլորտին վերաբերող վերջին` «կաշառքի միջնորդություն» անունով իրավախախտման վիճակագրությունը: Այս անունով 2016-ին արձանագրվել է հանցագործության դեպք 6 դեպք։ 2017-ին այն ուղիղ կրկնակի բարձր է` 12 դեպք, իսկ 2018-ին կրկին (կամ` ռեկորդային) նվազում է` ընդամենը 4 դեպք: Այստեղից կարելի է եզրակացնել, որ հայրենի կաշառակերները (կամ՝ կաշառատուները) գերադասում են սույն եկամուտն ապահովել առանց «միջնորդափայի»: Կամ էլ միջնորդներին հաջողվում է խուսափել իրավապահներից ու պատկան մարմիններից: Ահա այսպիսին է բոլոր ժամանակներում ամենամոդայիկ համարվող հանցագործության` «կաշառքի» անցած 3 տարիների քառաստիճան վիճակագրությունը:

Կարելի է մի քանի տվյալ ևս առանձնացնել: Դրանք պիտի, որ ամենաշատը իրավապաշտպաններին հետաքրքրեն: 2018թ․ մեր դատարանները մոտ 92.6 տոկոսով բավարարել են կալանքի միջնորդությունը: Այս ցուցանիշը համարյա անփոփոխ է վերջին տարիներին: Ընդ որում դատախազը հետագայում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները մերժելու դատարանի որոշումների միայն 46.8 տոկոսն է բողոքարկել: Այսինքն դատական մերժումների առնվազն 53.8 տոկոսի դեպքում դատախազը համաձայնել է, որ «հերսոտած ու ավելորդ» ջանք է կիրառել մեղադրյալի հանդեպ: Համաձայնեք, որ իրավախախտումների վիճակագրությունը միշտ էլ հետաքրքիր փաստեր ունի, որոնք կարելի է քննարկել մասնագետների հետ:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy

Այս խորագրի վերջին նյութերը