Հարցազրույց

01.10.2019 17:25


Ինչո՞ւ Աննա Դանիբեկյանի պարագայում զարգացումներ եղան, իսկ Ալվինա Գյուլումյանի պարագայում որևէ ընթացք չտրվեց (տեսանյութ)

Ինչո՞ւ Աննա Դանիբեկյանի պարագայում զարգացումներ եղան, իսկ Ալվինա Գյուլումյանի պարագայում որևէ ընթացք չտրվեց (տեսանյութ)

Սեպտեմբերի 27-ի երեկոյան Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի հետ պատահած միջադեպը մեծ քննարկումների տեղիք տվեց։ Շատերը, հատկապես՝ իշխանական շրջանակները, անվերապահորեն դատապարտեցին երիտասարդների արարքը։

Քիչ անց չուշացավ նաև պաշտոնական արձագանքը։ Աննա Դանիբեկյանին թիկնապահ տրամադրեցին, տղաներն էլ նախ՝ ձերբակալվեցին, ապա՝ կալանավորվեցին։

Հիշեցնենք, որ Երկրորդ նախագահի աջակիցներ Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը քայլում էին Աննա Դանիբեկյանի կողքով, և Նարեկ Մութաֆյանը հարց էր ուղղում շարունակ դատավորին, թե արդյո՞ք ինքը ճանաչում է վնգստացող դատավորների, ինչպես վարչապետն էր պնդում, և ինքն իրեն այդպիսին համարո՞ւմ է, իսկ Սարգիս Օհանջանյանը սոսկ տեսանկարահանում էր իրականացնում։

Այս զարգացումը շատերին ստիպեց վերհիշել հունիսի 5-ին Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ կատարվածը, երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը պահանջող խումբը շրջափակել էր Ալվինա Գյուլումյանին, գոռում ու անպատվում էր, և նույնիսկ քաշքշելուց չխորշեցին։


Աննա Դանիբեկյանի պարագայում նման երևույթների ականատես չեղանք։

Որևէ կերպ չարդարացնելով տղաների արարքը՝ ընտրովի արդարադատության վերաբերյալ 168.am-ը զրուցեց փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ՝ խնդրելով վերջինիս մեկնաբանել, թե ինչո՞ւ Աննա Դանիբեկյանի պարագայում այսպիսի զարգացումներ եղան, իսկ ահա Ալվինա Գյուլումյանի պարագայում որևէ ընթացք չտրվեց, անգամ քրեական գործ չհարուցվեց։

Վերջինս նախ ասաց, որ, թերևս, դատախազությունը պետք է մեկնաբանի այս հարցը։

«Դա ես համարում եմ անթույլատրելի, քանի որ բոլորը հավասար են օրենքի առջև։ Բոլոր դեպքերում պետք է դրսևորվի միանման մոտեցում, ինչը չկա։ Եթե առկա է նման իրավական կոպիտ խախտում, ապա սկսում ես մտածել և հիմնավոր կերպով կասկածել, որ այս ամենն ունի քաղաքական ենթատեքստ։ Շատ տխուր է, որովհետև սրանով ոտնահարվում են ամենատարրական, ամենահաստատված, ամենապարզ իրավունքները, որի պայմաններում երկրի զարգացման, իրավական պետության մասին պարզապես երեսպաշտություն է»,- ասաց Տիգրան Աթանեսյանը։

Փաստաբանը ընդգծում է, որ որևէ կերպ չի արդարացնում այդ տղաների արածը, և իրեն՝ որպես քաղաքացու, դուր չի գալիս, նախևառաջ՝ կնոջ հանդեպ հետապնդումը։

«Բնականաբար, չի կարելի հետապնդել նաև դատավորին, և ես համոզված եմ, որ, եթե, օրինակ, տղամարդ դատավոր լիներ ու կարողանար ֆիզիկական ազդեցություն ներգործել, իրենք չէին մոտենա նրան. Դա տհաճ երևույթ է։ Այլ բան է, որ կալանավորումը միգուցե անհրաժեշտ խափանման միջոց չէր։ Բայց եթե Ալվինա Գյուլումյանի դեպքն անտեսվում է և, ինչքան հասկացա, քրեական գործ էլ չի հարուցվում, սա շատ տխուր պատկեր է»,- նշեց Տիգրան Աթանեսյանը։

Նա կարծում է, որ այս ամենը վկայում է այն մասին, որ հեղափոխությունը շեղվել է իր նպատակներից, և մենք չգիտես թե ուր ենք գնում։

Այս խորագրի վերջին նյութերը