Կարծիք

30.09.2019 08:26


Ստեղծվում են օրենսդրական հիմքեր՝ ձևավորելու քաղաքականացված, վերահսկելի և ոչ պրոֆեսիոնալ Հանձնաժողով

Ստեղծվում են օրենսդրական հիմքեր՝ ձևավորելու քաղաքականացված, վերահսկելի և ոչ պրոֆեսիոնալ Հանձնաժողով

2019 թվականի սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ նաև՝ Նախագիծ) այն պայմաններում, երբ՝

Ա/ Նախագիծը սույն թվականի հունիսի 25-ին առաջին ընթերցմամբ ընդունվելիս մասնագիտական հանրության կողմից արժանացել է լայն քննադատության, ինչից հետո Արդարադատության նախարարության կողմից, ի թիվս այլ օրենքների նախագծի, www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում օգոստոսի 9-ին հանրային քննարկման է դրվել նաև «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նոր նախագիծ։ Վերջինս, իր թերություններով հանդերձ, ներառում էր Նախագծի վերաբերյալ քննադատություններից բխող որոշ փոխզիջումային լուծումներ և սահմանում էր Հանձնաժողովի կազմավորման՝ Նախագծից տարբերվող կարգ։ Այսուհանդերձ, սեպտեմբերի 13-ին Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է նույնությամբ, ինչից հետևում է, որ օգոստոսի 9-ին հանրային քննարկման ներկայացվել էր մի նախագիծ, որն ի սկզբանե չպետք է ներկայացվեր Ազգային ժողով։ Այս գործելաոճը համարում ենք անպատասխանատու։

Բ/ Ի տարբերություն օգոստոսի 9-ին հանրային քննարկման ներկայացված նախագծի՝ սեպտեմբերի 13-ին երկրորդ ընթերցմամբ ընդունված Նախագիծը առհասարակ չէր ներկայացվել հանրային քննարկման, այսինքն՝ հանրությանը ներկայացվում է մի նախագիծ, սակայն Ազգային ժողովում ընդունվում է բոլորովին այլ նախագիծ, ինչը բացահայտորեն հակադիր է հաշվետվողականության, թափանցիկության և մասնակցայնության սկզբունքներին։

Արդյունքում ընդունվել է մի նախագիծ, որով՝

1) վերացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) թեկնածուների ընտրության՝ պրոֆեսիոնալիզմի և թափանցիկության սկզբունքներին համապատասխան մրցութային կարգը։ Նախկինում ընդունված կարգավորումները մրցույթի անցկացումը և դրա հիման վրա ամենաարժանավոր թեկնածուների առաջադրումը վերապահում էին իշխող քաղաքական ուժից անկախ մրցութային խորհրդին։ Մինչդեռ, ընդունված կարգավորմամբ Հանձնաժողովի անդամներին նշանակում է Ազգային ժողովը՝ մեկական անդամ՝ Ազգային ժողովի կառավարող խմբակցության և Կառավարության, մեկական անդամ՝ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, և մեկ անդամ՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջադրումների հիման վրա, այսինքն՝ ձևավորվելու է առավելապես քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում ոչ թափանցիկ ընթացակարգով կազմավորվող Հանձնաժողով, որի անկախության երաշխիքները լինելու են պատրանքային։
Սա այն պարագայում, երբ՝
Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի զեկույցի 3-րդ նոր հանձնարարականի համաձայն՝ նշվում , որ անհրաժեշտ է՝ (ա)​ սահմանել Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրությունը կազմակերպող և անցկացնող մրցութային խորհրդի անդամության չափանիշներ և ապահովել ընտրության թափանցիկ գործընթաց, (բ) ապահովել Հանձնաժողովի անդամների նշանակման թափանցիկությունը և օբյեկտիվությունը. վերջիններս պետք է զերծ լինեն ցանկացած տեսակի ազդեցություններից, այդ թվում՝ քաղաքական։ Այս գործընթացը լայն հանրության կողմից պետք է դիտարկվի որպես օբյեկտիվ։
ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝
Յուրաքանչյուր պետություն-մասնակից, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքների համաձայն, սույն հոդվածի 1-ին կետում նշված մարմնին կամ մարմիններին (հակակոռուպցիոն) տալիս է անհրաժեշտ անկախություն իր գործառույթները արդյունավետ իրականացնելու և ոչ իրավաչափ ազդեցություններից զերծ լինելու նպատակով։ 2012 թվականի նոյեմբերի 26-27 ընդունված Ջակարտայի սկզբունքների համաձայն՝ հակակոռուպցիոն մարմնի անդամները պետք է նշանակվեն այնպիսի ընթացակարգով, որը կապահովի վերջիններիս ապաքաղաքական, անկողմնակալ, չեզոք, ազնիվ և ձեռնհաս լինելը։

2) Ընդունված կարգավորմամբ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում ստեղծված, ոչ պրոֆեսիոնալ «անկախ» Հանձնաժողովին վերապահվել են նոր՝ դատական իշխանության վրա ներազդող գործառույթներ։ Մասնավորապես՝ (ա) մասնակցություն դատավորների նշանակման գործընթացում, (բ) մասնակցություն դատավորներին պաշտոնից հեռացնելու գործընթացում։ Ընդ որում, այդ մասնակցության ձևաչափը բացարձակ հայեցողական է և ոչ ստուգելի։

3) Ընդունված կարգավորմամբ էապես մեղմացվել է Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները՝ վերացնելով ճանաչում, մասնագիտական ստաժ ունենալու պահանջները, կրկնակի կրճատելով աշխատանքային ստաժի պահանջը։ Այսպիսով, հիմքեր կան ենթադրելու, որ կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև դատական իշխանության վրա ազդեցություն ունենալու լրջագույն գործառույթը վերապահվելու է անփորձ և հետագիծ չունեցող անձանց։
Ի հակադրություն ընդունված կարգավորումների՝ միջազգային հանրաճանաչ փաստաթղթերով և չափանիշներով դատավորների անկախության ապահովման վերաբերյալ սահմանվել է հստակ պահանջ, որ դատավորների նշանակման և ազատման առնչությամբ լիազորություն ունեցող մարմիններում պետք է գործուն մասնակցություն ունենան դատական համակարգի և իրավաբանական համայնքի ներկայացուցիչները (մեծամասամբ դատավորների գերակշիռ կազմով)։ Ավելին, գործընթացները պետք է իրականացվեն օբյեկտիվ և թափանցիկ չափորոշիչներով՝ պրոֆեսիոնալ որակավորումների հիման վրա։

Հիմնվելով վերոգրյալ միջազգային չափանիշների վրա՝ գտնում ենք, որ ընդունված կարգավորումներով ստեղծվում են օրենսդրական հիմքեր՝ ձևավորելու քաղաքականացված, վերահսկելի և ոչ պրոֆեսիոնալ Հանձնաժողով, որի միջոցով հնարավոր կլինի ազդեցություն ունենալ դատական իշխանության վրա՝ այդպիսով խախտելով ՀՀ Սահմանադրության 4-րդ (իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքին) և 164-րդ հոդվածները (դատավորների անկախությանը)։ Ուստի Հանրապետության նախագահին կոչ ենք անում զերծ մնալ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները անտեսող, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությանը հակասող Նախագիծը ստորագրելուց։

«Իրավական ուղի» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը