Կարծիք

28.09.2019 13:50


Նարեկ Մութաֆյանը հերթական քաղաքական պատվերի զոհ է

Նարեկ Մութաֆյանը հերթական քաղաքական պատվերի զոհ է

Այսօր գիշերը բերման է ենթարկվել «Խեղափոխություն» հաղորդաշարի համահեղինակ և վարող, ակտիվիստ Նարեկ Մութաֆյանը: Գործողությունը իրականացվել է ամենալկտի ձևով, դիմակներով, ինչպես տանում են ամենավտանգավոր հանցագործներին կամ սերիական մարդասպաններին:

Եվ ուրեմն, ինչ էր արել Նարեկ Մութաֆյանը, ինչում էր նրա մեղքը:

Երեկ երեկոյան զբոսնելիս նա պատահաբար հանդիպել էր դատավոր Աննա Դանիբեկյանին: Եվ քանի որ Նարեկին, ինչպես շատ-շատերին, տանջում է մեկ հարց՝ արդյոք Հայաստանի դատավորները համաձա՞յն են վարչապետ Փաշինյանի ձևակերպման հետ, թե՝ «դատավորները վնգստում են», Նարեկը որոշել էր առիթը բաց չթողնել, մոտեցել էր ու այդ մասին հարց էր ուղղել տիկին Դանիբեկյանին: Պատասխան չստանալով՝ նա քանի անգամ կրկնել էր հարցը, ինչին ի պատասխան դատավորը հարվածել ու գցել էր գետնին Նարեկի հեռախոսը: Այդ ամենը տեղի էր ունեցել ուղիղ եթերում:

Այդ տեսանյութը և Նարեկի չստացված զրույցը Դանիբեկյանի հետ մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում: Կատարվածին շատ օպերատիվ արձագանքել է նաև Բարձրագույն դատական խորհուրդը՝ այդպիսով խախտելով վերջին ամիսների իր մեռելային լռությունը: Բոլորս հիշում ենք, թե ինչպիսի անտարբերություն ցուցաբերեց այդ նույն ԲԴԽ-ն, երբ պետական մակարդակով հալածում ու ճնշում էին դատավոր Դավիթ Գրիգորյանին, երբ ամբոխը հարձակվում էր դատարանների շենքերի վրա, մուտք ու ելք փակում, երբ պատուհանագոգից հրում-գցում էին դատավոր Դավիթ Բալայանին: Ուր էիք դուք, երբ Ամենայն հայոց կաթողիկոսին ուզում էին գցել ձորը:

Ո՞ւր էին այդ ժամանակ այս վայ-բարոյագետները, որ այժմ փրփուրը բերաններին քննադատում են Նարեկ Մութաֆյանին, ինչու ձայն չէին հանում: Թե՞ իրենց համար ընդունելի է այն, ինչ ընդունելի է իրենց ցեղապետին՝ Նիկոլ Փաշինյանին, անկախ այն բանից՝ Նիկոլի քմահաճույքը օրենքի շրջանակներում տեղավորվում է, թե ոչ:

Մենք հիմա արդեն վերջնականապես եկանք այն համոզմունքին, որ թե՛ ոստիկանությունը, թե՛ ԲԴԽ-ն, թե՛ ամբողջ դատաիրավական ոլորտը ծառայում է ՄԵԿ անձի շահերին, ա՛յն անձի, ով բավականին անհավասարակշիռ է և մերթ ընդ մերթ ագրեսիայի նոպաներ է ունենում:

Այն, ինչ կատարվում է Նարեկ Մութաֆյանի հետ, քաղաքական պատվեր է, դա միանգամայն անօրինական կալանք է և հետապնդում: Դա փորձ է՝ վախեցնել նախագահ Քոչարյանի համակիրներին ու կողմնակիցներին, և փորձ է՝ Հայաստանը դարձնել կատարյալ բռնապետություն:

Թույլ չե՛նք տալու, մեզ հետ բռնության լեզվով խոսելն անօգուտ է և անարդյունք:

Հավելեմ, որ մենք այսօրվա դրությամբ ավելի շատ ենք զբաղվում իրավապաշտպան գործունեությամբ, քան նույն Աննա Դանիբեկյանը, որին հրավիրում ենք իր ուզած ժամանակ մեզ հետ թեյելու, մեզ հետ ճաշելու կամ ընթրելու և զրուցելու Հայաստանի արդարադատության վիճակի մասին:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը