Կարծիք

28.09.2019 12:06


Երեկ «հերոսաբար» ձերբակալված երիտասարդը դասական առումով քաղբանտարկյալ է (տեսանյութ)

Երեկ «հերոսաբար» ձերբակալված երիտասարդը դասական առումով քաղբանտարկյալ է (տեսանյութ)

Հարգելի իրավապաշտպաններ և «իրավապաշտպաննե՛ր»,

Կարճ պարզաբանեմ՝ ինչ է նշանակում քաղաքական բանտարկյալ։ Ըստ ԵԽԽՎ սահմանած չափանիշների (բանաձև 1900, 2012թ)՝ դա այն անձն է, որի նկատմամբ պետությունը, քաղաքական նկատառումներով, ակնհայտ ավելի խիստ է վարվում, քան համանման իրավիճակներում այլ անձանց նկատմամբ։

Դատավոր Դանիբեկյանի նկատմամբ միջամտություն թույլ տված անձին այս գիշեր ոչ միայն ձերբակալեցին, այլև պետությունը (նկատեք՝ ոչ լրատվամիջոցը, այլ պետությունը՝ ոստիկանությունը) հրապարակեց անձի արժանապատվությունը արատավորող ձևով այդ անձի ձերբակալման կադրերը։

Մեկնաբանությունում ներկայացված տեսանյութում երևում է, թե իշխող ուժի մի խումբ կողմնակիցներ ինչպես են ոտնձգում (ընդհուպ՝ ֆիզիկապես) Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանի նկատմամբ։ Ոտնձգողներից որևէ մեկը չի ձերբակալվել, ավելին՝ նրանցից որևէ մեկի նկատմամբ որևէ ընթացակարգ չի կիրառվել։ Ընդ որում, միջադեպը տեղի է ունեցել ընդամենը հունիսի 5-ին՝ հարյուր օր առաջ, ինչը նշանակում է, որ «ժամանակային խզման» փաստարկը չի աշխատի։

Հետևություն։ Երեկ «հերոսաբար» ձերբակալված երիտասարդը դասական առումով քաղբանտարկյալ է։

Հ․Գ. Երեկվանից տիեզերական ողբ դրած՝ իշխող քաղաքական ուժի սպասարկուները երեսպաշտ են և փարիսեցի։ Նրանք ոչ թե գաղափար են պաշտպանում (դատավորի նկատմամբ միջամտությունն անթույլատրելի է), այլ, իրենց ընկալմամբ, իրենց կողմնակցին։

Հ․Գ-2. Երեկ արտահայտածս մոտեցումն անխախտ է՝ դատավոր Դանիբեկյանի հետ կատարված միջադեպն անթույլատրելի էր։ Բայց Պանդորայի արկղը բացողը հենց իշխանություններն էին։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը