Մեկնաբանություն

28.09.2019 10:10


Դրսում` «խաղաղության աղավնի», ներսում` պատերազմի հրձիգ

Դրսում` «խաղաղության աղավնի», ներսում` պատերազմի հրձիգ

Հիշո՞ւմ եք, որ Հայաստանի որեւէ ղեկավար ՄԱԿ-ի ամբիոնից բողոքեր իր ընդդիմախոսներից` կոկորդիլոսի արցունք թափեր, թե` հասե՜ք, մենք թեւքերը քշտած աշխատում ենք, կաշվից դուրս ենք գալիս, «ունենք անկոտրում վճռականություն»` հաղթական ավարտին հասցնելու «համաշխարհային ժողովրդավարության ապավենի» (բաստիոնի) մեր բացառիկ առաքելությունը, ընդդիմությունը խանգարում է, թույլ չի տալիս «առաջ մղել ժողովրդավարությունն ու բարեփոխումները մեր երկրում»։

Գոնե ես նման բան չեմ հիշում։ Չեմ հիշում, որ որեւէ այլ պետության ղեկավար ՄԱԿ-ի բարձր ամբիոնից բամբասեր «իր» ընդդիմությունից։

Նկատի ունենալով հարաճուն ոգեւորությունը, որով «ժողովրդի վարչապետը» բոլոր հնարավոր ամբիոններից եւ հնարավոր բոլոր միջոցներով «քլնգում» է իր քաղաքական հակառակորդներին, հոխորտում, սպառնում բոլորին, ովքեր իր թանին թթու են ասում, հետապնդում` անընդհատ ընդլայնելով քաղաքական ինքնադատաստանի ենթակա «սուբյեկտների» սեւ ցուցակը (ասում են, այսօրվա դրությամբ այդ ցուցակում արդեն 6 տասնյակ անուն կա), դա հենց այնպես, աննպատակ կամ ինքնանպատակ մի բան չէ։

Փաշինյանը պարզապես փորձում է լեգիտիմացնել ռեպրեսիաների նոր ալիքը` արդարացնել նախկինների դեմ «նախատեսված» լայնամասշտաբ պատժիչ գործողությունները։ Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի դեմ քարոզչական պատերազմը ժամանակավորապես սառեցրած «կիրթ» Ալիեւն էր բոլոր ամբիոններից թմբկահարում «20 տոկոս գրավյալ տարածքների եւ 1 միլիոն փախստականների» թեզը` Հայաստանը ներկայացնելով որպես «օկուպանտ երկիր», որի դեմ ցանկացած գործողություն արդարացված է, օրինաչափ, եւ պետք է «համարժեք» ընդունվի միջազգային հանրության կողմից։

«Ժողովրդավարական բարեփոխումների նկատմամբ երկրի ներսում կա որոշակի դիմադրություն նախկին կոռումպացված վերնախավի կողմից, որը փորձում է խոչընդոտել նոր կառավարության որդեգրած կոռուպցիայի դեմ զրո հանդուրժողականության քաղաքականությանը: Նրանք փորձում են խուսափել արդարադատությունից` օգտագործելով իրենց ֆինանսական ռեսուրսները եւ մարտահրավեր նետելով մեր ժողովրդավարական նվաճումներին և ժողովրդավարական եղանակով ընտրված Հայաստանի կառավարությանը, որը չի իրականացրել գույքի եւ սեփականության վերաբաշխում:

Մեր ԶԼՄ-ները լիովին զերծ են կառավարության վերահսկողությունից կամ միջամտությունից: Այնուամենայնիվ, նրանցից ոմանք ենթարկվում են նախկին կառավարության նույն հին շրջանակներին` կեղծ լուրեր հորինելով և հասարակության մեջ անվստահություն սերմանելով թավշյա հեղափոխության ծագման և նպատակների վերաբերյալ: Չնայած այս մարտահրավերին, ԶԼՄ-ների ազատությունը խթանելու և պաշտպանելու մեր վճռականությունն անխախտ է»,- հայտարարում է նա` ըստ էության, երկրորդելով իր հայհոյախոս «ֆեյսբուքչիների» ասածը։

Մյուսները ավտոմատ կերպով հավասարեցվում են «նախկիններին»` անգամ եթե երբեւէ չեն ասոցացվել նրանց հետ, ավելին` քննադատել են, ինչպես այսօր Նիկոլին ու իր խունվեյբիններին են քննադատում։ «Թարգմանաբար» սա նշանակում է`գայթակղությունը մեծ է, եւ «արդարությունն» էլ պահանջում է օր առաջ զբաղվել սեփականության վերաբաշխմամբ ու փակել անցանկալի լրատվամիջոցների բերանը։ Եվ եթե լրատվամիջոցների դեպքում կարելի է միառժամանակ ոտքը կախ գցել` չդիմել կացնային մեթոդների (դրա ժամանակը դեռ կգա), նույնը չի կարելի ասել սեփականության վերաբաշխման մասին` այս դեպքում «ներում-բեկում» չի լինելու։

«Նախկինների» դեմ հարուցված եւ դեռ իրենց հերթին սպասող քրեական գործերը, ԱԺ ներկայացված եւ նախապատրաստվող օրենսդրական նախաձեռնությունները`բանկային գաղտնիքը փաստացի վերացնելու մասին նախագծից սկսած, վերջացրած առանց դատարանի որոշման անձի ունեցվածքը բռնագանձելու «պրոյեկտով», ամբողջությամբ այդ գծի մեջ են։

Այս համատեքստում քմծիծաղ է առաջացնում ցուցադրական «կառուցողականությունը», որով Փաշինյանը խոսում է տարածաշրջանային գործընթացների մասին. «Մենք դեմ ենք բաժանարար գծերին եւ առճակատման քաղաքականությանը: Մենք դեմ ենք փակ սահմաններին, որոնք 21-րդ դարում համարվում են անհեթեթություն, բայց դեռ առկա են մեր տարածաշրջանում», «մեր տարածաշրջանի ժողովուրդներն արժանի են ապրել ազատ եւ խաղաղ` բարին արարելու, իրենց երեխաներին սնելու, կրթելու և լուսավոր ապագա կառուցելու համար»:

Բաժանարար գծերին եւ առճակատման քաղաքականությանը դեմ է, երբ խոսքը վերաբերում է մեր «ոխերիմ հարեւաններին», իսկ երկրի ներսում` միակ բանը, որ անում է` բաժանարար գծեր գծելը, հասարակությունը սեւ-սպիտակի, մերոնց ու ձերոնց բաժանելն է, ջրբաժանները հնարավորինս խորացնելը եւ «ոչնչացնող» առճակատման հասցնելը։

Ազատ եւ խաղաղ ապրելու` «բարին արարելու, իրենց երեխաներին սնելու, կրթելու եւ լուսավոր ապագա կառուցելու» իրավունքն էլ տրված է բացառապես իրեն ու իրեն բացահայտ կամ թաքուն ծափահարողներին...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը