Կարծիք

27.09.2019 20:21


Դեմ եմ, երբ իշխանության են գալիս շքեղությունները քննադատելու ալիքի վրա

Դեմ եմ, երբ իշխանության են գալիս շքեղությունները քննադատելու ալիքի վրա

Ես երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր նախանձում են իրենց հարևանին այն բանի համար, որ նա ավելի լավ մեքենա է վարում, կամ ավելի լավ բնակարանում ապրում, ավելի գեղեցիկ շորեր կրում: Ինձ համար դա երբեք խնդիր չի եղել, ասեմ ավելին՝ միշտ հաճելի է տեսնել գեղեցիկ հագնված, խնամված, միջին կամ դրանից բարձր դասի մեքենա վարող մարդկանց: Դա ինչ-որ կերպ քեզ մոտիվացնում է, ցույց է տալիս, որ կարելի է է՛լ ավելի լավի ձգտել: Եվ դու դրա համար պատրաստ ես է՛լ ավելի շատ աշխատել, նոր հմտություններ ձեռք բերել:

Նույնը վերաբերվում է երկրի վարչապետի/նախագահի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյայի գործուղումներին, բնակարային պայմաններին, հագուստին, աքսեսուարներին և այլն: Ես ուզում եմ, որ իմ երկրի ղեկավարները գեղեցիք, թանկարժեք հագուստ կրեն, լավ մեքենա վարեն, լավ պայմաններում ապրեն: Քանի որ նրանք իրենց պաշտոնավարման տարիներին առաջին հերթին ներկայացնում են իմ երկիրը: Եվ ես ուզում եմ, որ իմ երկրի առաջին դեմքերն ազատված լինեն կենցաղային խնդիրներից և կենտրոնանան միայն պետականաշինության վրա: Այդ իսկ պատճառով ես դեմ եմ աղքատության «մեծառմանը», քարոզին:

Առավել ևս դեմ եմ, երբ իշխանության են գալիս շքեղությունները քննադատելու ալիքի վրա, քանի որ ի սկզբանե մարդկանց կոդավորում են, որ լավ ապրելը կարող է լինել միայն թալանի միջոցով, և որ դա անարդարության էլեմենտ է իր մեջ պարունակում:

Բայց ինձ համար առավել, քան անընդունելի է, երբ սպանված զինվորների մայրերին ասում են, որ փոխհատուցումները կարող են ինֆլյացիա առաջացնել, բայց միևնույն ժամանակ կառավարական ամառանոցներ են վերանորոգում: Անընդունելի է, երբ հսկայական գումարներ են ծախսվում խալիները լվանալու, ամանորյա շոուներ կազմակերպելու և նմանատիպ այլ «միջոցառումների» վրա, բայց վերելակների և այս շարքի այլ երևույթների համար փող չկա: Անընդունելի է, երբ նախկինների թալանի մասին խոսում են մարդիկ, ովքեր ժամանակին նույնպես իշխանության մաս էին կազմում, և այժմ վայելում են այդ պաշտոնի շնորհիվ կառուցված շքեղ առանձնատները: Եվ նմանատիպ այլ՝ բոլորիս ծանոթ երևույթներ: Դեմ եմ, երբ իշխանություններն ի ցույց են դնում իրենց՝ վարձով մնալը, բայց միաժամանակ շքեղ, թանկարժեք աքսեսուարներ են կրում, ինչի համար հետո արդարանում:

«Կեցությունն է բնորոշում գիտակցությունը»: Այնպես որ, եկեք ձգտենք թե՛ ինքներս լավ ապրենք, թե՛ անենք հնարավորինս, որ ավելի լավ ապրի մեր հասարակության յուրաքանչյուր անդամը: Եվ ոչ թե փորձենք կյանքի կոչել «թող բոլորը հավասարապես վատ ապրեն» սկզբունքը:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը