Աշխարհ

29.04.2010 17:18


Սուրեն Սուրենյանց. «...Թուրքիան շատ ավելի օբյեկտիվ դերակատարում կունենա ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում»

Սուրեն Սուրենյանց. «...Թուրքիան շատ ավելի օբյեկտիվ դերակատարում կունենա ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն ասել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացի ժամանակ Թուրքիան ցուցաբերել է ոչ կառուցողական մոտեցում, բայց սխալներ գործել է նաև Հայաստանը։

Նրա խոսքերով՝ հայկական կողմն առնվազն երկու կոպիտ սխալ է թույլ տվել, որոնք Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման հետ մեկտեղ փակուղային վիճակի են հանգեցրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

-Առաջին սխալն  այն է, որ ՀՀ իշխանությունն անկեղծ չէր հասարակության հետ։ Անկախ արձանագրությունների տեքստից և բովանդակությունից՝ հայ-թուրքական և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացները չէին կարող փոխկապակցված չլինել։ Իշխանությունն, անընդհատ պնդելով, որ սրանք փոխկապակցված գործընթացներ չեն, իրեն դրեց շատ տխուր իրականության առջև։ Նա վերջում ստիպված եղավ խոստովանել փոխկապակցվածությունը։ Պետք էր ոչ թե անընդհատ հերքել ակնհայտը, այլ հասարակությանը շատ անկեղծորեն ասել, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների ձգտող և տարածաշրջանային լիդերի հավակնություններ ունեցող Թուրքիան շատ ավելի օբյեկտիվ դերակատարում կունենա Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում,-նշել է Սուրեն Սուրենյանցը։

Նրա խոսքերով՝ ՀՀ իշխանությունների անխոհեմ քայլը՝ կասեցնել հայ-թուրքական գործընթացը,  կբերի ղարաբաղյան հակամարտության շուտափույթ և ոչ հայանպաստ լուծման։

-Վախենամ՝ Հայաստանի ղեկավարությունը հայտնվի Ղարաբաղի խնդիրն ավելի շուտ լուծելու հրամայականի առջև։ Ընդ որում, Թուրքիան այլևս հավասարակշիռ չի կարող լինել. հայ-թուրքական հարաբերությունները շատ վատթար մակարդակում են,-նշել է նա։

Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ եթե ՀՀ իշխանությունները, ղարաբաղյան ճակատում վախենալով մարտահրավերներից, նույնպես որոշեն սառեցնել իր մասնակցությունը կարգավորման գործընթացին, ապա, որպես այլընտրանք, մեզ կմատուցվի պատերազմ։

-ՀՀ իշխանություններն առայժմ «այո» չեն ասել մադրիդյան նորացված սկզբունքներին, և ինչքան ես հասկանում եմ Մինսկի խմբի արձագանքներից և Ադրբեջանի ղեկավարության  հայտարարություններից, հեռու չէ այն պահը, երբ Հայաստանը կմեղադրվի գործընթացն արգելակելու մեջ,-նշել է նա։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը