Կարծիք

27.09.2019 13:03


Փաշինյանը տվել-անցել է ՀՀԿ-ին

Փաշինյանը տվել-անցել է ՀՀԿ-ին

Չնեղանաք, պիտի ասեմ

Պաշտոնավարման տարիներին, երբ տեղեկություններ էին շրջանառվում, որ այսինչի աշխատանքից նախագահ Սերժ Սարգսյանը դժգոհ է կամ ուզում է ուղարկել թոշակի, որպես անցումային պաշտոն, նշանակում էր կա՛մ իրեն խորհրդական, կա՛մ դեսպան։ Երբ որևէ մեկը նշանակվում էր այդ պաշտոններին, նախ հարցը դիտարկում էինք այդ տեսանկյունից։

«Հեղափոխություն» արած ոստիկանապետ Վալերի Օսիպյանի նշանակումը վարչապետի գլխավոր խորհրդական նույն տրամաբանության շրջանակներում է։ Նիկոլ Փաշինյանը դժգոհ էր աշխատանքից, տվեց գեներալի կոչում ու նշանակեց խորհրդական։

Նախագահ և վարչապետ Սարգսյաններն ի՞նչ էին ասում, ասում էին՝ կան աշխատատեղեր՝ 150 հազար դրամ աշխատավորձով, բայց մեր քաղաքացիները գերադասում են տանը նստել ու 30 հազար դրամ նպաստ ստանալ։ Մենք ու Նիկոլ Փաշինյանն օրնիբուն քննադատում էինք այդ խոսքերի համար։

Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը, ասում է՝ օրական 10-15 հազար դրամ աշխատավարձով (այսինքն՝ ամսական 300-450 հազար դրամով) աշխատատեղեր կան, բայց հնդիկներն են էդ գործն անում, որովհետև մերոնք ուզում են չաշխատել, որպեսզի չզրկվեն 30 հազար դրամ նպաստից (ի դեպ՝ նպաստները չեն բարձրացել, նույն թիվն է)։

Ի՞նչ էր կատարվում առաջ, մենք տեսնում էինք, որ սոցիալական վիճակը ծանր է, նախագահ Սարգսյանը բերում էր վիճակագրական թվեր, թե տնտեսությունն աճում է, զարգանում, հիանալի թվեր կան։ Նիկոլ Փաշինյանը նույն վիճակագրին վերանշանակել է, ու հիմա զօրուգիշեր թվեր է ներկայացնում իր ֆեյսբուքյան էջին։ Վիճակագիրը նույնն է, թվերը նույնն են, մենք էլի չենք հավատում ու դժգոհ ենք․ պարզապես մեր կողքին այժմ չկա Նիկոլ Փաշինյանի նման քննադատող։

Ասելիքս ո՞րն է․ Նիկոլ Փաշինյանը երբ վարչապետ էր դարձել, սկզբնական շրջանում վիրավորվում էր, որ իրեն համեմատում էին ՀՀԿ-ի հետ, ասում էր՝ սրանից հետո չփորձվեք համեմատել․ իսկ հիմա ՀՀԿ-ն է վիրավորվում, որ Նիկոլ Փաշինյանին համեմատում են իրենց, քանի որ նա տվել-անցել է ՀՀԿ-ին։

Հանրապետականների հետ համաձայն եմ։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը