Կարծիք

27.09.2019 11:35


Հայաստանը մտել է պատժիչ ռեպրեսիաների փուլ. անմեղության կանխավարկածը դառնում է ամենամերժելի գաղափարը

Հայաստանը մտել է պատժիչ ռեպրեսիաների փուլ. անմեղության կանխավարկածը դառնում է ամենամերժելի գաղափարը

Հայաստանը պաշտոնապես մտել է պատժիչ, ռեպրեսիվ փուլ։ Կանխարգելման հնարավորություններն այլևս սպառված են։ Չկարողացանք, չհասցրեցինք, անտարբեր եղանք, առաջնորդվեցինք «մեզ բան չլինի՝ մնացածի վրա աչք փակենք» սկզբունքով։ Հիմա լրիվ այլ փուլ է. բուռն համատարած ռեպրեսիաների փուլ։ Առաջիկայում քրեական գործերի առատությունը և իրավապահների ագրեսիվությունը կապացուցեն դա։

Այլևս քրեական գործեր են հարուցվում նույնիսկ այն դեպքում, երբ դրանց համար չկան նվազագույն հիմքեր, չկան բավարար փաստական տվյալներ: Ռեպրեսիվ այս մոտեցման արդյունքում շեշտակի ավելանալու են ապօրինի քրեական գործերը:

Պատժիչ, ռեպրեսիվ գործընթացն ունի իր հստակ տրամաբանությունը. այն նույնպես ունի փուլեր, «ընթացակարգեր»։ Դա պետք է իմանալ, քանի որ այն թակելու է արդեն շատերի դռները. նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ ծավալների մասին է խոսքը։

Քրեական գործերը հարուցվում են բավականին հետաքրքիր սխեմայով: Սկզբում որոշում է կայացվում, թե ում նկատմամբ հարուցել քրեական գործ, ընտրվում է անձը: Առայժմ ընտրվողները հանրային դեմքեր են, որոնց ընդհանուր տալիս են մեկ բնորոշում՝ «նախկիններ»: Հաջորդ փուլում հորինում են գործը կամ տեղավորում արդեն իսկ հարուցված մեծ գործի մեջ, օրինակ՝ մարտի 1 կամ ցանկացած այլ։ Սկսում են առաջին էպիզոդից, որն ուղղակի ընտրության հարց է. կարող է լիներ այս մեկը կամ այն, իսկ հետո սկսում խճանկարի նման հավաքել գործը՝ էպիզոդ առ էպիզոդ:

Սկզբնական փուլում նախաքննությունն ընթանում է սեփական վարկածը հաստատելու ուղղությամբ, հավաքվում են փաստեր, ցուցմունքներ, որոնք կհաստատեն միայն ու միայն այդ վարկածը: Որևէ հակափաստարկ, հակառակ ապացույց չի նկատվում, չի քննվում։ Հետո հայտնվում են «վկաները», օրինակ՝ Սիլվաներ և Անդերսոններ, և խճանկարը հավաքվում է: Նրանց պեղում են գործակալական արխիվներից, գտնում, բանակցում, համոզում, շահագրգռում, վախեցնում... մի խոսքով՝ գտնում են «վկաների»։

Ընթացքում ընտրված «մեղավորների» մի մասը պատրաստ է գնալ «բարիշելու» ճանապարհով: Այս դեպքում գործի վերաբերյալ ինչպես համառորեն աղմուկ է բարձրանում, այդպես էլ նույն համառությամբ մոռացության է մատնվում: Եվ այդ մարդիկ ազատ, անկաշկանդ շրջում են եվրոպական երկրներում՝ մինչև հաջորդ պայմանավորվածության ձեռքբերումը:

Ռեպրեսիվ մթնոլորտի հաջորդ ինդիկատորը կալանքն է: Կալանքի միջոցով փորձում են մարդուն պատժել, ճնշել, կոտրել, ավելի կոմպրոմիսային սարքել: Իսկ հասարակությանը՝ ցույց տալ, որ գործ ենք անում, պայքարում ենք, պատժում ենք։

Եվ ամենևին կարևոր չէ՝ կալանքի հիմքերը բավարա՞ր են, թե՞ ոչ: Ճնշող մեծամասնությամբ որևէ հիմք կալանքի համար չի լինում․ մարդիկ չեն խուսափում, չեն թաքնվում, ինքնակամ վերադառնում են արտերկրից Հայաստան և այլն։ Բայց ռեպրեսիան սիրում է հանրային տեսարաններ, նրան օրինական ընթացակարգ և խնդրի օրինական լուծում պետք չէ, պետք է աղմուկ և արյուն։

Անպայման կգտնվի դատավոր, ով կբավարարի կալանքի ցանկացած միջնորդությունը: Գնալով՝ այդպիսի դատավորների թիվն ավելանալու է։

Եթե հասարակությունը կոնկրետ գործով տեսարաններ չի պահանջում, ապա ժամանակի ընթացքում թույլատրված է կալանքը փոխարինել գրավով, որովհետև այս դեպքում էլ հասարակության ցածր շերտերին կհամոզեն, թե ձեզնից թալանածն են հետ բերում:

Ռեպրեսիվ փուլի մյուս կարևոր բաղադրիչը համապատասխան մթնոլորտի ապահովումն է։ Իրավապահները, գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները, քաղաքական թիմերը, «քաղհասարակության» ներկայացուցիչները, Հ1-ի լուրերը և տաղավարի հյուրերը, լայվը և այլն մեկ հրահանգով սկսում են մարդու հանրային վարկաբեկման արշավը՝ խրախուսվում է առավել անբարոյականությունը, խրախուսվում է մարկային արժեքների առավել ստոր ոտնահարման դրսևորումները։

Ռեպրեսիվ մթնոլորտի մյուս տրամաբանական փուլը դատարանների վրա բացահայտ ճնշումներն են: Իշխանությանը ոչ հաճո որոշման պատճառով շրջափակում են դատարանները, փորձում ողջ համակարգը դարձնել իշխանության կցորդ: Մեկ մարդու ցանկությամբ չառաջնորդվող դատավորներին ցուցադրական պատժում են, իսկ ենթարկվողներին՝ խրախուսում։ Ըստ էության հայտարարվում է, որ երկրում պետք է լինի մեկ դատավոր։

Հաջորդ ինդիկատորը փաստաբանների նկատմամբ կազմակերպված ճնշումներն են, որոնք ժամանակ առ ժամանակ վեր են ածվելու՝ սպառնալիքների կամ գուցե հաշվեհարդարների։ Հանրային հնչեղություն ունեցող գործերով, որտեղ արդեն որոշված են մեղավորները, անհանդուրժողական վերաբերմունք է հատկապես փաստաբանների նկատմամբ: Սոցիալական ցանցերով, հրապարակային ելույթներում սպառնում, վիրավորում, հայհոյում են փաստաբաններին:

Այս ամենին զուգահետ անմեղության կանխավարկածի խախտումը դառնում է օրինաչափություն: Խճանկարի սկզբունքով հավաքված հանցագործության կատարման մեջ կասկածվողը կամ մեղադրվողը արդեն իսկ մեղավոր է հայտարարվում, և այստեղ ոչ պետական մարմինները, ոչ առանձին պաշտոնյաները, ոչ էլ որոշ լրատվամիջոցներ չեն հիշում անմեղության կանխավարկածի սկզբունքի մասին: Անմեղության կանխավարկածը դառնում է ամենամերժելի գաղափարը։ Եթե այդ գաղափարը կենսունակ մնաց, ապա պատժիչ իշխանության ողջ տրամաբանությունը կփլուզվի։ Այդ պատճառով է, որ մեկ մարդու ցանկությամբ մեղավոր նշանակվածը ամեն գնով պետք է մեղավոր ճանաչվի։ Նրա անմեղությունը մեկ վայրկյան անգամ կասկածի տակ դնողը՝ հռչակվում է սպասարկու, դավաճան, կոռումպացված և այլն։

Ամփոփում

Իմ թվարկած պատժիչ համակարգի բոլոր ցուցիչները Հայաստանում առկա են։ Եվ կրկին անգամ պնդում եմ, որ Հայաստանը մտել է պատժիչ ռեպրեսիաների փուլ։ Մենք առաջինը չենք, մենք վերջինը չենք։ Սա ունի իր միջազգային և ռեգիոնալ ողբերգական փորձը։ Բավական է մտաբերել հարևան Վրաստանի փորձը, երբ վարդերի թավշյա հեղափոխությունը շատ արագ վերափոխվեց ծանր ռեպրեսիաների փուլի:

Այս փուլն ունի նաև իր հստակ կանոնները: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում այլևս ոչ ոք չի կարող հանգիստ լինել՝ ո՛չ նախկինները, ո՛չ ներկաները, ո՛չ ամենամտերիմները, ոչ էլ բարիշածները. սա է այս փուլի խաղի կանոնը։ Այլևս բոլորը հավասարապես անպաշտպան են իրավական կամայականություններից, անօրինականություններից:

Ի դեպ, կա նաև մեկ այլ հնարավոր ուղղություն, որը թերևս ամենասարսափելին է. երբ իշխանությունը կամ նրա թևերից մեկը որոշում է մարդուն պատժել, ոչ թե պսևդոիրավական ճանապարհով, նույնիսկ, ոչ թե կեղծ քրեական գործերի միջոցով, այլ՝ բանդաների և հրոսակախմբերի։ Մեր պետությունը նման փուլ ունեցել է։ Երբ իրավական նիհիլիզիմի մթնոլորտը հասնում է որոշակի բարձր այլասերվածության աստիճանի, դրանից հետո դեպի բանդաներ՝ մեկ ու աննկատ քայլ է։

Սա է իրականությունը։ Հիմա պետք է մտածել ամենակարևորի մասին. Ի՞նչ անել, ինչպե՞ս զսպել, ինչպե՞ս փոխել վիճակը ։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

«Իմ ձայնը» ՀԿ համատեղ նախագիծ

Այս խորագրի վերջին նյութերը