Քաղաքական

27.09.2019 10:46


Նե­րիշ­խա­նա­կան ճգնա­ժա­մը խո­րանում է. իշխանությունից տարբեր սեգմենտների տարանջատման գործընթացը դոմինոյի էֆեկտ է ստանում․ «Փաստ»

Նե­րիշ­խա­նա­կան ճգնա­ժա­մը խո­րանում է. իշխանությունից տարբեր սեգմենտների տարանջատման գործընթացը դոմինոյի էֆեկտ է ստանում․ «Փաստ»

«Աշունը աչքի է ընկնում իշխանության ներսում ակտիվ գործընթացների ծավալմամբ: Թվում էր, թե այս օրերին հանրության շրջանում բարձր վարկանիշ ունեցող Նիկոլ Փաշինյանին հաջողվելու է պահպանել իշխող ուժի միասնականությունը, այնուամենայնիվ, շատ շուտով խորացան տարաձայնությունները վարչապետի և իշխող «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների միջև առաջին իսկ առիթի դեպքում (Վանեցյանի ու Օսիպյանի թեման՝ մի կողմ):

Իշխանության ներսում տարաձայնությունների առաջին ծիլերը դրսևորվեցին Աբովյան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ Սասուն Միքայելյանը հրաժարվեց աջակցություն հայտնել իշխող ուժի, իսկ ավելի ստույգ՝ մարզպետի թեկնածուին:

Թերևս նաև դա էր պատճառը, որ Միքայելյանը, ով ՔՊ վարչության նախագահն էր, այս անգամ չընտրվեց կուսակցության վարչության կազմում:

Դրանից հետո խոսակցություններ տարածվեցին, թե Միքայելյանը չի մասնակցում «Իմ քայլը» խմբակցության նիստերին, իսկ հիմա էլ տեղեկություններ են շրջանառվում, թե նրան անգամ կարող են հեռացնել կուսակցությունից։

Հաջորդը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրն էր, որ երևան հանեց իշխանության ներսում առկա տարակարծությունների ողջ սպեկտորը, որից հետո էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը վայր դրեց իր մանդատը:

Ի դեպ, իշխանական կուլիսներում այդ թեմայով ուշագրավ խոսակցություններ են ընթանում, այդ թվում՝ Առաքելյանի հետագա ծրագրերի և այդ մասին վարչապետին նրա ընկերներից մեկի կողմից «դանոս» հասցնելու մասին:

Իշխող խմբակցության մի խումբ պատգամավորների դժգոհությունն ավելի կխորանար, եթե կառավարությունը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման օրակարգը չհետաձգեր:

Եվ պատահական չեն մամուլում տարածվող տեղեկությունները, թե Փաշինյանն էլ իր հերթին դժգոհ է խորհրդարանում իր կուսակից պատգամավորների գործունեությունից և անգամ որոշ պատգամավորների հորդորել է մանդատները վայր դնել:

Իշխանական համակարգում ճաքը դրսևորվեց արդեն կառավարությունում, երբ ԱԱԾ և ոստիկանության պետերը հրաժարական տվեցին: Վերլուծաբանների մի մասը այդ հրաժարականները պայմանավորեցին նրանով, որ իշխանությունը ցանկանում է առաջիկայում գործի դնել իրավապահ ուժերը դեպի Ամուլսար տանող ճանապարհը բացելու և հանքի շահագործումն ապահովելու համար:

Իսկ փորձագետների մյուս մասն էլ այն կարծիքին էր, որ այդ երկու կառույցների ղեկավարների հրաժարականները պայմանավորված էին առաջիկայում հարուցվելիք քրեական գործերի շղթայով, որի պատասխանատվության տակ Վանեցյանը և Օսիպյանը չցանկացան մտնել:

Հանրությունը դեռ չէր մարսել այս հրաժարականների թեման, երբ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե հրաժարականների շարքը շարունակվելու է, և այս անգամ իրենց պաշտոններից հեռանալու են մի շարք նախարարներ և գերատեսչությունների ղեկավարներ:

Թե ինչքանով են այս լուրերը համապատասխանում իրականությանը, կերևա առաջիկայում, սակայն սա չի լինելու ներիշխանական ճգնաժամի խորացման վերջին հանգրվանը, քանի որ առջևում հասարակությունը բախվելու է մի այնպիսի առանցքային խնդրի, ինչպիսին գազի թանկացումն է:

Առանց այն էլ սոցիալապես ոչ բարվոք վիճակում գտնվող Հայաստանի համար գազի թանկացումը չի կարող բողոքի ալիք չբարձրացնել հանրության շրջանում, և հարցական է, թե իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ բողոքի ստվարացման դեպքում ինչպես կպահեն իրենց կառավարող համակարգի տարբեր ներկայացուցիչներ:

Իշխանությունից տարբեր սեգմենտների տարանջատման գործընթացը, կարծես թե, դոմինոյի էֆեկտ է ստանում։

Եվ այսօր արդեն վերլուծելով ներքաղաքական դաշտում առկա իրավիճակը՝ տարբեր քաղաքագետներ այն եզրահանգմանն են գալիս, որ իշխանությունից տարանջատված ներկայացուցիչները կարող են ձևավորել նոր այլընտրանքային բևեռ, որի դիրքորոշումը կարող է էական նշանակություն ունենալ հետագա քաղաքական գործընթացներում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը