Կարծիք

26.09.2019 15:25


Մեգագլուխգովանը ՄԱԿ-ի ամբիոնում

Մեգագլուխգովանը ՄԱԿ-ի ամբիոնում

Երկրներն ու ժողովուրդները, իրենց շահերով առաջնորդվելով հանդերձ, այդ շահերը առաջ են տանում գաղափարախոսությունների և սկզբունքերի անունից, և նրանց առաջնորդները միջազգային հարթակներում հանդես են գալիս հենց գաղափարախոսությունների անունից, որ համախոհներ ձեռք բերեն իրենց խնդիրների համար։

Սակայն Նիկոլ Փաշինյանը բացառություն է, ով արդեն երկրորդ տարին ՄԱԿ-ի ամբիոնից գլուխն է գովում, թե ինչ զիլ հեղափոխություն է արել, և հանդես է գալիս միայն իր անձնական պատկերացումների ու շահերի անունից։

Այսպես.

Օրինակ Ղարաբաղի հարցում՝ հայկական կողմը հանդես է գալիս ժողովուրդների ինքնորոշման գաղափարի անունից, որ յուրաքանչյուր ժողովուրդ ինքնորշման և իր ինքնիշխանությունը կերտելու իրավունք ունի, որ ինքնորոշումը մարդու իրավունքների կարևոր դրսևորումնրից մեկն է հետևաբար այն պիտի ճանաչվի մարդու իրավունքների ջատագով միջազգային հնարության կողմից։ Ադրբեջանը հանդես է գալիս սահմանների անձեռնմխելիության սկզբունքի անունից, որի էությունն այն է, որ երկրորդ աշխարհամարտից հետո աշխարհը հասկացել է, որ սահմանները խախտելը բերում է պատերազմների, հետևաբար միջազգային հանրությունը պետք է պաշտպանի իրեն, որ Ղարաբաղը իր կազմի մեջ մտցնի։ Համանախագահող երկրները Մադրիդյան սկզբունքներում այս երկու սկզբուքն էլ ներառել են, հետևաբար հակամարտություն է գնում ոչ միայն երկրների, այլև սկզբունքների ու գաղափարների միջև։

ՄԱԿ֊ում Նիկոլ Փաշինյանի ելույթը չունի գաղափարախոսություն կամ սկզբունք։ Այսպես, Ղարաբաղի հարցում ասում է, թե այնպիսի լուծում պետք է գտնվի, որ երեք կողմերին՝ Հայաստանին, Ղարաբաղին և Ադրբեջանին էլ բավարարի։ Հետո բացում է, թե ինչպիսին կարող է լինել այդ լուծումը՝ Ալիևը ղարաբաղցիներին համոզի, ասի՝ մենք ձեզ չենք կոտորի, էկեք, համաձայնվեք, Ադրբեջանի մեջ մտեք («Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում խոսել այդ մարդկանց հետ և բանակցել նրանց հետ, քանի որ նրանք ցանկանում են ունենալ տարածքներ, բայց ոչ ժողովուրդ», ապա «կոչ եմ անում իմ գործընկերոջը՝ նախագահ Իլհամ Ալիևին, ընդունել բանաձևը՝ պայմաններ ստեղծել խաղաղ գործընթացում առաջընթացի համար»)։

Տնտեսության հարցում.

Աշխարհում հիմնական հակամարտությունը գնում է մի կողմից ազատականության, մյուս կողմից ընկերվարության միջև, ազատականությունը բերում է ազատ շուկայի, մրցակցության, մասնավոր սեփականության գաղափարները, մի խոսքով անհատի հարստանալը, ընկերվարությունը՝ արդարության, հավասարության, հարստության արդար բաշխման գաղափարները։

Նիկոլ Փաշինյանը խոսում էր նախկինների դեմ, բայց ի՞նչ գաղափարախոսության անունից։ Որ նրանք կոռումպացվա՞ծ են, այստեղ կա՞ գաղափարախոսություն։ Ո՞ւմ է համոզում, թե կոռուպցիայի դեմ պայքարը գաղափարախոսություն է՝ Թրամփի՞ն, թե՞ Ջոնսոնին, թե՞ Մակրոնին։

Եվ ՄԱԿ֊ի ամբիոնից բամբասում է, իր երկրում իր անձնական հակառակորդներից, թե գիտեք, ես լավն եմ, կոռուցիայի դեմ եմ, ես ճիշտ փող աշխատող եմ, իսկ նախկինները վատն էին, կոռումպացված փող աշխատողներ էին, ուզում եմ դատեմ, նստացնեմ, բայց քանի որ շատ փող ունեն, փաստաբան են վարձում ու արդարանում են («Նրանք փորձում են խուսափել արդարադատությունից՝ օգտագործելով իրենց ֆինանսական ռեսուրսները»)։

Իսկ թե ովքե՞ր են լավերն ու վատերը, բացատրեց Լոս Անջելեսում, որ պետք է վերականգնեն 1998թ. ստատուս քվոն։ Այսինքն, «լավեր»-ը մինչև 1998-ը հարստացածներն են, «վատեր»-ը 1998-ից հետո հարստացածները։ Այդպես, վերջերս նա ընտանյոք պարում էր այն «լավ», 1998-ից առաջ հարստացած կլանի հարսանիքին, այն կլանի, որ Ներքին գործերի նախարարի հետ խնամիական կապերով էր սեփականաշնորհել բազմաթիվ ձեռնարկություններ ու մեգամիլիոններ դիզել։

Փաշինյանը, իհարկե, լիբերալ է հարստանալու իր կոչերով՝ ասելով, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է, պրոգրեսիվ եկամտհարակը վերացնելով և այլն, բայց չգիտակցված լիբերալ, ինքն այդ մասին չգիտի, և անկեղծ է ասում, որ ինքը իզմեր չունի։ Այո՛, նա ուղղակի պարզունակ բաժանում է աշխարհը սև ու սպիտակ, լավ ու վատի, և կարծում է՝ «լավ» ներկայանալով, գլուխ գովելով, «լավեր»-ը իրեն կգան, կօգնեն։

Ուրեմն, ՄԱԿ-ի ամբիոնից նրա գլխավոր ուղերձն էր՝ տեսեք ինչքան լավ, սպիտակ տղա եմ, թավշյա, հեղափոխական, հակակոռուպցիոներ, 16 հատ մեգամուրազ ունեմ, էկեք ինձ թիկունք կանգնեք, որ էն վատ, 1998-ից հետո հարստացածների հախից գամ, որ կարողանամ մինչև 2050 թիվը հասցնեմ մեգամուրազներս անել։

Իհարկե, նրա խոսքը ավելի ուղղված էր արևմտյան լիդերներին, քանի որ թվարկեց Հայաստանի խաղաղարար առաքելությունները միայն ՆԱՏՕ-ի շրջանակներում, և լռեց որ Սիրիա էլ է խաղաղապահ զորախումբ ուզարկել («Հայաստանը մասնակցում է Մալիում, Լիբանանում, Կոսովոյում և Աֆղանստանում գործող խաղաղապահ գործողություններին և կատարում է բուժօգնություն և ականազերծման գործողություններ իրականացնող մարդասիրական առաքելություն»)։ Բայց այս փոքրիկ խորամանկ բացթողումը դժվար թե նրան համախոհ բերի, դժվար թե գտնվի մի ուժ, որ ասի՝ վայ, էս տղան ինչքան լավն է, մեգանպատակներ ունի, իսկ էն իրանից առաջ եղածները ինչքան վատն են, չեն թողնում մեգանպատակները կատարի, արի գնամ թիկունք կանգնեմ էս լավ տղուն, որ էն վատերը հանկարծ չգան տեղը նստեն։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը