Կարծիք

25.09.2019 08:32


Իրանի տնտեսությունն այսօր

Իրանի տնտեսությունն այսօր

Մեր մամուլում հազվադեպ տեղեկատվություն կարելի է գտնել Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսության մասին: Խոսքը և՛ գիտական պարբերականների, և՛ պարզ ԶԼՄ-ների մասին է: Մինչդեռ մեր հարավային հարևանը մի քանի տարի առաջ ամենամեծ տնտեսությունն ուներ Արևմտյան Ասիայի երկրների շարքում (հիմա առաջատարի դերը զիջել է իր տևական տնտեսական հակառակորդ Թուրքիային), Իսլամական երկրների տնտեսական կշիռում չորրորդն է ՀՆԱ-ի ծավալով:

Պաշտոնական տվյալներով Իրանի ՀՆԱ-ն 2005թ․ 555 մլրդ դոլար էր: Իսկ 2011-ին ամենաբարձր արդյունքը գրանցեց` 930 մլրդ: Սակայն վերջին տարիներին արևմտյան երկրների (հատկապես ԱՄՆ-ի և զինակիցների) պատժամիջոցների արդյունքում Իրանի տնտեսությունը լուրջ խնդիրների առջև է հայտնվել: Հիմա ՀՆԱ-ի ցուցանիշը շատ ավելի համեստ է` մոտ 440 մլրդ դոլար: ԱՄՀ-ի տվյալներով անցած տարի մեր հարևան երկրի տնտեսությունը կրճատվել է 3.6 տոկոսով: Այս տարվա համար միջազգային կառույցներն ավելի մեծ անկում են կանխատեսում՝ 3.8-6 տոկոսի չափով: Պատճառը ամերիկյան և արևմտաեվրոպական վերջին պատժամիջոցներն են, որ ընդունվել են այս տարվա ապրիլին:

Նշենք, որ ֆինանսական տարի Իրանում հաշվարկվում է մարտի 21-ից: Եվ մինչև ապրիլյան պատժամիջոցները Իրանը օրական մոտ 2.5 մլն բարել նավթ էր արտահանում: Հիմա արտահանումների ծավալը օրական կազմում է 1-1.5 մլն բարել: Իսկ նավթի արտահանումն ապահովում է երկրի բյուջեի մուտքերի առնվազն մեկ երրորդը:

Անցած ֆինանսական տարում նավթի արտահանման դիմաց բյուջեի մուտքերը կազմել են 27 մլրդ դոլար: Այս տարի ավելի համեստ` 21 մլրդ դոլարանոց արդյունք է ակնկալվում: Այս տարվա բյուջեում նավթի արժեքը հաշվառված է մոտ 50 դոլար` մեկ բարելի դիմաց: Սա հնարավոր է մեղմի այն ֆինանսական հարվածը, որ հաշվարկվում է տնտեսական տարվա համար: Սակայն կա մեկ տհաճ փաստ ևս: Իրանյան նավթի արտահանման 35 տոկոսը բաժին էր ընկնում Չինաստանին, 33 տոկոսը` Հնդկաստանին, 20 տոկոսը՝ ԵՄ անդամ երկրներին, 7-ը` Թուրքիային: Մնացած փոքր ծավալը կիսում էին Ճապոնիան և Հրվ. Կորեան: Բայց խոսվում է այն մասին, որ պատժամիջոցների հետևանքով նույնիսկ ասիական երկրներն են կրճատել ներմուծումները:

Արևմտյան մամուլի տվյալներով այս տարի երկրի ԿԲ-ն դադարել է տեղեկատվություն հրապարակել արժեզրկման մասշտաբների մասին: Փորձագիտական տվյալներով ազգային վճարամիջոցն այս ֆինանսական տարում դոլարի հանդեպ արժեզրկվել է 60 տոկոսի չափով: Դա էականորեն ազդում է ներքին շուկայի գների վրա: Այս գարնանը երկրի իշխանությունները փորձելով կարգավորել պարենի ծավալի ու գնաճի խնդիրները՝ արգելեցին կարտոֆիլի ու սոխի արտահանումը: Դա զգացինք նաև մենք` հայաստանցիներս, մեր ներքին շուկայում այդ երկու սննդամթերքի գնաճից:

Իրանի գյուղնախարարի հրապարակման համաձայն այս տարի միայն գյուղատնտեսության ոլորտը մոտ մեկ մլրդ դոլարի չափով կորուստներ կունենա: Պատճառը գարնանային հեղեղումներն են, որ պատուհասեցին գյուղատնտեսական շրջաններին: Սա իր հերթին խթանում է արժեզրկումն ու բնակչության եկամուտների նվազումը: Արևմտյան քաղաքական վերլուծություններում անդադար նշվում է այն մասին, որ Իրանի «նավթային» մեկուսացումը կզրկի պետբյուջեն համալրման հիմնական աղբյուրից և կես տարվա ընթացքում կհանգեցնի տնտեսական անշրջադարձելի բացասական հետևանքների, որոնք իրենց հերթին ներքին հասարակական և ազգային դժգոհությունների պատճառ կդառնան:

Իսկապես «նավթային ասեղը» բավական լուրջ փաստարկ է Իրանի տնտեսական կյանքում: Մեր հարևան երկիրը նավթի (18 մլրդ տոննա) և գազի (համաշխարհային պաշարների 16 տոկոսը) պաշարներով երկրորդն է աշխարհում` Սաուդյան Արաբիայից հետո: 80-81.6 մլն բնակչություն ունեցող Իրանի Իսլամական Հանրապետությունը սահմանակից է թե՛ Հայաստանին, թե՛ Լեռնային Ղարաբաղին: Այս տեսանկյունից Իրանի սոցիալ-տնտեսական վիճակն ու այդ երկրի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական ու տնտեսական գործընթացները եզակի կարևորություն ունեն մեր երկրների համար: Ու, ցավոք, հիմա Իրանի արևն ու Շիրազի վարդերը գովերգելու լավագույն ժամանակները չեն:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը