Մեկնաբանություն

24.09.2019 16:46


Հեղափոխական ցինիզմը, սրիկայության գինը և պետության անկումը (տեսանյութ)

Հեղափոխական ցինիզմը, սրիկայության գինը և պետության անկումը (տեսանյութ)

2008–ի մարտի 1–ին տեղի ունեցավ սահմանադրական կարգի տապալման փորձ։ Փորձը չստացվեց։ Իշխանությունը թույլ չտվեց, որպեսզի քիրվայականները, ներազգային թշնամանք հրահրելով («Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»), հասնեն իրենց նպատակին։

Ունեցանք 10 զոհ։ Հետագայում այդ զոհերը Լևոն Տեր–Պետրոսյանի համար դարձան շահարկման և առևտրի առարկա, իսկ բախումները հրահրած ու ապօրինությունները խրախուսած Նիկոլ Փաշինյանի համար՝ քաղաքական կարիերա անելու միջոց։

Տարիներ շարունակ մարդկանց կերակրում էին, թե, իբր, Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, նա է 10 զոհերի պատճառը, նա միլիարդավոր դոլարներ է թալանել և այլն, և այլն, և այլն։

Հիմա իշխանության են եկել 1998–ին իշխանությունից վռնդված ու 2008–ին պարտված ուժերը։ Պարզապես տեղերն են փոխված՝ Նիկոլ Փաշինյանը առաջնորդն է, իսկ Տեր–Պետրոսյանը՝ նրա մեծապատիվ դիջեյը։

Ուշագրավն այն է, որ Փաշինյանի տարածած ստերն իր վարչապետության շրջանում բացահայտվում են և փուչիկի պես պայթում։

2–րդ նախագահի դեմ կարված «Մարտի 1»–ի ֆարս դատավարությունը ցույց է տալիս, որ Նիկոլը, Լևոնն ու իրենց շրջապատը տարիներ շարունակ ստել են։ Մարդկանց լկտիաբար խաբել են թե՛ սպանությունների, թե՛ գողացված միլիարդների մասին։

Ու որպեսզի հիմա իրենց ստերի տակից դուրս գան, փորձում են դատական համակարգն ամբողջությամբ սեփականաշնորհել, որպեսզի հեղափոխական ցինիզմը և լկտի սուտը դատական որոշման տեսք ստանան։

Բայց դե ստի ոտքերը կարճ են լինում։ Ինչպես ասում են՝ գողինն ու «թավշյա» կամ գունավոր հեղափոխականինը 40 օր է։

Օրինակ՝ Ուկրաինայում արդեն բացահայտվել են «գունավորների» ստերը, բայց պետության անկման գնով։

Եվրոպական դատարանը որոշում է կայացրել չեղարկել բոլոր տեսակի պատժամիջոցները Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի դեմ: Պարզվում է՝ Յանուկովիչի մոտ այդպես էլ գաղտնի գումարային հաշիվներ չեն հայտնաբերվել: Բացի այդ՝ նա ոչ մի կապ չի ունեցել 2014 թվականի մայդանային սպանությունների հետ:

Հիմա Ուկրաինայում քննարկվում է սպանությունների երկու վարկած՝

1. սպանություններն արել են 3–րդ ուժերը (դրսի), որպեսզի գրգռեն մարդկանց ու հեղափոխությունը գլուխ բերեն,

2. սպանությունները կազմակերպել էին այն ժամանակվա հեղափոխականները՝ նույն նպատակով։

Ի դեպ, ուկրաինական դատախազությունն ընդունել է եվրոպական դատարանի որոշումը որպես հիմք, և Յանուկովիչն այլևս մեղադրյալ չէ։

Ուկրաինական հեղափոխությունից տարիներ անց, փաստորեն, պարզվեց, որ հեղափոխականները սրիկայաբար խաբել են ու ժողովրդին գազազեցրել իրենց ու դրսի պատվիրատուների շահերն առաջ տանելու համար։

Արդյունքում՝ Ուկրաինան հսկայական տարածք կորցրեց։ Կորցրեց նաև մարդկանց` Մայդանի զոհեր ու հետհեղափոխական շրջանում միլիոնավոր արտագաղթածներ։

Կորավ նաև ուկրաինական տնտեսության 1/5–ը։

Այդ պետությունը սրիկաների պատճառով դարձել է «պռախադնոյ դվոռ» դրսի ուժերի համար և կռվախնձոր՝ գերտերությունների ձեռքին։ Տուժողը, բնականաբար, ուկրաինացիներն են, բայց դա դրսի ուժերին չի հետաքրքրում։ Հեղափոխության փայատերերին հետաքրքրում էր հակառուսական վեկտորը, ինչը ստացան։ Իսկ թե ինչ գին են վճարում ու վճարելու ուրկրաինացիները, դրսի ուժերի, կներեք, «տանձին» չէ։ Ուկրաինացիներն իրենք իրենց պետք է մեղադրեն։

Ի դեպ, նույն դրսի ուժերին, որոնք մեր տարածաշրջանում աշխատում են Թուրքիայի միջոցով, նույնպես չի հետաքրքրում, թե ինչ գին է վճարելու հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի «ծռության» ու հակառուսական վեկտոր որդեգրելու դիմաց։ Այդ հարցը պետք է հայ ժողովրդին հետաքրքրի։ Եթե, իհարկե, վերջնականապես չենք կորցրել պետական անվտանգության զգացողությունը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը