Հարցազրույց

24.09.2019 16:30


Ես տեսնում եմ բռնապետության հաստատման նախադրյալներ. հոգեբանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Ես տեսնում եմ բռնապետության հաստատման նախադրյալներ. հոգեբանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

«Վարչապետն ինքնակայացման խնդիր ունի եւ փորձում է կայանալ ոչ թե արված գործով, այլ թշնամի փնտրելով եւ բոլորովին կապ չունի՝ լրագրողներն են, եկեղեցին է, նախկին պաշտոնյաներն են...Սա նոր երեւույթ չէ».-«Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Փաշինյանի ամերիկյան ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններին ասել է հոգեբան, «Մադաթյան հոգեբանական կենտրոն»-ի հիմնադիր Միհրդատ Մադաթյանը։

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով եկեղեցի –պետություն հարաբերություններին, հայտարարել էր. «Եթե պարզվի, որ հայ ժողովուրդն ուզում է Կառավարությունը մտնի եկեղեցու գործերի մեջ, ապա Կառավարությունը կքննարկի հայ ժողովրդի այդ պահանջը բավարարելու հարցն ու դրա գործնական հնարավորությունները»։ Նա նաեւ սպառնացել էր ԶԼՄ-ներին, դատարաններին՝ հայտարարելով.«Ասում ենք, որ ՀՀ-ում մամուլը պետք է լինի ազատ, մամուլի առաջին ռեակցիան ի՞նչ է՝ դե եկեք այս Կառավարության ողնաշարը ջարդենք։ Երբ ասում ենք դատարանները պետք է լինեն անկախ, չենք միջամտելու դատավարությանը, դատական համակարգի առաջին ռեակցիան ի՞նչ է. Եկեք այս կառավարության ոտքի տակը քանդենք։ Սա իրավիճակի սխալ ընկալում է, ես ուզում եմ բոլորին ասել, որ մեր ժպիտները թող ոչ ոք որպես թուլություն չընկալի, բոլոր նրանք, ովքեր այդպես են ընկալում, շատ փոշմանել են և շարունակելու են փոշմանել»։ Փաշինյանը ասել էր, որ եթե ասում են եկեղեցու ներքին կյանքի մեջ չեն մտնում և որոշ եկեղեցականներ եզրակացնում են, թե Կառավարությունը թույլ է և կարելի է քանդել այդ կառավարության «ոտքերի տակը», ապա նրանք շատ ուժեղ հակահարված կստանան ու ծնկի կբերվեն։

«Հիմա կտեսնենք, որ Ամուլսարի բնապահպաններն էլ կհայտարարվեն թշնամի, կհայտարարվի, որ նրանք աղմկում են, որ հեղափոխությունը փչացնեն»,-նկատեց հոգեբանը։

Միհրդատ Մադաթյանի խոսքով, թեեւ դե յուրե Փաշինյանն է երկրի ղեկավարը, բայց երկրի անվտանգության խնդիրների համատեքստում դժվար է նրա մասին խոսել. «Մարդուն, որը լավ չի պատկերացնում երկիրը, հայրենիքի գաղափարը, Արցախը, մարդուն, որն անպատեհ հայտարարություններ է անում, օրինակ. «Արցախը Հայաստանն է, եւ վերջ», որի համար վաղը մենք ենք պատասխան տալու, ես չեմ կարող վստահել երկրի անվտանգությունը։ Մեր անվտանգության երաշխավորները մեր զինվորներն են, մեր սպաներն են»։

Ըստ հոգեբանի, Փաշինյանի վերջին հանդիպումը զոհված զինծառայողների մայրերի հետ եւ այն փաստը, որ նա առաջնահերթությունը տալիս է Մարտի 1-ի զոհերին, նույն բանն է փաստում. «Երկրի ղեկավարը նման բան չի կարող անել, նա ժողովրդի ինչ-որ մասի ղեկավարն է, որը, այսօր կասկածելի է, թե մեծամասնությունն է, թե՞՝ ոչ»։

Ըստ հոգեբանի, Փաշինյանը շարժվում է իր արժեհամակարգով եւ շատ մղումների մեջ գուցե անկեղծ է. «Խնդիրն այն է, որ այդ մղումները որեւէ կերպ չեն համընկնում հայրենիքի արժեքների հետ։ Մենք տեսնում ենք մարդու, որն իր արժեհամակարգում շատ բաներ չունի եւ իմպուլսիվ կերով, հետեւողականորեն գնում է իր նպատակներին։ Ես այդ նպատակների մեջ տեսնում եմ Արցախի համար ոչ բարենպաստ պայմաններ, ես տեսնում եմ Ստամբուլյան կոնվենցիան, Ամուլսարի շահագործումը, որտեղ ակնհայտ շահադիտական մոտեցում կա, ես այդ նպատակների մեջ տեսնում եմ երկրորդ նախագահի կալանավորումը։ Սրանք նպատակներ են, որոնք երկրի ու հայրենիքի հետ որեւէ կապ չունեն»։

Հարցին, արդյոք այդ ամենը բռնապետություն հաստատելու միտման մասի՞ն է խոսում, հոգեբանը պատասխանեց. «Ինչո՞ւ միտում, ես տեսնում եմ բռնապետություն։ Բռնապետությունը էլ ո՞նց է լինում, եթե կա ժողովուրդ եւ կան հակահեղափոխականներ կան սեւեր ու սպիտակներ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո այդ նույն բանը չէ՞ր տեղի ունենում, ինչո՞ւ միտում, եթե այսօր մեր հերոսները դատվում են, երբ անմեղության կանխավարկած է խախտվում։ Այսօր բռնապետության հաստատման համար բառացիորեն բոլոր նախադրյալները կան»։

Այս խորագրի վերջին նյութերը