Քաղաքական

23.09.2019 16:10


Կա Նիկոլի Հայաստան, որտեղ եթե որևէ մեկը չի ուզում նրա կամքը կատարել, համարվում է դավադիր, հանցագործ, հայրենիքի դավաճան. Գառնիկ Իսագուլյան

Կա Նիկոլի Հայաստան, որտեղ եթե որևէ մեկը չի ուզում նրա կամքը կատարել, համարվում է դավադիր, հանցագործ, հայրենիքի դավաճան. Գառնիկ Իսագուլյան

Նախորդ իշխանության ժամանակ կար երեք Հայաստան. առաջինը իշխանությունների ներկայացրած Հայաստանն էր, որում ամեն ինչ լավ էր, երկրորդը` ընդդիմության ներկայացրած Հայաստանը, որում ամեն ինչ վատ էր, և երրորդը` իրական Հայաստանը, որում ապրում էինք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքով՝ թվում էր, թե Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղաշրջումից հետո իրավիճակը պետք է կանոնակարգվեր, բայց պարզվում է` այն ավելի վատացավ:

«Արդեն կա իրական Հայաստան, որտեղ մենք ապրում ենք, ամեն ինչ տեսնում ենք, ամեն ինչ շոշափում ենք, բայց չկա այլևս ընդդիմության և իշխանության Հայաստան: Կա Նիկոլի Հայաստան, որն արտացոլվում է իր միտինգների ելույթներում, որտեղ խոսում է ինչ-որ բաների մասին, և ամբոխը` ոչ ժողովուրդը, ոչինչ չի հասկանում, բայց մեկ է` ծափահարում է: Կա Նիկոլի Հայաստան, որտեղ եթե որևէ մեկը չի ուզում նրա կամքը կատարել, համարվում է դավադիր, հանցագործ, կոռուպցիոներ, հայրենիքի դավաճան: Ինչու եմ ասում` չկա իշխանությունների Հայաստան, որովհետև իշխանություններից ամեն մեկը Հայաստանը յուրովի է պատկերացնում»,-նշեց Իսագուլյանը:

Խոսելով նախագահի մասին, Իսագուլյանը հարց առաջադրեց՝ որևէ մեկը զգո՞ւմ է, որ կա ՀՀ նախագահ, որը Սահմանադրությամբ լիազորություններ ունի:

Իսագուլյանն անդրադարձավ նաև Արթուր Վանեցյանի` ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարվելուն և դրան հաջորդած հայտարարություններին. «Նիկոլ Փաշինյանն իր սկզբնական ռեյտինգի ապահովման համար որպես միջոց օգտագործում էր Արթուր Վանեցյանին և նրա ղեկավարած կառույցի գործառույթները: Այժմ Փաշինյանը փորձում է Վանեցյանին բոլոր ատյաններում պարսավել»:

Վերջինս տեղեկացրեց նաև, որ դիտել է Նիկոլ Փաշինյանի` ԱՄՆ-ում տված մամուլի ասուլիսը` փորձելով հասկանալ, թե ինչ է ուզում նա Հայաստանից ու ժողովրդից, բայց միայն մի բան է հասկացել` շուտով սկսվելու է նոր, մեծ հարձակում եկեղեցու նկատմամբ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը