Մեկնաբանություն

23.09.2019 14:46


Ե՞րբ Վանեցյանը նոր փակագծեր կբացի

Ե՞րբ Վանեցյանը նոր փակագծեր կբացի

Հպարտ քաղաքացիների ու պետբյուջեի հաշվին թանկարժեք ավիաթռիչքով ԱՄՆ–ում հայտնված Նիկոլ Փաշինյանը մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը՝ խիստ բացասական գնահատելով այն։

«Պարոն Վանեցյանն իր հայտարարության մեջ խոսել էր սպայի պատվի մասին, եւ այն, որ ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ, եւ լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար՝ հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ. դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա։ Հասկանում եք, չէ՞՝ դա ինչ է նշանակում, դա մոտավորապես կարող է նմանվել․․․ ես, իմիջիայլոց, չեմ իմացել, որ Վանեցյանի հայտարարությունը ծառայության կայքում է տեղադրվել, հետո հանվել է, բա, պիտի շարունակեր մնա՞լ։ Ինձ թվացել էր, թե հրամանագիրն ստորագրվել է, նոր է եղել հայտարարությունը։ Սպան այդպիսի բան անի՞, դա գիտե՞ք՝ ինչ է, դա նշանակում է՝ ուսադիրները գցել աղբամանը, որովհետեւ նման բան վերջին անգամ արել են 1991 թվականի պուտչիստները»,–մասնավորապես նշել է Փաշինյանը։

Վանեցյանի պատասխանը Փաշինյանին ոչ պակաս կոշտ էր։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։ Չնայած իմ հրաժարականից հետո նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները և հանդես գալիս անհասկանալի, ըստ էության՝ ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով։ Ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատև ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու... ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում»,–մասնավորապես ասել է Վանեցյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վանեցյանը հայտարարել էր, որ Փաշինյանը տարերային ու հախուռն որոշումներ կայացնող է, առաջնայինը չի տարբերում երկրորդականից։ Սա, ըստ էության, նշանակում է, որ Փաշինյանն, ըստ Վանեցյանի, հոգեկան առումով խնդիրներ ունի և նա անհամատեղելի է պետության ղեկավարի պաշտոնի հետ։ Այսինքն՝ Վանեցյանը յուրօրինակ փակագիծ էր բացել։

Այս անգամ նա սպառնում է նոր փակագիծ բացել։ Դա, ամենայն հավանականությամբ, արդեն կվերաբերի ոչ թե Փաշինյանի հոգեկան առողջության թեմային, այլ նրա ներքին ու արտաքին քաղաքականությանը։

Թե երբ նա կբացի երկրորդ փակագիծը, կախված է քաղաքական զարգացումների արագությունից։ Իսկ արագությունը բավական բարձր է։

Ամեն դեպքում արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյան–Արթուր Վանեցյան հակադրությունից տուժողը միայն «ժողովրդի» վարչապետն է լինելու։

Վանեցյանն ինֆորմացված մարդ է, և եթե խոսի, ապա Փաշինյանի հեղափոխական իմիջից միայն բմբուլները կարող են մնալ։ Որքան շուտ խոսի Վանեցյանը և փակագծեր բացի, այնքան լավ իր և այնքան վատ Նիկոլի համար։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը