Քաղաքական

28.04.2010 14:57


Աղվան Վարդանյան. «Հիմնականը ղարաբաղյան հարցն է, և ուժերը պետք է կենտրոնացնել այդ ուղղությամբ»

Աղվան Վարդանյան. «Հիմնականը ղարաբաղյան հարցն է, և ուժերը պետք է կենտրոնացնել այդ ուղղությամբ»

-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս գործընթացը Թուրքիային հնարավորություն տվեց փորձելու բացահայտ կողմ դառնալ և՛ արցախյան հարցում, և՛ տարածաշրջանի խնդիրներում,-ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանն ու ընդգծել, թե  մինչ այդ էլ Թուրքիան հնարավոր բոլոր տեղերում փորձում էր պաշտպանել Ադրբեջանի շահերը, բայց երբեք դա հրապարակավ այսքան բացահայտ չէր անում։

Բանախոսի գնահատմամբ՝ այս ընթացքում հայությունը որոշակիորեն պառակտվեց. «Եվ սա դեռևս վերջնականապես ապաքինված չէ, ու դեռ էլի փորձեր են լինելու այդ պառակտումը խորացնելու, և այդ պառակտման վրա այլոց կողմից օգուտներ քաղելու փորձեր»։

Ա. Վարդանյանն ասել է, թե շուրջ 1,5 տարի հասարակության ուշադրությունը սևեռվել է այդ հարցերի վրա, և ներքին խնդիրներին անդրադառնալու, ինչպես նաև կառավարության ու ՀՀ նախագահի ծրագրում դրված հիմնական հարցերը մնացին չլուծված։

ՀՅԴ Բյուրոյի անդամի կարծիքով՝ արտաքին ճակատում ունենք մեկ հիմնական խնդիր և մեկ ածանցյալ։ Հիմնականը ղարաբաղյան հարցն է, և ուժերը պետք է կենտրոնացնել այդ ուղղությամբ.

-Բայց նաև Հայաստանը պիտի շարունակի զուտ սահմանի հարցով միջազգային ճնշում բանեցնել Թուրքիայի վրա, որովհետև, ի վերջո, սա միակ փակ սահմանն է Եվրոպայում, և առանց  որևէ արձանագրության ու փաստաթղթի էլ, բնական է, նորմալն այն է, որ փակ սահմաններ չպետք է լինեն։ Անկախ մեռած արձանագրություններից՝ այս թեման պետք է մնա Հայաստանի քաղաքական օրակարգում։

Այդուհանդերձ, Ա. Վարդանյանն ասել է, թե այժմ ժամանակ կա դեմքով շրջվելու դեպի ներքին կյանք և անելու այն, ինչ դեռևս 2-3 տարի առաջ ասված էր նախագահի ու կառավարության ծրագրերում։

-Եթե մինչև հաջորդ համապետական ընտրություններ իսկապես էական քայլեր չարվեն, ապա արժանապատիվ, ուժեղ Հայաստանի տեսլականը շատ ավելի կհեռանա,-նշել է Աղվան Վարդանյանը։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը