Կարծիք

22.09.2019 11:23


Զոոլոգիական բուրժուազիայի տոնը

Զոոլոգիական բուրժուազիայի տոնը

Սովետական տարիներից, ապա հետսովետական անկախության շրջանում, հիմա էլ նրանք, ովքեր պնդում են, թե Հայաստանը Ռուսաստանի գաղութ է, նրանք, որ կրկնում են՝ անկախությունը բացարձակ արժեք է, մի խոսքով՝ անկախության ու ինքնիշխանության նվիրյալները, երազում են, որ Հայաստանը դառնա Եվրամիության անդամ, այսինքն՝ որ Հայաստանը լինի շատ ավելի քիչ անկախ, քան այժմ է, օրինակ՝ հրաժարվի սեփական արժույթից ու անցնի եվրոյի։

Այսպիսով հարց է առաջանում, թե ինչի՞ համար է անկախությունը, եթե մարդկանց բարեկեցության, ապա Սովետի ժամանակ մեծամասնությունը շատ ավելի բարեկեցիկ էր, քան անկախության տարիներին՝ բնակչության թիվը աճում էր, մահացությունը շատ ավելի քիչ էր և այլն։

Եթե մշակույթի, ապա սովետական տարիներին հայ մշակույթը անհամեմատ լավ վիճակում էր, առաջավոր դիրքերում. համաշխարհային մակարդակի բալետ և օպերա, Սովետով մեկ հռչակ ձեռքբերած երաժշտական արվեստ, կերպարվեստ, գրականություն, կինո և այլն։ Անկախության ամբողջ 28 տարիներին «Պեպոյի» կամ «Մենք ենք մեր սարերի» մակարդակի ֆիլմ չեն կարողացել նկարել։

Ուրեմն, հարց՝ ո՞րն է առաջնայինը՝ անկախությո՞ւնը, թե՞ հասարակարգը։

1991-ին Հայաստանի անկախության գաղափարախոսությունը ազատականությունն էր, զավեշտալի բան՝ ազգը որպես հավաքական գաղափար անկախանում է հանուն մի ֆորմացիայի, որի գաղափարախոսությունը էգոիզմն էր՝ հակահավաքականությունը, հակաընկերայնությունը։ Մի հարց մնում է՝ պետական տնտեսական բոլոր ձևերից հրաժարվելը և ամեն ինչ մասնավորեցնելը, քաղաքակրթական որա՞կ է, որը ի զորու չէ արդյունավետ պետական ձեռնարկություն աշխատեցնել, մի խոսքով՝ եթե մեջը քյար չկա, ուրեմն, հայաստանցին էնտեղ գործ չունի անելու, թե՞ միայն գաղափարախոսության հետևանք։ Ինչո՞ւ եմ այս հարցը տալիս, քանի որ Սովետում էլ ընկերվարությունը տարբեր էր, օրինակ՝ Ռուաստանում կամ Բելառուսում պետական ունեցվածքի այն աստիճան թալան չկար, ուղղակի համեմատելու չէր, ինչպես Հայաստանում էր՝ վկա երկրաշարժից ավերված շենքերը։ Թեև այսօրվա Հայաստանում ամենաորակյալ տրանսպորտը պետական է՝ մետրոն և երկաթուղին (այս մեկը ռուսական կառավարմամբ)։

Ինչևէ, ազատականության արդյունքում ձևավորվեց մեծահարուստ բուրժուական փոքրամասնություն և 100 հազարներով աղքատացած մեծամասնություն։
Եվ եթե չլիներ Արցախյան գաղափարը, որ ինչ-որ չափով զսպում էր էգոիզմը, այսինքն՝ որ ամեն ինչ չյուրացնեին և իրենցով չանեին, ինչ-որ բան էլ ստիպված թողնեին պաշտպանությանը, այն բնագավառին՝ բանակին, որը պրիվատիզացիայի ենթակա չէր, ուրեմն եթե չլիներ Արցախի հարցը, ապա Հայաստանը մինչև վերջ հոշոտել էին, տակը բան չէր մնացել։ Ահա, թե ինչու ազատականների մի ստվար մասը օր առաջ ուզում է ազատվել Արցախից, որ էգոզիմի արգելակները լրիվ վերանան։

Հենց ազատականության բերած անարդարություններն էլ ազատական նոր սերունդը օգտագործելով՝ 2018-ի հեղափոխություն արեց, և եկավ խորացնելու անարդարությունները՝ վկա պրոգրեսիվ եկամտահարակի վերացումը, առանց սոցիալական խնդիրները լուծելու հազարավոր մարդկանց աշխատանքից հեռացնելը և այլն, ու իրենց գաղափարախության պատճառով աղքատացած մարդկանց սկսեցին մեղադրել, թե դուք եք մեղավոր, որ աղքատ եք, ձեր գլխում է աղքատությունը, և իրենց օրինակն են բերում, թե ինչպես խաբելով, զրպարտելով հաջողության են հասել։ Ուրեմն, նրանց համար, եթե ֆիզիկոսը կամ գրողը չեն գցում, խաբում ու արդյունքում աղքատանում են, ուրեմն իրենք են մեղավորը։

Ինչևէ, հարց է առաջացնում՝ ո՞րն է ավելի կարևոր, անկախությո՞ւնը, թե՞ հասարակարգը, թե՞ և՛ մեկը, և՛ մյուսը, և եթե անկախության են ձգտում, արդյոք տեղին չէ՞ հարցը՝ ինչպիսի՞ անկախություն։

Եթե ասում են՝ անկախությունը բացարձակ արժեք է, երկիրը միայն անկախ լինի, հեչ կարևոր չի, թե ինչպիսին կլինի, թե ինչքան մարդ սովից կկոտորվի, թե մշակութային օջախները առևտրի կետեր կդառնան, ապա նրանց պատասխանում է հայ կոմունիստ բանաստեղծ Վահան Տերյանը՝ որ բուրժուազիայի երազած անկախությունը դիակ է։ Այդ անկախականներին Տերյանը անվանում է «զոոլոգիական ազգասեր բուրժուա ինտելիգենտ»։

Մինչև հիմա, սեպետմբերի 21 նշողները չեն փորձել հետադարձ քննադատական գնահատել ազատական գաղափարախոսության բերած ավերները։
Եթե քննադատական այս հայացքը չկա, ուրեմն, սեպտեմբերի 21-ը լիբերալ-անկախության տոնն է, այսինքն՝ ոչ բոլորինը, նրանցը, ովքեր հաջողության են հասել, հարստացել են, իշխանություն են ունեցել և ունեն։ Ուրեմն, այն չի դառնում ամբողջ բնակչության տոնը։ Չէ՞ որ հազարավոր մարդիկ կարոտով են հիշում սովետական օրերը, անվանում դրանք՝ այն լավ օրերը, այսինքն այն երկիրն են կարոտում, որից անջատվելն են նշում մյուսները։

Իհարկե, հետզհետե սովետական հիշողություն ունեցողները նվազում են և նոր սերունդները այլևս տեղյակ էլ չեն լինում, որ կարող էր լինել ավելի հավասար և արդար հասարակություն, ու միանում են զոոլոգիական բուրժուազիայի տոնին։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը