Կարծիք

21.09.2019 13:35


Պոպուլիստի գործելաոճն է՝ խոստանալ ու չանել

Պոպուլիստի գործելաոճն է՝ խոստանալ ու չանել

Քանզի Ամուլսարի հարցը օրակարգ բերեց ընդհանրապես հանքարդյունաբերության հետ կապված բոլոր խնդիրները, այդ իսկ պատճառով ուզում եմ որոշ մտորումներով կիսվել ձեզ հետ:

Այդ խնդիրների բնապահպանական ու տնտեսական կողմերին արդեն անդրադարձել եմ, հիմա ուզում եմ անդրադարձ կատարել դրանց իրավական կողմի վրա, որը, բնականաբար, փոխկապակցված է և՛ տնտեսականի, և՛ բնապահպանականի հետ:

Նախ սկսեմ այնտեղից, որ կան, այսպես կոչված, բնական իրավունքներ, որոնք վերաբերվում են բոլոր մարդկանց անխտիր, դրանցից են, օրինակ, կյանքի իրավունքը, անձեռնմխելիության իրավունքը, առողջության իրավունքը, ամուսնության իրավունքը, արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը և այլն: Բայց կան իրավունքներ, որոնցով մարդ օժտվում է, երբ ստանում է ինչ-որ իրավական կարգավիճակ, օրինակ՝ քաղաքացու կարգավիճակ:

Իսկ ի՞նչ է նշանակում քաղաքացի. քաղաքացին պետության ինքնիշխան տերն է, այսինքն պետությունը կազմակերպություն է, որը պատկանում է քաղաքացիներին: Քաղաքացիները իրենց այդ ընդհանուր կազմակերպության հետ փոխհարաբերվում են Սահմանադրության ու օրենքների միջոցով, ըստ որի սահմանվում են միմյանց իրավունքներն ու պարտականությունները, կամ, ավելի կոնկրետ, Սահմանադրությունն ու օրենքները քաղաքացիների՝ միմյանց նկատմամբ ունեցած իրավունքների ու պատականությունների հանրագումարն են, իսկ այդ իրավունքների ու պարտականությունների իրացման մեխանիզմը ապահովում է կազմակերպությունը, որը կոչվում է պետություն:

Էպիկուրը ժամանակին ասում էր, որ բնական իրավունքը միմյանց չվնասելու մարդկանց միջև եղած «պայմանագիրն» է, դա, իհարկե, այդպես է, բայց երբ մարդիկ խմբավորվում են ու ստեղծում են իրենց միասնական կազմակերպությունը, որը պետություն է կոչվում, դրանով իսկ նրանք չեն սահմանափակվում միայն բնական իրավունքները պաշտպանելով, այսինքն միմյանց չվնասելով, այլ նաև նոր «պայմանագիր» են կնքում՝ այս անգամ արդեն չվնասելուց բացի՝ միմյանց օգնելու նպատակով նաև, ահա սա է քաղաքացի լինելու առավելությունը քաղաքացի չլինելուց։ Հետևաբար քաղաքացի լինելը արդեն իսկ օժտում է անհատներին հավելյալ իրավունքներով, այդ թվում նաև իրենց սուվերենության տակ գտնվող տարածքների ընդերքում եղած օգտակար հանածոների սեփականատերը լինելու իրավունքով: Մեր՝ ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքը, արդեն իսկ մեր ընդերքի, հողի, ջրի, օդի, ճանապարհների, էներգետիկ և ՏՏ ենթակառուցվածքների սեփականատերը լինելու իրավունքով է օժտում: Իհարկե դա չի նշանակում, որ այդ ամենը մենք ինքներս պետական ձեռնարկությունների միջոցով պիտի շահագործենք, մենք կարող ենք այդ նպատակներով, համապատասխան փոխշահավետ պայմանագրերով, նաև մասնավոր ընկերություններ ներգրավել, այնպես որ թող տպավորություն չստեղծվի, թե ես հիմա սոցիալիստական կացութաձևի քարոզ եմ անում այստեղ, սակայն մենք ազգ ենք և պատասխանատու ենք ոչ միայն միմյանց անվտանգությունը ապահովելու համար, այլ նաև միմյանց սոցիալական վիճակի համար, որն էլ մեզ պարտավորեցնում է մեր իսկ սեփականությունը հանդիսացող ռեսուրսները մեկս մյուսից չգողանալ ու հավասար կերպով բախշել բոլորիս միջև:

Այս ամբողջը գրում եմ նախ այն պատճառով, որ որոշ շրջանակների կողմից ակտիվորեն մանիպուլյացիաներ են արվում առ այն, որ եթե մեր Սահմանադրության մեջ գրված է, թե մեր ընդերքում եղած օգտակար հանածոները պետական սեփականություն են, ապա դրանով իսկ դրանք դադարում են մեր ազգային սեփականությունը համարվել, ու դրա համար, իբրև թե, պիտի Սահմանադրությունը փոխվի և այնտեղ գրվի այն՝ ինչը որ գրված է Անկախության Հռչակագրում:

Այս ամենը գրում եմ նաև այն պատճառով, որպեսզի հասկանալի լինի, որ Հայաստանի հանքերը շահագործող իրավաբանական սուբյեկտների ու նրանց ետևում կանգնած ֆիզիկական անձերի ինքնությունը, ինչպես նաև պետության հետ նրանց կնքած պայմանագրերի պատճեները՝ ամենայն մանրամասներով, պիտի վերջապես հասու լինեն մեր ժողովրդին, քանզի նրանք մեր իսկ սեփականությունը հանդիսացող հանքերն են շահագործում, ու պարտավոր են մեզ տրամադրել բոլոր տեղեկությունները իրենց իրական շահույթների մասին:

Թավշյա պոպուլիստ կառավարությունը այս հարցում նույնպես խաբեց մեզ, երբ հայտարարեց, որ բոլոր իրական շահագործողների ցուցակը անուն առ անուն կհրապարակվի, բայց այդպես էլ չհրապարակեց: Ժամանակը հասունացել է. եկեք պահանջենք և լինենք վերջապես տերը մեր երկրի ու մեր ազգային հարստության:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ Politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը