Տնտեսական

11.03.2009 19:06


Ախորժակը բացվում է ուտելու ժամանակ կամ ինչպես զսպել ներկրողների ախորժակը

Ախորժակը բացվում է ուտելու ժամանակ կամ ինչպես զսպել ներկրողների ախորժակը

Կառավարությունը չի լսել նաև «Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանին. վերջինը պնդում է, որ վաղուց և բազմիցս են ահազանգել դրամի արհեստական արժևորման արատավոր հետևանքների մասին և զգուշացրել տեղական արտադրության կրճատման վտանգի մասին։ Սակայն, զգուշացումներն անարձագանք են մնացել և այսօր ունենք այն, ինչ ունենք։

-Անցած տարվա արդյունքում Հայաստան ներկրվող ապրանքները 4,4 մլրդ. դոլարից ավելի կազմեցին, իսկ արտահանվող ապրանքները՝ 1 մլրդ. դոլարից ավելի։ Մենք արտահանման ծավալների անկում ենք ունեցել, իսկ ներկրման ծավալները գերազանցել են 35%-ը։ Դրամի այսօրվա թուլացումը, բնականաբար, կնպաստի տեղական արտադրության զարգացմանը, բայց միայն դա դեռ քիչ է։ Պետությունը պետք է փոխի իր ռազմավարությունը և տեղական արտադրության նկատմամբ ցուցաբերի հոգատար վերաբերմունք։

Ըստ Վազգեն Սաֆարյանի, այսօր շատերը շփոթում են ազատականությունը և ազատ շուկայական տնտեսությունը։ Բերելով ԱՄՆ-ի օրինակը՝ Վազգեն Սաֆարյանն ասում է, որ ազատ շուկայական տնտեսություններին բնորոշ են ճգնաժամերը, հետևաբար և պետք է «պետությունը որդեգրի ազատականության ռազմավարությունը»։

-Վերջին 2 տասնամյակի ընթացքում Հայաստանն ընթացել է ազատ շուկայական տնետեսության շոկային թերապիայի ճանապարհով և այժմ հարկավոր է, որ պետությունն ընդունի «Արդյունաբերության մասին» օրենք, փոխի տնտեսական քաղաքականությունը և աջակցի շահութաբեր տեղական ձեռնարկություններին։

«Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահի խոսքերով, «ներկրողներն անբարեխիղճ են գտնվել և, օգտվելով պետության թողտվությունից, ապրանք արտադրելու փոխարեն, նախընտրել են դրանք ներկրել»։

-Ինչու՞ 5 տարի է Գյումրիում կառուցվում է շաքարավազի գործարան և այդպես էլ շահագործման չի հանձնվում։ Ինչու՞ հացահատիկի արտադրության ծավալները նախորդ տարվա համեմատ կրճատվել են։ Կարծում եմ, որ շտապ միջոցառումների ձեռնարկման արդյունքում հնարավոր կլինի 1,5 անգամ արտահանումն ավելացնել և 2 անգամ կրճատել ներկրումը,- ասում է Վազգեն Սաֆարյանը։

Վերջինը համոզված է նաև, որ գազի գինը կարելի էր չբարձրացնել։

- Պետք չէր ապահովել 10% շահույթ, թող լիներ 3%։ Բայց դրանով մենք կկարողանային զսպել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը և կանխել թանկացումների շղթայական ռեակցիան,- ասում է նա։

«Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահի խոսքերով իշխանությունը պետք է կարողանա գերշահույթ ստացողների ախորժակը մեղմել։ «Ախորժակը բացվում է ուտելու ժամանակ» հայտնի արտահայտությունը հիշելով՝ Վազգեն Սաֆարյանն ընդգծում է, որ նույնիսկ ճգնաժամի պայմաններում գերշահույթ ստացողները շաքարավազի և այլ ապրանքների գները կրկին բարձրացրին։

Ստեղված իրավիճակի ելքը «Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահը տեսնում է նաև հետևյալում՝«մի շարք ստրատեգիական նշանակության ապրանքներ պետությունն ինքը պետք է ներկրի և հանրապետության նախագահն իր շուրջը պետք է համախմբի պետական շահի գերակայության մտածելակերպ ունեցող մարդկանց»։

Այս խորագրի վերջին նյութերը