Մեկնաբանություն

21.09.2019 09:58


Վերվարածը և վնգստացողները

Վերվարածը և վնգստացողները

Գյումրիից վերվարած ու վարչապետի կաբինետում հայտնված Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ կան դատավորներ, որոնք գործադիր իշխանության դռան տակ վնգստում են՝ սպասելով հրահանգի։

Երեկ պարզվեց, թե ով է վնգստացող դատավորներից հերթականը։ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը չփոխելու որոշում կայացրեց Աննա Դանիբեկյանը։ Իսկ վնգստացող է Աննան, քանզի գործադիր իշխանության ու անձամբ վարչապետի սրտի ցանկությունն է կատարել։

Փաստաբան Հայկ Ալումյանն, ի դեպ, փորձեց տեղում պարզել, թե արդյոք տիկինն իրեն վնգստացող դատավոր համարո՞ւմ է, թե՞ ոչ։ Աննան վիրավորվեց այդ հարցից, բայց դա ընտրովի վիրավորվածություն է, քանզի Դանիբեկյանն ու իր վնգստացող կոլեգաները չեն վիրավորվում Նիկոլի և ԲԴԽ ղեկավարի «վնգստալի» ձևակերպումներից։

Ինչ մնում է մյուս վնգստացողներին, ապա Աննայից առաջ ինքնաբացահայտվել էին Նիկոլի սրտի դատավոր Վաչե Մարգարյանը՝ հայտնի «Հրաչը», այն «Հրաչը», որի հետ իր խոսակցությունն էր պատմում ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանը Սասուն Խաչատրյանի հետ հեռախոսային շփման ժամանակ։

Գաղտնալսումներից պարզ դարձավ, որ Վանեցյանը «Հրաչին» ասել է՝ Ռ. Քոչարյանի «գործի» հիմքերը նայի, բայց կալանքը ուզես–չուզես պետք է տաս։

Դատելով ամենից՝ Վաչե Մարգարյանը՝ «Հրաչը», ոչ թե հիմքերն է նայել, այլ վնգստացել է գործադիր իշխանության դռան տակ ու Քոչարյանի կալանքի որոշումը տվել։

Մյուս վնգստացողը տխրահռչակ Արմեն Դանիելյանն է։ Սա մի այլ կարգի վնգստացող է։ Սա վնգստացել է միշտ՝ ինչպես նախորդ իշխանությունների օրոք, այնպես էլ հիմա։ Բայց եթե նախկինները սրան պահում էին որպես «սև» գործերի դակիչ ու առանձնապես «ռասկրուտկա» չէին անում, ապա վերվարած «թավշյա» առաջնորդն Արմենի պեսներին հանել է «մեյդան» և ցույց է տալիս, թե որն է իր պատկերացրած դատավորի տեսակը։

Վերվարածին միայն վնգստացող դատավորներ են պետք, որ հեռախոսային արդարադատություն իրականացնեն։ Իսկ դա նշանակում է, որ անխուսափելի իշխանափոխության դեպքում այլ ուղղությամբ վերվարած է դառնալու ոչ միայն Նիկոլը, այլ նաև իր դռան տակ վնգստացող դատավորների խմբակը (չհաշված դատախազության ու ՀՔԾ–ի մյուս վնգստացողներին)։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը